ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՎ «ՀԱՅԱՔՎԵ»-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ երեկ ԱԺ-ի շենքի մոտ տեղի էր ունենում «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցների բողոքի ցույցը։

 

Նրանք պահանջում էին Ազգային ժողովից ընդունել Արցախի հանձնումը քրեականացնող օրինագիծ, որն այս պահին քննարկվում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել նախաձեռնության անդամ, նախկին պատգամավոր Աննա Կոստանյանին։

-Տիկի՛ն Կոստանյան, երեկ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը քննվեց գլխադասային հանձնաժողովում, այսօր արդեն կմտնի լիագումար նիստերի օրակարգ: Ի՞նչ սպասումներ ունեք: Դատելով իշխանությունների հնչեցրած հայտարարություններից՝ ի՞նչ կարող ենք արձանագրել:

-Ի սկզբանե, երբ որ նախաձեռնությունը մեկնարկում էինք, մենք արդեն  կանխատեսումներ ունեինք, որ, բնականաբար, օրվա իշխանությունը այս նախագծով իր գլխին գիլիոտին չի բերելու, իր վիզն ու թեւը կտրի: Բնական է, որ պետք է մերժեին: Հետեւաբար մեծ ակնկալիքներ ո՛չ հանձնաժողովի նիստերից, ո՛չ լիագումար նիստերի օրակարգից չկան: Այս նախաձեռնության տրամաբանությունը կայանում է նրանում, որ 58000 քաղաքացիներ (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված 50000-ը), որոնք եկել են եւ իրենց ստորագրությամբ դիրքորոշում են հայտնել Արցախը Ադրբեջանի կամ որեւէ այլ պետության կազմում չճանաչելու եւ ցեղասպանության պահանջատիրությունից չհրաժարվելու  նկատմամբ, իրենց դիրքորոշմամբ ասում են, որ 58000 քաղաքացու ստորագրությունը 2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ծանրակշիռ թիվ չէ, որպեսզի իշխանությունը մատերի արանքով կամ այսպես ասված կրավորական կեցվածքով չնայի ամեն ինչին: Այդ 58000 քաղաքացիները հետագայում պահանջելու են իրենցից, թե ինչու իրենց հակառակ եզրակացություն տվեցին եւ մերժեցին նախագիծը:

Այստեղ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ նախաձեռնության մասնակիցները հետեւողական լինեն նախագիծը մինչեւ վերջ տանելուն, որովհետեւ ի սկզբանե, երբ որ քննարկվում էր նախաձեռնությունը, ակնհայտ էր, որ այս իշխանությունը ամեն հնարավոր քայլ գործելու է այն խոչընդոտելու, մերժելու համար:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»-Ը ԴԺԳՈՀՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հայտարարություն է տարածել:

 

«ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ուշադրության կենտրոնում են հայտնվել մամուլի եւ փորձագիտական շրջանակների հրապարակումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` նաեւ Հանձնաժողով) անդամների երկու թափուր պաշտոնների համալրման խնդրահարույց գործընթացի վերաբերյալ: Ըստ այդ հրապարակումների` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է այդ պաշտոնում չընտրել առաջադրված թեկնածուներից Հայկուհի Հարությունյանին, որը մինչ այդ զբաղեցրել է Հանձնաժողովի նախագահի պաշտոնը` նրան հրավիրելով խմբակցության փակ նիստի, որի շրջանակներում խմբակցության մի քանի անդամներ նրան հիշեցրել են իրենց, իրենց ընտանիքների անդամների եւ ընկերների առնչությամբ կայացրած որոշումները եւ գործողությունները` դժգոհություն հայտնելով դրանց կապակցությամբ: Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Հանձնաժողովի ուշադրության թիրախում հայտնված որոշ անձանց վերաբերյալ մտահոգություններ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը եւս ունեցել եւ կիսել է համապատասխան միջազգային եւ ներպետական գործընկերների հետ: Այդ մտահոգությունները վերաբերել են այդ անձանց հնարավոր ներգրավմանը կոռուպցիոն գործարքներում:

