ՀԱՐՑԸ ԿԱ, ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում պետք է կարգավորվի անկլավ/էքսկլավների հարցը, հարցի լուծման տարբերակները մի քանիսն են, սակայն առարկայական պայմանավորվածություն դեռ չկա»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ բանակցություններում անկլավների հարց կա: Քաղաքացին նշել է, որ իրենք, ապրելով Տավուշի մարզում, չեն ցանկանում անորոշության մեջ ապրել եւ ուզում են, որ այդ հարցում հստակություն մտցվի։ 

 

«Նման հարց, այո՛, կա: Սակայն ի՞նչ է նշանակում այդ հարցը, որտեղի՞ց կա եւ ինչո՞ւ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության սկզբունքներից մեկն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքների հիման վրա: Երբ ասում ենք Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք Խորհրդային Միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին, եւ Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այս հարցը պետք է որեւէ ձեւով հասցեագրվի»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝  Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է, եւ ինքը չի կարող ուղղակի ասել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունի:

Նրա խոսքով՝ տարբերակները մի քանիսն են: «Մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Բազմաթիվ հարցեր կան այստեղ: Նախ պետք է այդ էքսկլավի տարածքը սահմանագծել, որովհետեւ պետք է վերահաստատել, թե ինչքան է այդ էքսկլավի տարածքը: Երկրորդը՝ եթե մենք հենց այս ֆիզիկական պարամետրերով ենք այս հարցը լուծում, հարց կա՝ անմիջական սահման Արծվաշենի հետ մենք չունենք, ինչպե՞ս ենք մենք մեր սահմանից մինչեւ Արծվաշենի սահման գոյություն ունեցող տարածքն անցնելու եւ համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր հերթին այդ պարագայում»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ հարցը կարող է լուծվել նաեւ ուրիշ տարբերակով՝ այն էքսկլավ/անկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե Հայաստանի տարածք, այն, որ պարփակված է Ադրբեջանի տարածքով, սկսում է համարվել Ադրբեջանի տարածք: Սա, սակայն, արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է  նաեւ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվի:

Բանակցություններում այդ թեմայով քննարկումներ, ըստ վարչապետի, եղել են: Այս թեմայով կոնկրետ առարկայական պայմանավորվածություն, փոխադարձ համաձայնություն չկա:

«Անկլավ-էքսկլավների հարց, այո՛, կա, այդ հարցի լուծման տարբերակները ես մոտավորապես ասացի»,- նշեց նա՝ հավելելով, որ հարցի լուծման տարբերակի շուրջ համաձայնություն հիմա չկա:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ

ԱՄՆ 60 սենատոր միացել են դեմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի եւ Աննա Էշուի նամակին: Նրանք կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին եւ մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

«Քանի որ Կոնգրեսը դիտարկում է լրացուցիչ ֆինանսավորում մեր դաշնակիցների անվտանգությունը բարձրացնելու համար, մենք կցանկանայինք ընդգծել Հայաստանի Հանրապետության խոցելի ժողովրդավարությունը, որն ամերիկյան աջակցության կարիքն ունի։

Մենք վճռականորեն աջակցում ենք օրինագծին ամրապնդելու համար ԱՄՆ-ի եւ Հայաստանի գործընկերությունն անվտանգության ոլորտում եւ լուծելու այն հումանիտար լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով»,- ասված է նամակում։

 

 

 

 

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խորհրդարանում հայտարարեց, թե Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը վիրահատվել եւ այդ պատճառով  ներկա չէ դատավորի ընտրության հարցով քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նախագահը ստում է: Բանն այն է, որ» մեր տեղեկություններով, Մխիթարյանը վիրահատվել էր դեռ օգոստոսին, ավելին՝ նա այժմ Վերաքննիչ քրեական դատարանում աշխատանքի է:

Հավելենք, որ առաջադրված են Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ  Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 11-ին գրել էր, որ, մեր տեղեկությունների համաձայն, ՔՊ-ին արդեն հասկացրել են, որ պետք է այնպես անեն, որ քվեարկեն Մխիթարյանի օգտին:

 

 

 

 

ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Աշխարհում չկա խնդիրների լուծման որեւէ այլ տարբերակ, քան խաղաղության գնալը, ուստի մենք բոլորս պետք է ջանք գործադրենք միմյանց հետ խոսելու համար»,- «Նոր իրողություններ եւ խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Խոսելով ՀՀ կառավարության հեղինակած «Նոր իրողություններ եւ խաղաղության խաչմերուկ»-ի մասին՝ դեսպանը նշում է՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ երկու երկրների միջեւ կապեր հաստատելը, ինչպես այս ծրագիրն է ենթադրում, նպաստում է նաեւ ազգերի մերձեցման. «Հեռավորությունը ստիպում է ազգերին, որպեսզի տարբեր կարծիքներ ունենան իրար մասին, բայց երբ նրանք առերեսվում են, ապա այդ բացասական հեռավորությունը կարող է վերանալ:

Այս առումով նախագիծը բավականին հեռանկարային է: Մենք հույս ունենք, որ սա տարածաշրջանին խաղաղություն կբերի»,-հավելեց դեսպան Նիլակշի Սահա Սինհանը:

Ադրբեջանը սեպտեմբերին էթնիկ զտում իրականացրեց Արցախում, ինչի հետեւանքով 120.000 հայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Արցախում իրականացված էթնիկ զտման մասին կան հստակ փաստեր:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքվեց դեսպանից՝ ինչու միջազգային հանրությունը հստակ գնահատական չի հնչեցնում այս մասին, ինչ դիրքորոշում ունի քաղաքակիրթ հանրությունն այս մասով. «Դուք գիտեք, որ Հնդկաստանը մշտապես աջակցել է, որպեսզի երկրները նստեն սեղանի շուրջ եւ լուծեն իրենց բոլոր հարցերը բացառապես բանակցությունների միջոցով:

Հիմա «Խաղաղության խաչմերուկ»-ի միջոցով Հայաստանը ձեռք է մեկնում խաղաղության համար: Պետք է միջոցներ գտնենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու համար»,- ասաց դեսպան Նիլակշի Սահա Սինհանը:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաեւ հայկական, իրանական, հնդկական, վրացական եւ թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետներ:

Արայիկ Հարությունյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկը»-ի մասին, նշում է՝ Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, այսօր էլ պատրաստ է ծառայել որպես կապող հաբ նման համագործակցության համար։ Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի ղեկավարությունը հռչակել է որպես խաղաղության օրակարգի կարեւոր մաս:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 




Լրահոս