Այսօր Վարշավայի նախագահական պալատում տեղի է ունեցել Լեհաստանի նորընտիր վարչապետ Դոնալդ Տուսկի և նրա կառավարության երդման հանդիսավոր արարողությունը: Կառավարության նոր կազմում է ընդգրկվել 26 նախարար:
Մինչ այդ, Սեյմում կայացած իր ծրագրային ելույթում Տուսկն ընդգծել է Լեհաստանի համար ուժեղ Եվրոպական միության կարևորությունը։ Նա խոստացել է վերականգնել Լեհաստանի առաջատար դիրքերը ԵՄ-ում, լինել ՆԱՏՕ-ի կարևոր մասն ու ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցը:
Միաժամանակ, Տուսկը հասկացրել է, որ չի համաձայնի ԵՄ պայմանագրերում որևէ փոփոխության, որը Լեհաստանին կդնի անբարենպաստ վիճակում: «Չի կարող խոսք լինել պայմանագրերում մեր շահերին հակասող որևէ փոփոխության մասին»,- ասել է նա։
Իր ելույթում Տուսկը կոչ է արել Արևմուտքին ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային։
Դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Սեյմը ձայների մեծամասնությամբ երկրի նոր վարչապետ է ընտրել եվրոպամետ քաղաքական գործիչ Դոնալդ Տուսկին, նրան հանձնարարվել է ձևավորել նոր կառավարություն։ Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը, ձեռնպահ չի եղել։