Խաչիկ գյուղի պոմպակայանը կվերագործարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրային կոմիտեում քննարկվեց Արենի բնակավայրի և Խաչիկ գյուղի հողամասերի մի մասը ոռոգման ջրով ապահովելու նպատակով ջրհան կայանի վերագործարկման առաջարկ-նախագիծը։ Ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության վրա, կխթանի գյուղական շրջանների զարգացումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը։

Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը նշեց, որ նման ծրագրի իրագործումը շատ կարևոր է տնտեսական տեսանկյունից, բայց ավելի կարևոր է խնդրի քաղաքական, սոցիալական նշանակությունը։ Խաչիկ գյուղը ՀՀ դարպասներից մեկն է, երեք կողմերից՝ հարավ-արևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Նախիջևանին և համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող գյուղ։

Վերակառուցման առաջարկները ներկայացրեցին Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի մասնագետները՝ Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ։

Մասնագետները վստահեցնում են, որ Խաչիկի պոմպակայանի առաջին աստիճանի վերագործարկումով հնարավորություն կստեղծվի Հերմոն-Ելփին ջրատարի բարձր ճնշման ջրագիծը բեռնաթափել, որը նպաստավոր պայմանների երաշխիք կստեղծի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման համար:

Խաչիկի պոմպակայանի վերագործարկումով կապահովվի նաև ջրային համակարգերի անվտանգությունը: Առաջարկների փաթեթը ամբողջական դարձնելուց հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն։




Լրահոս