ՋԵՐՄՈՒԿԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ՝ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Ամանոր է: Չնայած վերջին տարիներին տեղի ունեցած տխուր ու թեւաթափ անող իրադարձություններին՝ միեւնույնն է, Ամանորը ասոցացվում է ընտանիքի՝ հարազատների ու մտերիմների հետ: Այժմ մարդիկ նախընտրում են երկրից դուրս նշել՝ ծովի ափին, ոմանք գերադասում են հեքիաթային գիշերը նշել ռեստորանում, որոշներն էլ մի քանի օրով ցանկանում են կտրվել իրենց առօրյայից՝ տեղավորվելով հյուրանոցներում: Իսկ ի՞նչ արժե նման հաճույքներին տրվելը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է շարք, որում պարբերաբար կանդրադառնա տարբեր հյուրանոցներում, ռեստորաններում Ամանորը նշելու գնի տատանմանը: Դեռեւս դեկտեմբերի սկիզբն է, սակայն արդեն իսկ Ջերմուկ քաղաքի հյուրանոցներից շատերում ազատ համար գտնելը դժվար է, երբեմն էլ՝ անհնար:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է տարբեր հյուրանոցներ դեկտեմբերի 31-ը իրենց մոտ անցկացնելու պատրվակով, արդյունքում պարզ է դառնում հետեւյալը.

«Jermuk Hotel and Spa» հյուրանոցից տեղեկացրին որ ազատ տեղեր չունեն, սակայն դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 2 անձի համար նախատեսված ստանդարտ սենյակն արժեցել է 500.000 դրամ՝ առանց ամանորյա միջոցառման:

«Grand Hotel Jermuk»-ից մեզ հայտնեցին, որ ազատ տեղեր չունեն, սակայն դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 2 անձի համար նախատեսված ստանդարտ սենյակն արժեցել է 495.000 դրամ՝ ներառյալ ամանորյա միջոցառումը:

«Armenia Wellness and Spa Hotel»-ից դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը առաջարկում են 2 անձի համար նախատեսված ստանդարտ սենյակ՝ 240.000 դրամով՝ ներառյալ ամանորյա միջոցառումը:

Նրանք եւս հայտնեցին, որ այս պահին ազատ տեղեր չունեն:

«Moscow health hotel» առողջարանից հայտնեցին, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ի համար 2 անձին առաջարկում են 350.000 դրամով ստանդարտ սենյակ՝ ներառյալ ամանորյա գալա համերգ՝ նախատեսված դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին: Հունվարի 2-ին էլ՝ խաշի հյուրասիրություն:

«Nairi» հյուրանոցն էլ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 1 անձի համար առաջարկեցին 120.000 դրամով ստանդարտ սենյակ՝ ներառյալ տոնական ընթրիքը, հունվարի 2-ին՝ խաշը:

Այսպիսով, չնայած Ջերմուկի՝ հակառակորդի ուշադրության կենտրոնում հայտնվելուն՝ այդուամենայնիվ, առաջատար հյուրանոցները դեռեւս շարունակում են գերծանրաբեռնված աշխատել ու ընդունել հյուրերի:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը քաղաքացիների համար կնվազեցվի 75 տոկոսով, եթե քաղաքացին 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիրը. հանվում է այդ պայմանագիրը Ոստիկանություն ներկայացնելու պահանջը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Ավելի պարզ վարչարարություն նախատեսող նախագիծը պատգամավորը ներկայացրեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Գործող կարգավորմամբ՝ ՀՀ քաղաքացիները ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով, բայց գոյություն ունի խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու եւ դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ, այսինքն՝ ի սկզբանե նախատեսված գումարի 25 տոկոսի չափով:

«Մեր քաղաքացիները, այսինքն, ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաեւ պայմանագիրը ներկայացնել կա՛մ Ոստիկանության բաժանմունք, կա՛մ որեւէ պարեկային ծառայողի: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այս հավելյալ պարտավորությունը հանել քաղաքացիների վրայից, որովհետեւ այս տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը»,-ասաց Աղաջանյանը:

75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող, խրախուսող նորմը ժամանակին մտել էր ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորը նկատել է՝ փոփոխությունը դրական արդյունք է տվել, պայմանագրերի քանակներն ավելացել են այս ընթացքում:

«Ըստ ներկայացված նոր նախագծի՝ քաղաքացուց այլեւս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը որպես ապացույց, որից հետո իր նկատմամբ տուգանքի որոշումը կփոխվի: Ոստիկանությունն օնլայն պետք է  հետեւի, տեսնի ու վարույթը կարճի, 100 հազար դրամի փոխարեն 25 հազար դրամ պատասխանատվություն նախատեսի»,- ասաց Խաչատրյանը:

Հավելենք, որ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ  ԱՎԵՐՎԱԾ Է

Դիլիջանի բնակիչները  բողոքել են, որ քաղաքի կենտրոնից՝ համայնքապետարանի եւ քաղաքի մշակույթի տան  մոտից դեպի Դիլիջանի հիվանդանոցի թաղամաս իջնող  հետիոտնի կարճ ճանապարհը ամիսներ շարունակ քանդված է, դրանից օգտվելու փոխարեն, իրենք ստիպված են լինում օգտվել տաքսիներից։ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ այդ   տարածքում, տեսավ, որ աստիճաններով հետիոտնի ուղին կիսաքանդ է, այն վերնամասում փակված է մաշված անվադողերով, սակայն Դիլիջանի որոշ բնակիչներ օգտվում են դրանից։

Հենց այդ պահին 12-13 տարեկան մի տղա իջավ աստիճաններով, սայթաքեց, քիչ մնաց՝ ընկներ, սակայն, բարեբախտաբար, չտուժեց։ Ներքեւից աստիճաններով դեպի վեր՝ դեպի քաղաքի կենտրոն  բարձրանալով, մաշված անվադողերին հասնելով՝ տեսանք, որ հողային մեծ աշխատանքներ կատարելուց, տարածքը քանդելուց հետո շատ նեղլիկ կածան դեռեւս մնում է քաղաքի կենտրոնից սկիզբ առնող այդ ճանապարհի սկզբում։ Այդ նեղ կածանից օգտվելը վտանգավոր է, քանզի հետիոտնը կարող է գլորվել ներքեւ։   Հայտնվեց այդտեղ մեծ հենապատ կառուցած, հողային մեծ աշխատանքներ կատարած դիլիջանցին իր բարեկամ  տղամարդու հետ, հարկ եղավ նրանց լրագրողի վկայական ներկայացնել: Տարածքում մեծ շինարարություն կատարող դիլիջանցին  ասաց, որ այդտեղ շինություններ կառուցելուց հետո ինքը վերականգնելու է հետիոտնի թեք ճանապարհը, այն լուսավորվելու է։ Ասացին, որ հողի սեփականատերը՝ շինարարություն կատարողը, Դիլիջանի Մակարյան ազգից է։

Դիլիջանի համայնքապետարանը տարածքի սեփականատիրոջը շինարարության թույլտվություն տալուց առաջ պետք է պայման դներ, որ Դիլիջանի  բնակիչներին տասնամյակներ ծառայած հետիոտնի ուղին պետք է անվնաս մնար, անխափան գործեր, սակայն Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանն  այդ գործում թերացել է։

 

 

 

ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԽՆԴԻՐ ԿԱ

Տավուշում հաստատվել է Արցախից բռնագաղթած 780 ընտանիք՝ 2970 անձ։ Նրանցից շատերը ներկայումս ձմռան վառելափայտի խնդիր ունեն։ «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր  հարցրել է, թե  մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար ինչպես է լուծվել ձմռան վառելափայտի խնդիրը, մարզի 4 անտառտնտեսությունները  ընդհանուր առմամբ որքան վառելափայտ են տվել նրանց, ինչ հիմունքներով։

Մարզպետարանից ստացված պատասխանն անորոշ է՝ տրված վառելափայտի քանակի մասին տվյալներ չպարունակող. այնտեղ նշված է.  «Տավուշի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին, ըստ իրենց դիմումների, անտառտնտեսությունների կողմից տրամադրվել ու տրամադրվում է թափուկներից անվճար վառելափայտ»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս