ՔՊ-ԱԿԱՆԸ ՆՄԱՆՎՈՒՄ Է «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում: Այս անգամ խոսքը ԱԺ-ում ոչնչով աչքի չընկնող, հազվադեպ ելույթներ ունեցող Արեն Մկրտչյանի մասին է: Նա երեկ Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ ու իսկական շոու էր բեմադրել: Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որ ժամանակ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները անվստահություն հայտնեցին Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, այն կուսակցությունը, որի հովանավորը Ռուբեն Վարդանյանն է, եւ որի ազատության համար փաստացի ոչինչ չի անում Նիկոլ Փաշինյանի թիմը: Եվ, ահա, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը վերջին անգամ անհիշելի ժամանակներից է ԱԺ-ում ելույթ ունեցել կամ որեւէ նախագիծ հեղինակել, որոշել էր Ալավերդու համայնքապետարանում շոու բեմադրել եւ գոնե այնտեղ աչքի ընկնել: Նա անընդհատ կռիվ էր հրահրում, անվայելուչ պահվածք էր դրսեւորում եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հասցեին: Ուշագրավ է, որ 2022թ.-ի՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում պարտվել էր «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչեւ հիմա մեղավոր համարում են Արեն Մկրտչյանին: Հիմա, փաստորեն, ընտրությունները տապալած Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների եւ անվայելուչ շոուների միջոցով Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալ ու թիմակիցների մոտ նորից իր հանդեպ վստահություն ձեւավորել՝ դառնալով մերօրյա Շմայս:

 

 

 

 

 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում շինարարության ծավալները, 2021 թվականի համեմատ, ավելացել են գրեթե 7 մլրդ դրամով։ Վերջին տարիներին թե՛ Երեւանում, թե՛ մարզերում տեղ ու դադար չկա, ամենուր շինարարական հրապարակներ են եւ վեր խոյացած կռունկներ։ Վերջին տարիներին Հայաստանում կա նաեւ կենտրոնացվածության խնդիր, այսինքն՝ ըստ 2022 թվականի տվյալների՝ Երեւան քաղաքում կենտրոնացված է ՀՀ 2 մլն 961 հազար բնակչության 1 մլն 92 հազարը։ Վերջին անգամ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն է հասել 2015 թվականին, բայց նույնիսկ այդ ժամանակ չկար բնակարանային ֆոնդի նման քանակի կառուցում։ Այսօր Հայաստանը հենց այդ պատճառով կանգնած է փոշուց օդի աղտոտման լուրջ խնդրի առաջ. այս մասին փաստում են մասնագետները։ Հաջորդ խնդիրը, որը, ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների, կանխատեսվում է հաջորդ տարի, այն է, որ 2024 թվականից անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու է։ Հայաստան վերջին շրջանում եկած ռուսների մեծ մասը, որոնց աշխատանքով էլ պայմանավորված է ՀՀ տնտեսական աճի մի մասը, արդեն լքել է Հայաստանը։ Ըստ մեր աղբյուրների՝ կառուցապատողները հենց նրանց եւ Հայաստան եկած մշտական բնակություն հաստատած քաղաքացիների վրա հույս դնելով են կառուցել բարձրահարկ շենքեր, «դաունթաուններ» եւ նոր թաղամասեր՝ ամեն ինչ հողին հավասարեցնելով, սակայն սպառումը քիչ-քիչ կրճատվում է։ Այս խնդիրը փորձեցինք հասկանալ տնտեսագետ եւ փոքր ու միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան կանխատեսելի է, բայց բացարձակ այդպես չի կարող լինել. «Նման պահանջարկի դեպքում ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում։ Առաջարկ կա, գինը ցածր է, պահանջարկ կա, բարձրանում է։ Ասեմ ավելին՝ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, վաճառքը քչանա»: Դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը. Երեւանում կառուցապատման բում է, իսկ երկրաշարժից տուժած ընտանիքներից դեռ ոչ բոլորն են բնակարանով ապահովված։

 

 

 

 

 

Երեկ խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: 56 հոգի դեմ էր նախագծին, 24 հոգի՝ կողմ, մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել: ArmLur.am-ը պարզել էր, որ ձեռնպահ է քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Դա, սակայն, օրվա միակ անակնկալը չէր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունում կողմ քվեարկող է եղել։ Խոսքը Գուրգեն Արսենյանի մասին է։ Նա կողմ է քվեարկել «ՀայաՔվե»-ի նախագծին։ Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Հռիփսիմե Հունանյանը, չի մասնակցել նախագծի քվեարկությանը, թեեւ դահլիճում դիմակով նստած էր:

 

 

 

 

Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։ ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժեւորում եւ կարեւորում է նման միջոցառումները, նաեւ նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։ Նամակում առկա են բազմաթիվ ուղղագրական սխալներ, եւ այն ուղարկել է ԿԳՄՍ նախարարությունը։ Instagram-ում «սթորիներ» անելուց հետո Անաիսին չեն համաձայնել նույնիսկ վարձով տարածք տալ։ Անաիս Սարդարյանի ինստագրամյան «սթորիներից» հետո Դանիել Դանիելյանը ընդունել եւ ամբողջ սխալը իր վրա է վերցրել։ Անաիս Սարդարյանի ինստագրամյան սթորիներից հետո, երբ բողոքի ալիք բարձրացավ, նրան ոչ թե անվճար, այլ վարձակալության սկզբունքով տրամադրել են «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ Սրահի վարձակալության համար պահանջել են  1 մլն 300 հազարից մինչեւ 1 մլն 500 հազար դրամ. թե, ըստ պայմանագրի, որքան գումար էր, Անաիսը դժվարացավ ասել։ «Կարող էին էդ գումարը չվերցնել, եւ մենք 1 միլիոն դրամի ավել բոթաս կունենայինք»,- ասաց Անաիս Սարդարյանը: Կարճ ասած, հանրային ճնշումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է դերասանուհու պահանջը, եւ համերգը կկայանա։

 




Լրահոս