«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի կառավարության հրապարակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ:
-Պարո՛ն Աբովյան, ի վերջո, ի՞նչ է «Խաղաղության խաչմերուկ»-ը, ի՞նչ է այն մեզ տալու:
-Նախ՝ դա խոնավ հեքիաթների շարքին է դասվում: Մի քանի տարի առաջ մերօրյա իշխանությունները «Հայկական խամերուկ»-ի անուն էին տալիս, հիմա փոխել են «Խաղաղության խաչմերուկ», որով, իբրեւ թե, Հայաստանը պետք է դառնա, կամ իրենք են շատ ուզում, որ դառնա առեւտրային խաչմերուկ: Իհարկե, ես էլ եմ դա ուզում, սակայն սա հերթական սուտն է: Ընդ որում՝ ես հասկանում եմ, թե իրենք շատ լավ էլ հասկանում են, որ սա դժվար իրականանալի կամ անիրականանալի գործընթաց է բազմաթիվ պատճառներով: Նվազագույնը գոնե այն պատճառով, որ այն, ինչը իրենք ներկայացրել են, ամենաքիչը մեր բոլոր հարեւանների եւ թշնամիների շահերից չի բխում: Սկսենք սրանից:
-Այսինքն՝ Ադրբեջանի, Թուրքիայի շահերից չի՞ բխում, իրենք էլ էին, ախր, ցանկանում, որ ճանապարհները բացվեն:
-Ոչ, իրենք երբեք նպատակ չեն ունեցել ճանապարհ բացելու, իրենք նպատակ են ունեցել միավորվել: Մնացածը լոկ դիվանագիտական ելեւէջներով համեմված ինչ-որ արտահայտություններն են:
Սա՝ մեկ: Երկրորդ՝ եթե իշխանությունները տեղյակ չեն, հարկ եմ համարում տեղյակ պահել, որ նույն տրամաբանության ներքո Ադրբեջանը Նախիջեւանի շրջանում լուրջ շինարարական աշխատանքներ է իրականացրել, այսինքն՝ Նախիջեւանն են ուզում դարձնել տարածաշրջանային առեւտրաշրջանային գոտի, իսկ հայկական տարածքները դիտարկվում են միայն որպես տարանցիկ տնտեսական ուղիներ: Դա անհեթեթություն է:
-Պարո՛ն Աբովյան, ընդամենը օրեր առաջ սահմանին նոր զոհ ունեցանք ցավոք, եւ մենք տեսնում ենք որ իշխանությունները շարունակում են իրենց թեզը առաջ տանել խաղաղության, երեկ էլ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել այդ թեմայով: Թշնամին կրակում է, սահմանին զոհեր ունենք, եւ զուգահեռ իրականության մեջ իրենք ինչ-որ խաղաղության ծրագրեր են մշակում: Ինչպե՞ս հասկանանք այս հակասությունը:
-Դա, կարծում եմ, ծայրահեղ քաղաքական տգիտության նշան է կամ միտումնավոր ինչ-որ գործընթաց: Ասեմ ավելին՝ նույն հաջողությամբ երեկվա դեսպանների հետ քննարկմանը կարող էին քննարկել Մարս մոլորակի հայաբնակեցման թեման, որը ավելի իրատեսական է այս պարագայում:
Ինչ վերաբերում է նպատակին. իրենք, իբրեւ թե, ուզում են կառուցողական երեւան այս պարագայում խաղաղության իրենց հռչակած դարաշրջանում: Իրենց հռչակած խաղաղության հետեւանքն այն է, որ մենք մշտապես ունենում են զոհեր, մենք կորցրել ենք Հայաստանի Հանրապետության տարածքից:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ադրբեջանում տեղի իրավապաշտպանները կարող են ոտքի կանգնել՝ ի պաշտպանություն կալանավորված հայերի իրավունքների, բայց դա այնքան էլ հեշտ չէ:
Ադրբեջանցի իրավապաշտպանները, որոնք սովորաբար պատրաստ են պաշտպանել համաքաղաքացիների իրավունքները, կարծես փորձում են չմիջամտել հայերի դատավարություններին։
Իրավապաշտպան Էլդար Զեյնալովն ասում է, որ այս բանտարկյալների նկատմամբ ինքը «չեզոք-հեռու» վերաբերմունք ունի։
Իրավապաշտպանի կողմից տեղեկատվություն ստանալն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ այն կարող է օգտագործվել քննադատության, պաշտպանական արշավի համար, բայց այս հայերի հատուկ կարգավիճակը դա անհնարին է դարձնում»։
BBC-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ BBC-ն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին:
«Ադրբեջանական բանտում տասնյակ հայեր կան, որոնք ձերբակալվել կամ գերեվարվել են 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո։ Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին, ինչի՞ց է կախված նրանց վերադարձը։ Այս եւ այլ հարցերի մենք փորձել ենք պատասխանել այս տեքստում»,- գրում է BBC-ն։