Ցավալի է, որ, Հանձնաժողովի եւ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի մտահոգություններին պատշաճ ուշադրություն դարձնելու փոխարեն, խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, առանց ամբողջական պատկերն ունենալու, որոշել է ազատվել Հայկուհի Հարությունյանից` տուրք տալով անձնական շահագրգռությամբ առաջնորդվող մի քանի անդամների ցանկություններին: Միեւնույն ժամանակ, կարեւոր ենք համարում արձանագրել, որ Հայկուհի Հարությունյանի նախագահության օրոք Հանձնաժողովն իրեն դրսեւորել է որպես իրապես անկախ եւ արհեստավարժ մարմին հակակոռուպցիոն մարմինների համակարգում, ինչն արտացոլված է մի շարք միջազգային գործընկերների զեկույցներում: Ավելին՝ 2023թ. սեպտեմբերի 6-7-ը Էստոնիայում կայացած Բաց կառավարման գործընկերության համաշխարհային գագաթնաժողովին հենց Հայկուհի Հարությունյանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես համաշխարհային լավագույն գործելակարգի օրինակ: Հաշվի առնելով վերոգրյալը եւ արձանագրելով վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` կոռուպցիայի դեմ պայքարի գործում ջանքերը ինտենսիվացնելու վերաբերյալ` կոչ ենք անում նրա առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը լրջորեն վերաբերվել իրենց լիազորություններին Կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովի ձեւավորման գործընթացում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հետաձգել ԱԺ-ի մոտակա քառօրյայում նախատեսվող Հանձնաժողովի անդամների ընտրությունը եւ կազմակերպել հանրային լսումներ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների ներկայացուցիչների, այդ թվում` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդամների հետ: Խմբակցության մյուս անդամներին առաջարկում ենք չթողնել այս հարցը նեղ անձնական շահագրգռություններով առաջնորդվող փոքրամասնության որոշմանը եւ գործուն մասնակցություն ունենալ այս հարցում»,- նշված է հայտարարության մեջ։

 

 

 

ՄՆԱՑ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ

Ինչպես հայտնի է, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը մինչեւ դատարանի նախագահի ընտրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները Մակյանին թողեցին ձեռնունայն, ու նա չի ընտրվել նույն դատարանի նախագահ: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ է ընտրվել Գոռ Հարությունյանը, որին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից էին տեղափոխել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ դատական համակարգում լուրեր կային, որ Մեսրոպ Մակյանի մասնագիտական առաջխացաղումը դատական համակարգում պատահական չէ: Նախ դատավոր Մակյանը բեկանեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարելով դատախազության միջնորդությունը՝ որոշեց կալանավորել գեներալ Խաչատուրովին երկու ամիս ժամկետով՝ այդպես իր հավատարմությունը ցույց տալով իշխանություններին: Արդյունքում Մակյանի հասցեին քննադատություններ հնչեցին, թե պաշտոնի առաջխաղացման հավակնություն ունի, որդուն՝ Էմիլ Մակյանին, ցանկանում է դատավոր դարձնել, կաշկանդված է ՀՀ-ում հարազատ եղբոր վերաբերյալ քննվող մի քրեական գործով, որը ավելի ուշ կարճեցին, եւ, ի վերջո, ցանկանում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ դառնալ: Նրան տվել էին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքը, սակայն վերջում թողեցին ձեռնունայն:

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԿԸՀ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «Հեղափոխության պահապաններ» ՀԿ-ի նախագահ Հայկ Ստեփանյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի նիստ գումարեն: Բանն այն է, որ իշխանությունների հետ ժամանակին շատ մտերիմ հարաբերություններ ունեցող Ստեփանյանը որոշել է լքել ԱԺ ՔՊ նախընտրական ցուցակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայկ Ստեփանյանն իր մտերիմների շրջանում հայտնել է, որ ամեն ձեւով ՔՊ-ից հեռու է ուզում մնալ, ինչի համար էլ կհրաժարվի նաեւ պատգամավորական մանդատից: Նշենք, որ Հայկ Ստեփանյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ ու ամեն գնով սատարում էր Նիկոլ Փաշինյանին:

Հիմա Հայկ Ստեփանյանը բոլորի հետ շատ լարված հարաբերություններ ունի, գրեթե ամեն օր հանդես է գալիս շատ սուր քննադատությամբ: Մենք փորձեցինք ԿԸՀ դիմելու հարցի հետ կապված զրուցել Հայկ Ստեփանյանի հետ, սակայն վերջինս միայն ասաց, որ ժամը 16.00 ԿԸՀ-ն նիստ է հրավիրել, այնտեղ էլ կներկայացնի իրավիճակը:

Ավելի ուշ ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Վարուժանի Ստեփանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում Հայկ Վարուժանի Ստեփանյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։ Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետեւաբար վերջինս նիստին չի մասնակցել։

 

 




Լրահոս