ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը մշակել եւ շրջանառության մեջ է դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, վերաբերում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: «Առաջին անգամ հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50.000 ստորագրություն: 58.000 քաղաքացիներ միացել են նախաձեռնությանը: Այս նախաձեռնության արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագույն հարցերին է վերաբերում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցը քննարկվել է «Հայաստան» խմբակցության` նոյեմբերի 24-ին հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Արդյունքում նախատեսվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:

 

Արծվիկ Մինասյանը մեջբերումներ է կատարել խորհրդարանական երեք քաղաքական ուժերի` ԼՂ հիմնախնդրի լուծմանը վերաբերող նախընտրական ծրագրերից` ընդգծելով, որ դրանցում կարմիր թելով անցնում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը:

Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրի լուծման տրամաբանությանը, ընդհանուր պետության փաթեթին, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարի վերաբերմունքին, «ՀայաՔվե» նախաձեռնության հիմնավորման տեքստին, ԵԱՀԿ ՄԽ առաջարկած կարգավորումներին, ԼՂ-ում 2023 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, ԼՂ լուծարման մասին հրամանագրին:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է Արծվիկ Մինասյանից, թե ինչու հայտարարությունը չի ձեւակերպվել որպես օրենքի նախագիծ եւ ներկայացվել հանձնաժողովին: «Մի սուբյեկտն ուժ կիրառեց, պատասխան չստացավ, հաջորդ սուբյեկտն ասաց` անվտանգության համար պատասխանատու եմ, ուժ կիրառվեց, էլի անպատասխան մնաց: Ինչո՞ւ փաստաթղթում չկա դրա արձանագրումը»,- հետաքրքրվել է Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորի հարցին ի պատասխան` Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայտարարության մեջ պատրաստ են իրացնել առաջարկները:

Խոսելով հայտարարությունը նախագծով փոխարինելու առաջարկի մասին` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ տպավորություն է, թե սահմանադրական կարեւորագույն սուբյեկտին` քաղաքացիներին, ուզում են փոխարինել մեկ պատգամավորով: Խորհրդարանականը նշել է, որ դեմ է նման մոտեցմանն ու տեղեկացրել, որ յուրաքանչյուր կողմ իրացնում է իր իրավունքը:

Հայտարարության նախագծի հարակից զեկույցը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը ողջունել է սահմանադրական ինստիտուտի գործարկումը: Պատգամավորն այն որպես ժողովրդավարական նվաճում է որակել:

«Նախագիծն ինքնուրույն բովանդակություն չունի, այն որեւէ եղանակով առարկայական հարց չի ծածկում, որն ընդգրկված է ԱԺ գալիք նիստերի օրակարգում. այն առաջ է քաշվել, որպեսզի հնարավոր լինի լսումներ անցկացնել: Բովանդակային մասով այն արտացոլում է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը եւ պարունակում է որոշակի առաջարկներ, որոնք օրենսդրական առանձին քննարկման առարկա կարող են դառնալ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանն ու առաջարկել արձանագրել, որ հայտարարությունն արդեն իսկ կատարել է իր առաքելությունը, այն է` լսումները տեղի են ունեցել: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել հանձնաժողովականներին դեմ քվեարկել հայտարարության նախագծին:

Ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը, այն լուծելու մասով վարված բանակցություններին: Հնչել են քաղաքական գնահատականներ:

Հայտարարության նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել քվեարկության փուլում այն լրամշակելու նպատակով:

 

 

 

 

 

ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը երեկ դրական եզրակացություն ստացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Խոսքը աղմուկ բարձրացրած այն նախագծի մասին էր, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Չնայած քննադատություններին՝ ՔՊ-ականները հանձնաժողովում կողմ քվեարկեցին նախագծին:

Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը, թեեւ հանձնաժողովում կողմ քվեարկեց նախագծին, բայց շեշտեց՝ քննադատություններ շատ են լինելու: Նախագիծը կմտնի մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայկ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ իր հեղինակած նախագիծն ընդունվելու է ԱԺ-ում:

 

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի վերջին առաջարկներին։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Երբ պատասխան լինի, կնշենք»,-  ասաց Սաֆարյանը։

Նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։

 

 

 

