AAD-ԻՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներին մի հարկի տակ էր հավաքել AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) 14-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպած թիմը: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին սիրված եւ ճանաչված մարդիկ՝ պաշտոնյաներ, պատգամավորներ, դերասաններ, լրագրողներ, երգիչներ, մարզիկներ, գործարարներ եւ, իհարկե, հայորդիներ, որոնք իրենց մարմնի մի մասը թողել էին պատերազմի դաշտում՝ հանուն բոլորիս: Դահլիճում էին նաեւ մեր հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար զոհված հերոսների ծնողներ:

 

Արդեն 14 տարի է, ինչ մրցանակաբաշխության կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանը հետեւողական ջանքերով ամփոփում է տարին եւ գնահատական տալիս: Խուրշուդյանի խոսքով՝ միջոցառումը միասնականության կոչ ու հարգանքի տուրք է մեր բոլոր հերոսներին: Մեր զրուցակիցը շեշտեց, որ մենք այսօր նման միջոցառումների պահանջարկ ունենք: Մրցանակաբաշխության սկիզբը դրեց արցախցի 19-ամյա Հայկ Մանգասարյանը Արաբո Իսպիրյանի հեղինակային «Տուն իմ հայրենի» երգով։ Մրցանակաբաշխության մեկնարկը տրվեց «Տարվա մարդ» անվանակարգով: Արժանի եւ վաստակած տիտղոսը 2023 թվականին կոմայից դուրս եկած եւ վերածնված ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանինն էր։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետեւանքով Սոթքի հատվածում Նարեկ Պողոսյանի անունը ներառվել էր զոհվածների ցանկում: Նույն օրը, սակայն, գերատեսչությունից հայտնեցին, որ հրաշք է եղել, եւ զինվորի սրտի զարկերը վերականգնվել են: «Տարվա Սխրանք» անվանակարգին արժանացան 44-օրյա պատերազմի մասնակից, Հայաստանի ազգային հերոս, կյանքը փառքով հայրենիքին հանձնած Վահագն Ասատրյանը, Մասիս Միքայելյանը, Կարեն Միրզոյանը, վիրավոր հերոս Կարեն Գրիգորյանը, Արամ Ասլանյանը, Համիդ Բրոյանը, Միքայել Սարգսյանը։ «Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին արժանացան վաստակավոր ջազմեն, ժողովրդական ատիրստ Մալխասը՝ Լեւոն Մալխասյանը, օպերային երգչուհի, ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Արթուր Դավթյանը եւ սիրված դերասան Արմեն Մարությանը։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մրցանակի են արժանացել արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Զարիֆյանը եւ երգահան Ռուբեն Հախվերդյանը, գեներալ-մայոր Աշոտ Գասպարյանը։ Հայրենիքի մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանացավ նաեւ դերասանուհի Անաիս Սարդարյանը։ Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան քանդակագործ Արման Նուռը, Արմանուշ Հակոբյանը եւ Արա Թորոսյանը (Մուրզոն)։ Հայ հեռուստատեսությունում եւ ռադիոյում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան Եգոր Գլումովը, Ռաֆայել Ղազանչյանը եւ Լիլի Հովերը։ Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Համլետ Գեւորգյանը։ Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակ է ստացել Աստղիկ Սաֆարյանը։ Հայ թատրոնում եւ կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Աբել Աբելյանը։ Հայ սպորտում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Գառնիկ Հայրապետյանը։ «Տարվա լավագույն ապրանքանիշ» անվանակարգին արժանացան «Tiga Construction» «AGGRESSION», «VooDoo Lounge», «Lusin’s Bakery» ընկերությունները։ «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգին արժանացավ ծանրորդ Գոռ Սահակյանը, որը Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանին առաջին ոսկին էր բերել, վերջերս էլ՝ Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Հայ երաժշտության ու երգեցողության զարգացմանն ուղղված աշխատանքների համար հատուկ մրցանակի արժանացավ «Հայկ Հակոբյան» հիմնադրամը։ «Տարվա լավագույն երգահան»-ը Անիտա Հախվերդյանն է, «Տարվա լավագույն վոկալի մասնագետ»-ը՝ Անգին Համբարձումյանը, «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ»-ը՝ Հարություն Մկրտչյան, իսկ, ահա, «Տարվա լավագույն պատանի երգչուհի»-ն՝ Անահիտ Գաբրիելյանը։ «Տարվա լավագույն երաժշտական խումբ» անվանակարգին արժանացավ The Boing Orchestra խումբը։ «Տարվա լավագույն կերպարային դերասանուհի»-ն Անատի Սաքանյանն է, «Տարվա լավագույն հումորային դերասան»-ը՝ Արեն Սաֆարյանը, «Տարվա լավագույն սերիալային դերասան»-ը՝ Վահե Մկրտչյանը։ «Տարվա լավագույն սերիալային դերասանուհի»-ն Էլեն Ասատրյանն էր: «Տարվա լավագույն դերասան» եւ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգին էլ արժանացան համապատասխանաբար Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Էվա Խաչատրյանը: «Տարվա լավագույն հեռուստատեսային նախագիծ» անվանակարգին արժանացավ «Սրտի տանիքներով» հաղորդաշարը, հաղորդավարուհի՝ Քնարիկ Զաքարյան։ «Տարվա լավագույն հաղորդավարուհի»-ն Նանե Արզումանյանն է, «Տարվա լավագույն լուսանկարիչ»՝ Սարո Դավթյանը։ «Տարվա լավագույն բժիշկ»-ը Սեյրան Սահակովն է, Ազնար Այդինյանը եւ Արմինե Սարգսյանը։ Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակի են արժանացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի  հրամանատար Գոռ Առաքելյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի  հրամանատար Արսեն Ստեփանյանը: Այսպիսով, 2023 թվականն ամփոփված է, բոլորիս բարի երթ դեպի 2024 թվական:

