Դեկտեմբերի 13-ին, 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական հետազոտության և ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ: Փաշինյանը հրապարակել է նաև Հայաստան վերադարձած գերիների անվանացանկը:
Հայաստան վերադարձած ռազմագերիների թվում էր նաև Հրայր Հրաչի Հերաբյանը: Նա ծննունդով Շիրակի մարզի Աշոցք գյուղից էր:
Հրայր Հերաբյանի դատավարությունը վարել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայելովը՝ Բաքվի վերաքննիչ դատարանում: Նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով և դատապարտվել 6 տարի ազատազրկման: Հոդվածների համաձայն՝ Հրայրին մեղադրանք էր առաջադրվում «ահաբեկչության և դիվերսիայի համար»: Ըստ ադրբեջանական կողմի` 2020 թվականի նոյեմբերի 26-27-ն ընկած ժամանակահատվածում իբրև նա հատել է Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետև մինչ դեկտեմբերի 13-ը զինված հարձակումներ իրագործել։
Նանիկ Աղասյան