«Թե կոնկրետ քանի հայ կա ադրբեջանական բանտերում, հայտնի չէ։ Նրանց թվում կան զինվորականներ (ադրբեջանական լրատվամիջոցներում նրանց հաճախ ահաբեկիչներ են անվանում), քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության անդամներ։
Ենթադրվում է, որ իրավիճակն ամենաբարդն է ռազմագերիների համար։ Հայ իրավապաշտպաններն ասում են, որ զինվորներից շատերը զոհվել են գերության մեջ։ Բացի այդ, Հայաստանը չի հավատում, որ Ադրբեջանում կա ընդամենը 33 հայ զինվորական։ Հայկական տվյալներով՝ 2023 թվականի գարնան դրությամբ դրանք 100-ից ավելի են։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որն աշխատում է բանտարկյալների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ասում է, որ պաշտոնական Բաքուն այսօր ճանաչել է Ադրբեջանում պահվող 55 անձի, որոնց թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության անդամներ։
Նրա խոսքով՝ կա «Ադրբեջանի կողմից պաշտոնապես չճանաչված եւս 80 գերի, որոնք դարձել են բռնի անհետացման զոհ», եւ ոչ ոք չի հետեւում նրանց ճակատագրին։ BBC-ի այն հարցին, թե քանի հայ է պահվում Ադրբեջանում, ո՛չ երկրի գլխավոր դատախազությունը, ո՛չ էլ արտաքին գործերի նախարարությունը չեն արձագանքել։ Հայաստանի ԱԳՆ-ն եւ օմբուդսմենը նույնպես չեն արձագանքել մեր խնդրանքներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր պատասխանում հրաժարվել է նշել թվերը։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԱԿԱՀԵՐԹԻ ՏԱԿ
Երեկ կառավարության ներկայացուցիչների, դեսպանների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում տեղի ունեցավ «Տարածաշրջանային նոր իրողությունները եւ «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողով։ Քննարկման մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը եւ ճանապարհների ապաշրջափակմանը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաեւ հայկական, իրանական, հնդկական, վրացական եւ թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետներ: Արայիկ Հարությունյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկը»-ի մասին, նշում է՝ Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, այսօր էլ պատրաստ է ծառայել որպես կապող հաբ նման համագործակցության համար։ Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի ղեկավարությունը հռչակել է որպես խաղաղության օրակարգի կարեւոր մաս: ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն էլ վստահություն հայտնեց, որ Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի լիիրավ մասնակից: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաեւ Իրանում եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպանները: Թե որքանով է իրականանալի Հայաստանի կառավարության հռչակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ժամանակը ցույց կտա, բայց կարող ենք արձանագրել, որ մինչ օրս Հայաստանի խաղաղության նկրտումները միակողմանի են, իսկ թշնամին, ընդհակառակը, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, ինչի հետեւանքով ընդամենը երեկ նոր զոհ ունեցանք:
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոխել է իր որոշումը:
Բանն այն է, որ երեկ խորհրդարանում ընթացավ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի ընտրության հարցը: Թեկնածուները երեքն էին՝ Սերգեյ Մարաբյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը:
Մինչ այս ՔՊ-ականները որոշում են ունեցել ընտրել Ռուբիկ Մխիթարյանին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցության ներսում թեժ քննարկում է եղել, որից հետո որոշում է փոխվել: Ըստ այդմ՝ ՔՊ-ականները որոշել են դատավոր ընտրել Սերգեյ Մարաբյանին: Նկատենք, որ երեկ՝ հարցի քննարկման ժամանակ, ներկայացրել էր միայն ինքը:
Իրավիճակի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ եւս հայտնի են դարձել:
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում: