ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության որոշմամբ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում քաղաքացիները կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից։

 

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցությունից

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի եւ հարկերի մասնակի փոխհատուցում կտրվի ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթեւ մարդատար տրանսպորտային միջոց եւ դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում դրանք կմաքսազերծեն Հայաստանում:

Որքա՞ն է փոխհատուցման չափը

Մինչեւ 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 40%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 60%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է մնացած 40%-ը։ Հինգ տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 70%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 30%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է գումարի մնացած 70%-ը։

Ինչպե՞ս իրականացնել մաքսազերծումը

Մաքսային ձեւակերպումներն իրականացնելու համար, 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած, շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):

Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը եւ, առկայության դեպքում, տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

 

 

 

ԲՅՈՒՋԵՆ ՈՒ ԱՆՄԻՏ ԾԱԽՍԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 26-ին Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստում քննարկվելու է 2024 թվականի Երեւան քաղաքի բյուջեի նախագիծը։

Գաղտնիք չէ, որ քաղաքական իշխանությունները հազիվհազ ձայն մուրալով եկան եւ դարձան քաղաքագլուխ, իսկ այժմ ունեն լուրջ խնդիրներ՝ կապված քաղաքի բյուջեի հետ։

Ըստ ներկայացված նախագծի՝ Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեն չի բավականացնում քաղաքի կարիքները հոգալու համար։ Բյուջեի նախագծով կանխատեսվում է եկամուտների գծով 96 մլրդ 654 մլն դրամ, ծախսերի գծով՝ 96 մլրդ 932 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 278 մլն 452 հազ. դրամ։

Հավելենք նաեւ, որ հիմք ընդունելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ նախագծով ծրագրվել են 10 մլրդ 125 մլն 186 հազ. դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ։

Այդ դրամաշնորհը տրամադրվելու է Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ բնապահպանական գործընկերության աջակցությամբ՝ իրականացնելու «Երեւանի 10 էներգաարդյունավետության» ծրագիրը։ Քաղաքի բյուջեից կարելի է մաղել բոլոր հնարավոր ոչ պետքական ծախսերը եւ ուշադրություն դարձնել ավելի առաջնային խնդիրների։

 

 

 

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի «Սրտից սիրտ» ակցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար հավաքագրված մարդասիրական օգնությունը Մոսկվայից ուղարկվել է Հայաստան։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ «ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ աջակցությունը հավաքվել է՝ Ռուսաստանի հայերի միության կողմից օմբուդսմենին ուղղված դիմումի համաձայն, «Մոլորակ», «Վերածնունդ եւ հույս» հիմնադրամների եւ Ժողովրդական ճակատի աջակցությամբ։

«Մարդասիրական օգնությունն այն մարդկանց համար է, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում՝ Լեռնային Ղարաբաղից գալով Գյումրի, Երեւան։ Ներառված են անկողնային պարագաներ, ներքնակներ, հիգիենայի պարագաներ երեխաների համար, որոշակի կենցաղային տեխնիկա, պահածոյացված շոգեխաշած միս, բացվող մահճակալներ։ Կարծում եմ՝ այս ամենն օգտակար կլինի», – ասել է Մոսկալկովան։

Բացի այդ, նա հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու ամանորյա միջոցառումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղից երեխաների համար, եթե նրանք գնան Ռուսաստան։

«Որովհետեւ մարդու իրավունքները եւ գթասրտության առաքելությունն անքակտելիորեն կապված հասկացություններ են», – հավելել է Մոսկալկովան:

 

 

 




Լրահոս