Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, նաեւ նախագահի թեկնածու Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման եւ ճնշումներ գործադրել նրա վրա: Այս մասին ասվում է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարության մեջ: «Այդ կապակցությամբ առաջարկում ենք հետաձգել ԱԺ-ի մոտակա քառօրյայում նախատեսվող՝ հանձնաժողովի անդամների ընտրությունը եւ կազմակերպել հանրային լսումներ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների ներկայացուցիչների, այդ թվում` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդամների հետ»,- պահանջել են քաղհասարակության ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել վերջերս կայացած այդ դռնփակ նիստից: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ նիստի ընթացքում հնչել է 5 հարց: Ագրեսիվ են եղել հատկապես հարցի հնարավորություն ունեցած 2 պատգամավորները՝ Արսեն Թորոսյանը եւ Տրդատ Սարգսյանը, քանի որ երկուսն էլ ունեցել են անձնական հարցեր: Բանն այն է, որ 2020թ. օգոստոսի 6-ին ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման հինգ պայմանագիր էր կնքել «Միբս» ընկերության հետ 124 մլն դրամի շրջանակներում, որի տնօրենը նախարարի կինն էր, իսկ մինչ այդ՝ հենց ինքը՝ Արսեն Թորոսյանը։ Իհարկե, հետո ԿԿՀ-ն տվել էր եզրակացություն, որ շահերի բախում չկա, սակայն Հայկուհի Հարությունյանը դեմ էր քվեարկել այդ որոշմանը: Նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում շահերի բախման իրավիճակը բացակայում է, իսկ Տրդատ Սարգսյանը Հայկուհի Հարությունյանի հետ խնդիր է ունեցել հարազատ եղբոր գործով: Բանն այն է, որ ԿԿՀ-ն դատավորի թեկնածու առաջադրված Դավիթ Սարգսյանի մասով տվել է բարեվարքության բացասական գնահատական: Իհարկե, ԲԴԽ-ն, հաշվի չառնելով այդ գնահատականը, պատգամավորի եղբորը այս տարվա սեպտեմբերի 22-ին նշանակել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, բայց ՔՊ պատգամավորը հաշիվ է պահանջել Հայկուհի Հարությունյանից, թե ինչու է վատ եզրակացություն տվել իր եղբոր մասով: Ավելին՝ տեղեկացանք, որ մինչեւ դատավորի թեկնածու դառնալը ՔՊ պատգամավորի եղբայր Դավիթ Սարգսյանը ցանկացել է դառնալ հենց ԿԿՀ հանձնաժողովի անդամ, սակայն նրա թեկնածությունը մերժվել է ներսում: Հայկուհի Հարությունյանին քննադատական հարցեր է ուղղել նաեւ Արսեն Թորոսյանի մտերիմ Մարիա Կարապետյանը, իսկ Վլադիմիր Վարդանյանը իր ոճի մեջ հա՛մ գովել է, հա՛մ խայթել: Իհարկե, ՔՊ-ական պատգամավորներից, ինչպես նաեւ Հայկուհի Հարությունյանից մեկնաբանություններ ստանալու ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:
Նիկոլ Փաշինյանի իշխանության երիտթեւը հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն փչացնում է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջեւ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ Ռուսական կողմն էլ ընդունել է հրավերը, եւ դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ հեռահաղորդակցման ոլորտի միջպետական համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։ Իհարկե, թվում է, թե ՀՀ իշխանությունը ՀՀ սուվերենության համար լուրջ ջանքեր է գործադրում, սակայն իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսական հեռուստաալիքների վրա «բարկացել է» հոկտեմբերի 23-ին ՌԴ առաջին ալիքով հեռարձակված մի հաղորդումից, որտեղ կոշտ քննադատվեց Նիկոլ Փաշինյանը, եւ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանն էլ այդ օրը հայտարարեց, որ Փաշինյանը իր հետեւից միշտ արյան հետքեր է թողնում: Իսկ ո՞վ է ՌԴ հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը. նա 2008 թվականի շարժման օրերին ակտիվիստ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը: Երբ պայքարը հաջողությամբ չպսակվեց, Ավետ Պողոսյանը արտագաղթեց ԱՄՆ եւ այնտեղ, ըստ մամուլի հրապարակումների, տաքսի է վարել: Այսինքն՝ տաքսու նախկին վարորդը պետք է այսօր վճռի հայ-ռուսական հարաբերությունները հեռահաղորդակցության ոլորտում: Ի դեպ, նույն Ավետ Պողոսյանի քաղաքական կուռքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանին որակել է որպես ազգակործան պատուհաս:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագծին, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար: Այսինքն՝ այսօր կայանալիք ԱԺ լիագումար նիստի ժամանակ ԱԺ պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը մտնում է լիագումար նիստերի օրակարգ, քննարկվելու է ԱԺ նիստի ժամանակ, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինելու այսօվանից մեկնակող ԱԺ նիստերին եւ դեմ քվեարկելու «ՀայաՔվե»-ի նախագծին, որպեսզի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չմտնի: Այն մասին, թե ինչ է լինելու նախագծի հետ, ինչ են պատրաստվում անել «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի անդամները, մեզ ասացին, որ դեռ որոշում չունեն: Իրավական այս ճանապարհը խորհրդարանում սպառվեց, պետք է այլ՝ հանրաքվեի տանող ճանապարհով թերեւս գնալ:
ՔՊ-ն որոշել է ակտիվացնել կուսակցության մարզային խմբերը: Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կուսակցությունը, բացի վարչության եւ նախաձեռնող խմբի հերթական նիստերից, շաբաթ օրերին նախաձեռնող խմբի նիստ է անում նաեւ մարզերում: Նոյեմբերի 25-ին կուսակցությունը վարչության նիստ էր արել Արմավիրի մարզում, իսկ անցած շաբաթ էլ՝ դեկտեմբերի 2-ին՝ Հրազդան քաղաքում: Մարզային նիստերին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, կուսակցության վարչության անդամները, մարզպետները եւ կուսակցության մարզային ակտիվը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ականներից տեղեկացավ, որ վարչությունն է որոշում կայացրել նախաձեռնող խմբի նիստեր անցկացնել մարզերում: Ինչպես մեզ փոխանցեցին, մարզային ակտիվից պարբերաբար դժգոհություններ են եղել, որ ցանկանում են մասնակցել նախաձեռնող խմբի նիստերին, բայց չեն կարողանում. նախ՝ տեղափոխվելն է իրենց համար խնդիր, բացի դա, ՔՊ կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակը փոքր է, այս պահին դեռ վերանորոգումներ են այդտեղ ընթանում, շատ մարդ չի տեղավորվում: Ահա այս պատճառով ՔՊ-ականները որոշել են փոխզիջման գնալ, այցելել մարզեր, այնտեղ նիստեր անցկացնել, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա: