Ադրբեջանական Turan գործակալությունը հայտնել է, որ այսօր՝ օրվա առաջին կեսին, հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը: Այս մասին Turan գործակալությանը հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից։
Սպասվում է, որ Ադրբեջանը կազատի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:
Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկը չկա:
Ավելի ուշ հրապարակվեց նաև Հայաստան վերադարձվող գերիների անունները։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում՝ սահմանին:
Հիշեցնենք, որ այժմ Բաքվի բանտերում են գտնվում նաև՝
Արայիկ Հարությունյանը,
Բակո Սահակյանը,
Արկադի Ղուկասյանը,
Ռուբեն Վարդանյանը,
Լևոն Մնացականյանը,
Դավիթ Բաբայանը,
Դավիթ Մանուկյանը,
Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանը, Ալյոշա Խոսրովյանը: