Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեկտեմբերի 5-ին լարված իրավիճակ էր Ալավերդիում: Ավագանու 27 անդամից 14-ը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին անվստահություն է հայտնել եւ համայնքի ղեկավար ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի ուրբաթ օրը: Այս փոփոխությունը հնարավոր է եղել, քանի որ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից եւ աջակցել ՔՊ-ին: Այդ լարված իրավիճակում հնչել են վիրավորանքներ, մասնավորապես՝ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը Արեն Մկրտչյանին անվանեց սրիկա, վերջինս էլ նրան ասաց՝ «չմո»: Այս ամենի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արկադի Թամազյանի հետ:

 

-Պարո՛ն Թամազյան, եթե ընդհանուր առմամբ ամփոփենք Ալավերդիում կատարվածը, ի՞նչ տեղի ունեցավ ավագանիում: Ի վերջո, իշխանությունը հասավ իր նպատակին եւ Ձեզ պաշտոնանկ արեց: Ի՞նչ գնահատական կտաք:

-Եթե իշխանության նպատակն է տապալել, համարենք՝ տապալեցին մարդկանց սահմանադրական իրավունքը, իսկապես տապալեցին, ոստիկանական բիրտ ուժեր կիրառելով՝ զոռբայությամբ փորձում են իշխանություն վերցնեն: Իհարկե, դեռ չեն հասել իրենց վերջնական նպատակին. կա դատական համակարգ ու այլ տարբերակներ: Հարկադրանքով ցանկանում են տիրանալ համայնքի կառավարմանը: Դրանից ավել էլ ի՞նչ ասես:

-Ի՞նչ եք պատրաստվում անել, պարո՛ն Թամազյան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

-Ես չգիտեմ, այսօր մեզ մոտ շատ պայթյունավտանգ իրավիճակ է, շատ լուրջ իրավիճակ է առաջացել, չեմ կարող ասել՝ ինչ քայլերի կգնա ժողովուրդը կամ կգնա, թե չի գնա. ամեն դեպքում, իրավական ճանապարհով փորձելու ենք անել հնարավոր ամեն ինչ: Դիմելու ենք դատարան, եւ պայքարը, ինչպես եւ երեկ ես հայտարարեցի, ավելի մեծ թափ է առնելու:

-Բայց դա ինչ-որ արդյունք, ըստ Ձեզ, կտա՞:

-Չեմ կարող ասել, բայց դատարանի որոշումից է կախված:

-Պարո՛ն Թամազյան, ասացիք, որ Ժողովուրդը մտադիր է ինչ-որ քայլեր անել, խոսքը ակցիաների մասի՞ն է:

-Չեմ կարող ասել: Ժողովուրդն ամեն ինչ տեսավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ինչ պահվածք դրսեւորեցին: Իրենք ավելի վատ են տրամադրված եւ ավելի վատ են խոսում հենց իրենց կուսակիցների եւ բոլոր նրանց նկատմամբ, ում նախկինում ընտրել էին:

-Ինչ որ քննարկում եղե՞լ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ երեկվանից հետո:

-Ո՛չ, հանդիպեմ, ի՞նչ քննարկեմ: Օրինական ճանապարհը կլիներ նոր ընտրությունների գնալը:

-Այսինքն՝ հնարավո՞ր է՝ Ալավերդիում նոր ընտրություն լինի:

-Ես չեմ կարող ասել՝ նոր ընտրություն կլինի, թե ոչ: Դատարանը կարող է կասեցնել ՔՊ-ի որոշումը, կարող է եւ չկասեցնել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԱՆՏԵՍԵԼ ԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Խորհրդարանում երեկ քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այն անցնում էր բավական լարված մթնոլորտում, եւ ՔՊ խմբակցության պատգամավորները, կարծես թե, ագրեսիվ էին տրամադրված թեկնածու Հայկուհի Հարությունյանի հանդեպ:

Այդ վերաբերմունքը դրսեւորվել է նաեւ ընդմիջման ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ ՔՊ-ն արհամարհական է վերաբերվել նրան, անգամ ընդմիջմանը չեն ուղեկցել գլխադասային հանձնաժողով, ինչպես լինում էր նախկինում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նրան ուղեկցել է Արծվիկ Մինասյանի աշխատասենյակ, քանի որ Հարությունյանը մնացել էր միջանցքներում:

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք այսօր շատ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արեւմուտքը կարողանում խաբել: Այ, բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեին այդ իբր բարեկամները։ Բանն այն է, որ մենք այս մասին արդեն խոսել ենք։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ այդ «Բաստիոն» զրահամեքենաներին, դա վերացման ենթակա է։ Դա ակնհայտ է անգամ այն իրավիճակում, որը ծավալվում է (Ուկրաինայում) հատուկ ռազմական գործողության համատեքստում։ Ես մանրամասն դա մեկնաբանել եմ նոյեմբերի 22-ի ճեպազրույցում: Եթե շատ ԶԼՄ-ներ, որոնք կապ ունեն Հայաստանի ներկա իշխանությունների հետ, այդ տեղեկությունը խեղաթյուրված չներկայացնեին, չզբաղվեին հակալրագրողական գործունեությամբ, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին եւ ուղղակի խոսքին, հավանաբար, ավելի հասկանալի կլիներ, որ իսկապես հերթական անգամ Հայաստանի ժողովրդին, ցավոք, մատուցում են «ֆալշիվկա»։ Ինչո՞ւ «ֆալշիվկա». որովհետեւ «սոլյանկայի» այդ հավաքածուն տարբեր երկրների արտադրության ռազմական տեխնիկայից երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը։ Դա հո ակնհայտ է»,- նշել է նա։

Նա անդրադարձել է Հայաստանի ՊՆ հայտարարությանն այն մասին, որ բոլոր խնդիրները պետք է լուծել գործընկերության մթնոլորտում՝ նշելով, որ Ռուսաստանը միայն կարող է ողջունել դա. «ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպիսի տամադրվածություն ունի»։

 

 

ԿՍԱՀՄԱՆՎԵՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Երեւան համայնքում ավտոկայանատեղիների 2023 թվականի վճարները սահմանվել են Երեւանի ավագանու 27.12.2022 թվականի թիվ 687-Ն որոշմամբ եւ գործելու են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24:00-ն. այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։ «Հետեւաբար՝ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ. ավտոկայանատեղիների դրույքաչափերը կսահմանվեն Երեւանի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,- ասված է հայտարարությունում:

 

 

ՄԱՐԱԲՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց դեկտեմբերի 5-ին կատարված քվեարկությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվեց Հակոբ Միհրանյանը:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Սերգեյ Մարաբյանը։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 68-ը: Սերգեյ Մարաբյանի օգտին կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, մնացած թեկնածուները կողմ ձայն չէին ստացել:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խորհրդարանում հայտարարեց, թե Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը վիրահատվել եւ այդ պատճառով երեկ ներկա չէր դատավորի ընտրության հարցով քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նախագահը ստում է: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Մխիթարյանը վիրահատվել էր դեռ օգոստոսին: Ավելին՝ նա երեկ այդ պահին Վերաքննիչ քրեական դատարանում աշխատանքի էր:

Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոխել է իր որոշումը:

Մինչ այս ՔՊ-ականները որոշում էին ունեցել ընտրել Ռուբիկ Մխիթարյանին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցության ներսում թեժ քննարկում է եղել, որից հետո որոշում է փոխվել: Ըստ այդմ՝ ՔՊ-ականները որոշել են դատավոր ընտրել Սերգեյ Մարաբյանին: Երեկ արդեն մեր տեղեկությունը հաստատվեց։

 




Լրահոս