«Այս պահին Ադրբեջանում շարունակվում է մնալ ևս 23 ռազմագերի, որից 5-ը քաղաքացիական անձինք են, 10-ը՝ ռազմագերի, իսկ 8-ը՝ քաղբանտարկյալներ: Վերջիններս էլ հանդիսանում են Արցախի Հանրապետության նախկին պետական այրեր»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Ըստ մասնագետի՝ Ադրբեջանն այս քայլին է գնացել հիմնականում այն պատճառով, որովհետև Բաքվում պահվում են նաև Արցախի Հանրապետության նախկին պետական այրերը, որոնք մեծ կարևորություն ունեն հակառակ կողմի համար: Նա նաև նշեց, որ նրանց մեղադրանք է առաջադրվել «սահմանի ապօրինի հատման, ահաբեկչության, ապօրինի զինամթերքի ձեռքբերման ու տեղափոխման և խոշտանգման համար» (չակերտները հեղինակային են):
ArmLur.am-ի հետ զրույցում Սահակյանը նաև նշել է, որ այս վերջին քաղաքական գործոնների զարգացման ֆոնին՝ հնարավոր է նաև հունվարին ռազմագերիների և քաղաքացիական գերիների հայրենադարձում լինի:
«Նույնը ասել չեմ կարող 8 քաղբանտարկյալների վերաբերյալ, որոնց, ենթադրում եմ, Ադրբեջանը երկար կպահի Բաքվում, քանի որ նրանց սպասվում է «բեմական» դատավարություն և նրանց Բաքվում մնալը բխում է որոշ կարևոր քաղաքական գործոններից»,- նշել է Սիրանուշ Սահակյանը:
Նանիկ Աղասյան