ԱՐԴՈՒԿԸ ՄԻԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Roberto խանութների ցանցի մասնաճյուղում հրշեջներ կան։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ներքին գործերի նախարարության հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ խանութ սրահի հետ կապված հրդեհի վերաբերյալ որեւէ ահազանգ չեն ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կապվեց տվյալ հասցեում գտնվող խանութ սրահի մենեջերի փոխարինողի հետ, ով մեզ պատմեց, թե իրականում ինչ է պատահել. «Իրականում հրդեհ չի եղել, նոր աշխատակիցը շորերն արդուկելիս է եղել, եւ արդուկի գոլորշիից միացել է հակահրդեհային անվտանգության ազդանշանը, այդ պատճառով էլ հրշեջներ էին եկել։

Տեղյակ չի եղել, որ այդ հատվածում չի կարելի արդուկ անել»:

 

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՎԻՃԵՑԻՆ

«Ես չեմ կարող կողմ քվեարկել նրան, որ մարդը, մեկ օր անգամ չծառայելով, գումարով ազատվի բանակից»,- դեկտեմբերի 4-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՔՊ մեկ այլ պատգամավորի Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին:

«Փաստացի դուրս է գալիս, որ ծառայությունից խուսափած մարդուն, որը փաստացի դասալքությամբ է զբաղվել, ես պետք է հնարավորություն տամ, որ գումարով իր գործած հանցանքը ներենք:

Ցանկացած այլ պարագայում, երբ ծառայում է մեկ ամիս կամ 6 ամիս կամ 1 տարի, ես խնդիր չեմ տեսնում, բայց ոչ մի օր չծառայելու համար գումար վճարելով քրեական պատասխանատվությունից ազատվելու մեջ ես լուրջ խնդիր եմ տեսնում»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանը հակադարձեց. «Իմ պարզաբանումներից հետո Դուք պարտավոր կլինեք կողմ քվեարկել այս օրենքին:

Դուք կողմ եք քվեարկել համաներման մասին օրենքին, որը 1360 քաղաքացիների հնարավորություն է տվել ոչ մի օր չծառայելով, ոչ մի դրամ չվճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից: Դուք հիմա ասում եք՝ կողմ չեմ քվեարկի, որ քաղաքացիները վճարեն 15 մլն դրամ եւ չծառայեն:

Բազմաթիվ քաղաքացիներ չեն ծառայում բանակում առողջական խնդիրներ ունենալու պատճառով կամ պատրվակով: 2011-2019 թվականների ընթացքում 50 հազար քաղաքացիներ չեն ծառայել բանակում՝ որեւէ դրամ չվճարելով: 2011-2019-ին շուրջ 10 հազար քաղաքացի չի ծառայել բանակում ոչ առողջական, այլ խնդիրներ ունենալու հիմքով: 2265 քաղաքացի չի ծառայել բանակում օտարերկրյա բուհերում ուսանելու արտոնությունով: Ընդամենը բանակում չծառայելու համար դատապարտվել է բանակում չծառայածների 1 տոկոսից ավելի քիչը, ավելի ճիշտ՝ հայտնաբերվածների 1 տոկոսից ավելի քիչը: Այսինքն՝ Դուք չե՞ք ուզում, որ այդ քաղաքացիները տան այդ գումարը չծառայելու դիմաց»:

Վիլեն Գաբրիելյանն անդրդվելի էր. «Պետք է Ձեզ հիասթափեցնեմ. Ձեր ասած համաներումը ընդունել է 7-րդ գումարման ԱԺ-ն, իսկ ես այդ ժամանակ պատգամավոր չեմ եղել եւ, բնականաբար, կողմ չէի կարող քվեարկել այդ նախագծին: Եթե լինեի պատգամավոր, ամեն ինչ կանեի, որ այդ նախագիծը չընդունվեր:

Ես չեմ կարող պատկերացնել, թե ոնց կարելի է մարդուն, որը խուսափել է պարտադիր զինծառայությունից, ազատենք քրեական պատասխանատվությունից, եւ նա ոչ մի օր չծառայի»:

Վիլեն Գաբրիելյանը կոչ արեց վերանայել օրենքի նախագծի այդ կետը. «Ինձ համար խնդիրը սկզբունքային է. ես չեմ կարող մարդուն, որը փաստացի գործել է հանցանք, փողով այդ հանցանքի համար նախատեսված պատժից օրինական ազատեմ»:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ըստ այս օրենքի նախագծի` 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ վճարել 2.5 միլիոն դրամ, զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ վճարել 5 մլն դրամ, զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ վճարել 10 մլն դրամ, զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ:

 

 




Լրահոս