Ինչ վիճակում են երեկ վերադարձած շիրակցի գերիները․ մարզպետը նոր մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։

Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ երեկ՝ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։

Երեկ Հայաստան վերադարձած 32 գերիներից 26-ը Շիրակի մարզից են, որոնք գերեվարվել էին 2020թ-ին՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերում:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, ի՞նչ վիճակում են երեկ վերադարձած շիրակցի գերիները, առողջական ու հոգեբանական ի՞նչ խնդիրներ ունեն նրանք:

-Ես զրուցել եմ տղաների հետ, բուժննություն են անցել Մուրացան բժշկական կենտրոնում, ընդհանուր առմամբ՝ թե՛ տրամադրությունն էր նրանց լավ, թե՛ առողջական վիճակը: Եթե էական խնդիրներ լինեին, բնականաբար, տուն չէին գնա, երեկ բուժզննում անցնելուց հետո բոլորս միասին վերադարձել ենք Շիրակի մարզ:

Իսկ տղաները պատմել են՝ ինչպե՞ս են նրանց վերաբերվել Բաքվում, մանրամասներ ձեզ պատմե՞լ են:

-Այնպիսի տրամադրություն էր, որ հայրենիքում էին, ոգևորված էին, ուրախ էին, իսկ թե ինչպե՞ս են այնտեղ իրենց վերաբերվել՝ նման հարցադրումներ իմ կողմից չեն եղել, իրենք ուրախ էին, ոգևորված:

-Պարո՛ն Մուրադյան, տեղեկություն ունեք՝ Խծաբերդից գերեվարված շիրակցի բոլոր գերեվարվածնե՞րն են վերադարձել:

-44-օրյա պատերազմի գերիներից Խծաբերդում գերեվարվածներից մնացել էին 26 հոգի, նրանք բոլորն էլ երեկ վերադարձան:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս