«Իմ խնդիրը ՀՀ ապագան է, եւ իմ լիազորություննների շրջանակը ՀՀ Սահմանադրությունը տալիս է ՀՀ ապագայի վերաբերյալ. կենտրոնացված եմ այդ խնդրի վրա». երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։ Նույն Փաշինյանի ղեկավարած ՔՊ 2021թ. նախընտրական ծրագրում, սակայն, սեւով սպիտակի վրա գրված է. «Արտաքին եւ անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»: Նախընտրական այս խոստումը Նիկոլ Փաշինյանը չի կատարել: Իրականությունն էլ այն է, որ Հայաստանն Արցախին միայնակ թողեց, ավելին՝ Փաշինյանը սեպտեմբերյան ագրեսիայի օրերին հայտարարեց, որ ԼՂՀ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առանձին հատված էլ կա, որը վերնագրված է՝ «Արցախի հիմնախնդիր»: Այս բաժնում կարդում ենք. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետեւանքներին»: Այս խոստումներից որեւէ կետի իրացման ուղղությամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին:
Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, ընդամենը օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց եւ պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է. թեեւ նա վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին եւս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Առուշանյանին ՔՊ-ականները որոշել են արժանացնել Ալավերդու համայնքապետի ճակատագրին ու ազատվել նրանից: Ավելին՝ իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ ու ուսումնասիրել նրան պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել ու այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը: Ինչով կավարտվեն զարգացումները, դժվար չէ կանխատեսել: Հիշեցնենք, որ ՔՊ-ի թիրախում է նաեւ Վարդենիս խոշորացված համայնքը, քանի որ սեպտեմբերի 19-ից սկսված հանրահավաքային պայքարին հրապարակավ միացավ նաեւ սահմանամերձ Վարդենիսի ընդդիմադիր խմբակցությունը: Այս մասով նոյեմբերի 1-ին ՔՊ-ն վարչության նիստ էր արել եւ հայտարարել, որ կանդրադառնա նաեւ այս համայնքին:
Այսօր ԱԺ-ն վերջապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի կամ կտապալի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են: Երեկ ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը իշխող մեծամասնությունն իսկական մարտաֆիլմի էր վերածել, ամբողջ թիմով հարձակում էին գործել Հայկուհի Հարությունյանի վրա, մեկը մյուսին հերթ չտալով՝ սուր ու հարձակողական, թիրախավորված հարցեր էին ուղղում նրան: Ինչպես մեզ փոխանցեցին, ԱԺ նիստից դուրս եւս ՔՊ-ականները արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել Հայկուհի Հարությունյանի նկատմամբ. նրան թողել էին միջանցքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները երկուշաբթի օրը նիստ են արել եւ թեժ քննարկում ունեցել Հայկուհի Հարությունյանի մասով. իշխանականները բուռն քննարկումներից հետո որոշել են այսօր դեմ քվեարկել նրա թեկնածությանը: Իսկ ի՞նչ է ընկած ՔՊ-ականների այս անբարեհաճ վերաբերմունքի հիմքում. մեզ հաջողվեց պարզել, որ իշխանականները համարում են, թե Հայկուհի Հարությունյանն իրենց վերահսկողությունից դուրս է: Նախ՝ ՔՊ-ականներին բարկացրել է Հայկուհի Հարությունյանի այն բացահայտումը, որ հայտարարագրերի, պաշտոնի անհամատեղելիության եւ շահերի բախման մասերով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել: Բացի այս, ՔՊ-ականները վրդովվել են նաեւ նրանից, որ վերջերս մամուլում Հայկուհի Հարությունյանի հետ թեժ քննարկումից մանրամասներ են հայտնվել, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան քաղհասարակություն պլատֆորմը կոշտ հայտարարություն էր տարածել: Ահա այս պատճառով էլ ՔՊ-ականները որոշել են «պատժել» Հայկուհի Հարությունյանին: Թերեւս այս ամենը հիշեցնում է 2021թ.-ի իրադարձությունները, երբ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը եկել էր ԱԺ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը. այդ ժամանակ էլ նույն ոգեւորությամբ իշխող մեծամասնությունը հարձակվել էր Վարդազարյանի վրա, եւ, ի վերջո, գաղտնի ձայնագրությունները գործի դնելով՝ նրան հեռացրին սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի պաշտոնից: ՀՀ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը թերեւս միակ անկախ պաշտոնյան էր, որը դեռ պաշտոնավարում էր. ՔՊ-ն նաեւ նրանից կազատվի վերջնականապես: Նկատենք, որ երեկ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ ագրեսիվ-հարձակողական էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սա էլ, թերեւս, իր պատճառն ուներ. ԱԺ նախագահը ցանկանում է իր խորհրդական Հովհաննես Նալբանդյանին դարձնել ԿԿ հանձնաժողովի նախագահ:
Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործընթացը սկսվել է ՔՊ-ական պատգամավորի կնոջ անունով գրանցված ընկերության կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումից հետո: Առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 28-ին «Հետքը»-ը հրապարակել էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Նոյեմբերի 27-ին իրավապահները ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։ Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետեւանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Ըստ դատախազության՝ 2023թ.-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետեւանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։