Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընթացները: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ ընդգծելով, թե եկող մի քանի օրերի ընթացքն այս տեսանկյունից վճռորոշ է լինելու:
«Անշուշտ, քննարկված թեմաներից մեկն առանց վիզայի մուտքի և ելքի մասին զրույցն է, որն ունենալու ենք, և հուսամ՝ եկող տարվա ընթացքում կկարողանանք այդ քայլին հասնել»,- ասաց Մարգուս Ցահքնան:
Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ առանցքում նաև քաղաքական համագործակցության մասին քննարկումն է եղել, այդ թվում՝ ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատելու համար պատրաստ լինելը:
«Սա բարդ է: Մի քանի տասնամյակ շարունակ մենք աշխատել ենք սրա վրա, և այստեղ ևս մենք պատրաստ ենք աջակցության՝ վերապատրաստելու ձեր անձնակազմին, սատարելու այս գործընթացներին ավելի գործնական դաշտում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ամուր, երկկողմ հարաբերություններ կան: