ԾՆՈՒՆԴԸ, ԿՆՈՒՆՔՆ ՈՒ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի երկու բնակիչների դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների նախաքննությունը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից: 

 

«Դեպքերից մեկի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը, 2023թ. օգոստոսի 7-ին քրոջ ամուսնու տանը մասնակցելով քրոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված արարողությանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս ամուսնու հետ եւ հեռացել: Որոշ ժամանակ անց վերադառնալով՝ 32-ամյա տղամարդը նշված տան դիմաց շարունակել է վիճաբանությունը, որի ընթացքում սուր ծակող-կտրող առարկայով հարվածել է քրոջ ամուսնու որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Արմավիրի մարզի 32-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Մյուս դեպքի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ 2023թ. ապրիլի 30-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում՝ Մեծամոր քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում տեղի ունեցող մկրտության արարողության ժամանակ, Արմավիրի մարզի 23 եւ 38-ամյա բնակիչները զրուցել են կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում երիտասարդը դիտողություն է արել 38-ամյա տղամարդուն, եւ նրանց խոսակցությունը վերաճել է վիճաբանության։ Այնուհետեւ տեղափոխվելով նշված սրահից մոտ 100 մետր հեռավորությամբ գործող մարզասրահի մոտ՝ 23-ամյա երիտասարդը մի խումբ անձանց հետ եւ 38-ամյա տղամարդը իր 27-ամյա եղբոր եւ մի խումբ անձանց հետ կատարել են խուլիգանություն՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, խախտելով հարակից շենքերի բնակիչների անդորրը, խափանելով մկրտության արարողությունը եւ խոչընդոտելով հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կողմերի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում 27-ամյա երիտասարդը դանակի գործադրման սպառնալիքով կատարել է խուլիգանություն, այնուհետեւ դիտավորությամբ հարվածել է 23-ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ եղբայրներից մեկին՝ Արմավիրի մարզի 38-ամյա բնակչին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ 27-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 23-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երկու դեպքերով վերոնշյալ 4 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթների նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Նշված երկրորդ դեպքով մի խումբ այլ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խուլիգանությանը մասնակից անձանց շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԶԻՆՎՈՐԻ ՎԻՐԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՎ

2023 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից  հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:35-ի սահմաններում՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի դիպուկահարի կրակոցից միջանցիկ գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գերասիմ Առաքելյանը:

ՔԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ նույն օրը բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Նկատի ունենալով, որ առկա են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ՀՀ ԶՈՒ զինծառայողին ապօրինաբար կյանքից զրկելու առերեւույթ հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական եւ վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

 

 

 

ԴՍՏԵՐ ՏԱՆՋԱՆՔՆԵՐԸ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ:

Դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ, մասնավորապես, քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը եւ տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում ցրտի եւ մթության պայմաններում:

Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Փ.-ի կողմից դստեր նկատմամբ նման գործողությունները կրել են պարբերական բնույթ:

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Փ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ա.Փ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: Ա.Փ.-ի իննամյա դուստրը տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն:

 

 

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ

Դեկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ ներքին գործերի նածարարության ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների թիվ 47 խումբը կանչով մեկնել է էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ խոհանոցում հայտանբերել են դիեր.  հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նշված տան բնակիչներ 58-ամյա Աննա Ա.-ի եւ 60-ամյա Գեւորգ Մ.-ի դիերը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածներն ամուսիններ էին, եւ, ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են շմոլ գազից, իսկ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազի անվտանգության համար նախատեսված հատուկ սարքը՝ անջատված, ծխահեռացման խողովակներն էլ կիսամաշված վիճակում են եղել, ու եթե գազի անվտանգության հատուկ սարքը անջատված չլիներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա:

 

 

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՄԱՀԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15 տարեկան տղա, որը, ծնողի խոսքով, նոյեմբերի 18-ին վայր է ընկել հեծանիվից։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ու մանրամասնում, որ դեպքի օրը նա աջ դաստակի եւ աջ ազդրի շրջանում ցավեր է ունեցել, սակայն, հաշվի առնելով ոչ աշխատանքային օրերը, նոյեմբերի 20-ին դիմել է Էջմիածնի հիվանդանոց, ստացել առաջին բուժօգնություն՝ ամբուլատոր կարգով:

«Նոյեմբերի 22-ին տղայի մոտ վերոնշյալ հատվածների ցավերը խորացել են, որից ելնելով՝ դիմել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ եւս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Առաջարկվել է հետագա հետազոտման եւ անհրաժեշտության դեպքում բուժումը իրականացնելու նպատակով հոսպիտալացում, սակայն տղայի ընտանիքը հրաժարվել է, եւ գնացել են տուն: Նույն օրը՝ երեկոյան, երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն՝ հեւոց։

Նոյեմբերի 23-ին նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անմիջապես կատարվել է համակարգչային շերտագրում (KT) հետազոտություն, հայտնաբերվել երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ եւ հեպատոմեգալիա։ Հետագա հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է նաեւ սեպսիս։

Վիճակի շարունակական վատացման ֆոնին երեխան անցել է ապարատային շնչառության, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան վերջնական ախտորոշումը կտրվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-հայտնում են ԲԿ-ից։

 




Լրահոս