ՖՈՏՈ․ Մայրիկիս պատրաստած թփով տոլմայի համար խելագարվում եմ. Զիրոյանը՝ Ամանորի, անցնող տարվա և մոտիվացիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է անցնող տարվա ամփոփման շարքը: Այս անգամ զրուցել ենք դերասան, հումորիստ Զիրոյանի հետ:

-Զիրոյան ջան, եթե 2023 թվականը 3 բառով բնութագրեք, ինչպի՞սն էր այն Ձեզ համար:

– Լարված, բուռն ու ստեղծագործական:

-Ո՞րն է եղել ամենամեծ խնդիրը, որ լուծել եք 2023-ին:

-Թերևս նման մեծ մասշտաբի խնդիր չեմ ունեցել, Փառք Աստծո, սակայն ինչ էլ որ եղել է, շատ գեղեցիկ ու հետաքրքիր լուծում եմ տվել:

-Կա՞ մի բան, որ 2023-ի մասին հիշելիս ձեզ ժպիտ է պարգևում:

– Ինչ ձեռքբերում որ ունեցել եմ դա էլ ժպիտ է պարգևել:

-Ամանորին ի՞նչ եք սիրում խմել՝ գինի, օղի, կոնյակ, գուցե գարեջուր կամ վիսկի…

– Ամանորը իմ՝ խմիչք նախընտրելու հետ այդքան էլ կապ չունի: Ալկոհոլ չեմ օգտագործում առհասարակ:

-Այդուամենայնիվ, Ամանորն այն տոնն է, որ թեկուզ մտովի բոլորս էլ խմում կամ կենաց ենք ասում: Ում կամ ինչ կենաց եք առաջինը խմում սկսվող տարում կամ ում եք հղում առաջին մաղթանքը:

– Իհարկե նշեցի, որ չեմ խմում, բայց դա ինձ չի սահամանափակում սահմանին կանգնած զինվորներին բարօրություն ցանկանալ:

-Քանի ընկեր ունե՞ք, հաշվե՞լ եք երբևէ:

-Ամբողջ կյանքիս ընթացքում երբևէ չեմ հաշվել՝ քանի ընկեր եմ կորցրել կամ քանի ընկեր ունեմ, քանի որ նրանց թվաքանակով չեն ընդունում և ունեմ շատ լավ ու կամեցող ընկերներ, որ միշտ կողքիս կանգնած են անկախ ամեն ինչից:

– Իսկ կհիշե՞ք քանիսին եք կորցրել 2023-ին:
– Փառք Աստծո, ոչ մեկին: Ես ամուր եմ պահում իմ ընկերությունը: Սա կփաստեն նաև հենց իմ ընկերները:

– Ձմեռ պա՞պ, թե՞ ամեն դեպքում Ձյունանուշ, ու՞մ եք ամենաշատը հավատում:

– Դե իհարկե Ձմեռ պապը Նոր տարվա ամենասպասելի հյուրն է բոլորի ընտանիքներում, բայց իմը Ձյունանուշն է(սա իհարկե որպես հումոր):

– Ի՞նչ եք ուզել Ձմեռ պապիկից այս տարի:

– Ինչպես բոլոր հայրենասեր մարդիկ՝ միմիայն խաղաղություն:

– Ձեզ խելոք պահե՞լ եք, ի՞նչ եք կարծում նվերը կբերի:

– Ես այնքան խելոք եմ ինձ պահել, որ ես էլ իրեն նվեր ունեմ տալու:

– Հունվարի մեկին բարձի տակ նայելու՞ եք՝ նվեր կա՞, թե՞ չէ:

– Չեմ նայելու՝ բարձ չունեմ:

-Հաշվարկ ունե՞ք՝ այս Ամանորը ինչքան կխլի ձեր ընտանեկան բյուջեից:

– Ամանորյա ծախսերի հաշվարկը միշտ անկանխատեսելի է. Չգիտես՝ ինչքան կծախսես: Դա էլ կարծում եմ կապված է նրա հետ, որ մենք սիրում ենք առատ սեղաններով հյուրեր ընդունել Նոր տարուն:

– Կա՞ ուտեստ, որ ողջ տարին սպասում եք՝ Ամանորին համտեսեք:

– Մայրիկիս պատրաստած խաղողի թփով տոլմայի համար խելագարվում եմ։ Իսկ առհասարակ, Ամանորի հետ ասոցացնում եմ ընդեղենը:

Ի՞նչ մոտիվացիայով եք մտնում 2024 թվական:

– Մոտիվացիան միայն ստեղծագործական է՝ աշխատել՝ հանդիսատեսին գոհացնելու համար:

– Մեր ընթերցողին ի՞նչ եք մաղթում:

– Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, եղեք բարի:

Մարիամ Ղազարյան




Լրահոս