ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՆՑԱՎՈՐ ՇՂԹԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ բացահայտվել է 2019-2021թթ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման մեխանիզմը, ինչպես նաեւ շղթայում ներգրավված անդամներից 4-ի ինքնությունը, որոնցից 3-ին ներկայացվել են մեղադրանքներ:

 

Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 24-ամյա բնակիչ Վ.Մ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով 2019-2021թթ. մի խումբ անձանց, այդ թվում՝ Խ.Ֆ.-ի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված եւ կառավարվող «Ismoke», «Ismoke420» եւ «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաեւ այլ հանցակիցների, կատարել դերաբաշխում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված եւս երկու մասնակցի ինքնությունը, որոնցից մեկը Երեւան քաղաքի 25-ամյա բնակիչ Հ.Հ.-ն է, մյուսը՝ Երեւան քաղաքի 27-ամյա բնակիչ Գ.Ա.-ն:

Վերջիններս, 2021թ. օգոստոսից ներգրավվելով հանցավոր խմբավորման կազմում, նշված գործունեությամբ զբաղվող Խ.Ֆ.-ի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ վերջիններիս կողմից ստեղծված եւ կառավարվող տելեգրամյան էջերի միջոցով տեւական ժամանակ զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ կատարելով դրանց տեղափոխում, ըստ քաշերի առաձնացում, փաթեթավորում եւ ՀՀ տարածքում տեղադրում, թմրամիջոցների գտնվելու վայրերի լուսանկարահանում եւ ծրագրային հավելվածի միջոցով դրանց գտնվելու վայրերի կոորդինատների նշում, որի համար թմրամիջոցների վաճառքից ստացված գումարներից, որպես իրենց մասնաբաժին, յուրաքանչյուր տեղադրման համար ստացել են գումար:

Վ.Մ.-ն պարբերաբար կառավարել է վերը նշված տելեգրամյան խանութ-հարթակները՝ թմրամիջոցների արժեքի եւ ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ վարելով նշված խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը պահանջվել է փոխանցել Խ.Ֆ.-ի եւ հանցակիցների կողմից կառավարվող «Qiwi», «Շmoney» համակարգի, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրյա այլ էլեկտրոնային դրամապանակներին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

 

 

 

ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Երեկ գիշեր հրազենային վիրավորում ստացած զինվորի դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ զինվորն իրավապահներին հայտնել է, որ զենքի հետ աշխատանք է կատարել ու անզգուշությամբ կրակել է իր վրա: Չնայած զինվորի կողմից հայտնած տեղեկություններին՝ իրավապահները քննություն են կատարում՝ հասկանալու համար՝ որքանով է հավաստի նրա հայտնած տեղեկությունը: Ի դեպ, հարցաքննության ժամանակ զինվորն իրավապահներին հայտնել է, որ բուժվելուց հետո ցանկանում է շարունակել ծառայությունը:

Հիշեցնենք, որ երեկ Պն-ն հայտնեց, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

 

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ՝ ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ

Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին «Էրեբունի Մոլ»-ի տարածքից դանակահարված անչափահասների են տեղափոխել հիվանդանոց:

«Ժողովուրդ» օրաթերթին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես՝ երիտասարդները վիճել են աղջկա համար, որից հետո 16 եւ 15 տարեկան տղաները ծեծի են ենթարկել 15 եւ 19 տարեկան այլ տղաների: Վիճաբանությունն այն աստիճան է թեժացել, որ դանակներ են հանել ու սկսել են վնասել միմյանց: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 15 եւ 19 տարեկան տղաներին դանակի բազմաթիվ հարվածներով արնաշաղախ վիճակով տեղափոխել են հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակահարություն կատարած 16-ամյա տղային գտել են, իսկ մյուս անձին իրավապահները դանակի հետ միասին փնտրում են: Ավելին՝ իրավապահները մտել են էրեբունի վարչական շրջան եւ անչափահասների են տանում բաժիններ՝ հարցաքննության:

 

 

 

ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ

Դեկտեմբերի 3-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արտաշատի Դմիտրով գյուղի գերեզմանատներից մեկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 32-ամյա բնակիչը գյուղի գերեզմանատան մոտ խմել է մեծ քանակությամբ դեղահաբ՝ փորձելով այդպես վերջ տալ իր կյանքին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված գերեզմանատան մոտ քաղաքացիներ են եղել, որոնք քաղաքացու վիճակը տեսնելով՝ շտապօգնություն են հրավիրել ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բնակչի կյանքը փրկել են: Իսկ ինչո՞ւ է տղամարդը գնացել այդ քայլին. իրավապահները պարզել են, որ պարտքերից դրդված է նա փորձել վերջ տալ կյանքին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

93-ԱՄՅԱ ԿԻՆՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում շարունակվում է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի տարեց բնակչուհու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ին, Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր նույն հասցեի 93-ամյա բնակչուհի Ա. Առաքելյանի դին՝ գլխի շրջանում առկա վնասվածքներով:

Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ տարեց կնոջը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է հասցրել նույն համայնքի բնակիչ, 24-ամյա Է.Ա.-ն:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ եւս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Է. Ա.-ն ուշ երեկոյան նախ այցելել է նախկին ընկերուհու տուն, թակել լուսամուտը, այնուհետեւ տեսնելով, որ նկատել են իրեն՝ չբացահայտվելու նպատակով հեռացել է եւ գնացել հարեւանությամբ գտնվող տարեց կնոջ տան բակ, կոտրել տուժողի տան պատուհանի ապակին եւ, խախտելով տանտիրուհու բնակարանի անձեռնմխելիությունը, պատուհանով ապօրինի մուտք է գործել տուն:

Այնուհետեւ մոտեցել է անկողնում պառկած, անօգնական վիճակում գտնվող կնոջը եւ հասկանալով, որ վերջինս ճանաչել է իրեն՝ ապօրինի տուն մտնելու իր հանցագործությունը թաքցնելու նպատակով, կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա. Առաքելյանի գլխի եւ դեմքի շրջանին, որի հետեւանքով կինը մահացել է:

Բացի այդ, քննությամբ նաեւ պարզվել է, որ նախքան կնոջ մահը վրա հասնելը 24-ամյա երիտասարդը տուժողի նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ:

Ա. Առաքելյանին սպանելուց հետո երիտասարդը տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել եւ հեռացել է։

Ձերբակալված Է.Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր տուժողին պատկանող բջջային հեռախոսը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 24-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 207-րդ հոդվածի 1-ին մասով եւ 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 




Լրահոս