 

 

 

ԿԱՊ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՏԻԵԶԵՐՔ

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցներին հաջողվել է կապ հաստատել դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով տիեզերք արձակված հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի հետ, որն արդեն աշխատանքային վիճակում է։

 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետեւում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձեւաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է եւ փոխանցում է իր պարբերական ազդանշանները։ Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ, ինչպես նախատեսել ենք։ Շնորհավորում ենք թիմին եւ մեր բոլոր աջակիցներին»,- ասվում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում։

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի եւ Գիտական նորարարության եւ կրթության կենտրոնի կողմից: Այն հայկական երկրորդ արբանյակն է, որն արձակվել է տիեզերք, սակայն առաջինն է, որը մշակվել ու ստեղծվել է հայ մասնագետների կողմից Հայաստանում։

«Հայասաթ-1» արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաեւ կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Արբանյակն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի եւ շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր ալեհավաքներով հանդերձ, եւ Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։

 

 

 

«ԻՆՏԵՐ»-Ը ՀԱՂԹԵԼ Է

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Նապոլի»-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ`  միլանյան ակումբին` «Ինտեր»-ին, հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել Իտալիայի գործող չեմպիոնի դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան եւ Մարկուս Տյուրամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխրինվեց 74-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Նապոլի»-ն միայն 5-րդն է:

 

 

 

ՉԱՎԻՆ ՈՒ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Լա Լիգայի 15-րդ տուրի խաղում։ Միակ գոլը խփել էր պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Աթլետիկոյին»։

«Շատ լավ խաղաց մեր թիմը։ Երկրորդ խաղակեսում «Աթլետիկոն» որոշակի ճնշում գործադրեց, բայց մենք տեսանք այս մրցաշրջանում «Բարսելոնայի» ամենալիարժեք խաղը։

Ժոաու Ֆելիշը հրաշալի խաղաց, լավ էր ընտրում դիրքը։ Նա մեր ջոկերն էր։ Ֆելիշը երջանիկ է, ակտիվ եւ գոհ իր խաղից։ Նա շատ խելացի էր գործում։ Թիմում նրան հրաշալի են ընդունել։ Ֆելիշն ավելի է միավորել թիմը։ Ուրախ եմ նրան տեսնել մեր կազմում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Աթլետիկոն» նահանջեց չորրորդ տեղ՝ 31 միավոր։

 

 

 

ԾԱՆՐԱՄԱՐՏՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանի 10 ծանրորդ կմասնակցի Քաթարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 4-ին մեկնարկած ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան Պրի  երկրորդ մրցաշարին։

100 երկրների 400  ծանրորդներ կպայքարեն նաեւ 2024թ. Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար։

Կանանց Հայաստանի թիմում Արտաշես Ներսիսյանն ընդգրկել է Ալեքսանդրա Գրիգորյանին (59 կգ),  Տաթեւ  Հակոբյանին, Լիանա Գյուրջյանին (երկուսն էլ ՝ 81 կգ)  եւ Հռիփսիմե Խուրշուդյանին (87 կգ). հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am)։

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

 




Լրահոս