
Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում որոշել են Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել, սոցցանցերում հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել»,- գրել է նա։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թվականի հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ շնորհեցին, բայց ոչ Վրաստանին։
ԵՄ-ն Վրաստանին նման կարգավիճակի տրամադրումը պայմանավորել է 12 պայմանների կատարմամբ։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը այս տարվա սեպտեմբերին Թբիլիսի կատարած այցի ժամանակ ասել էր, որ Վրաստանը մինչ այժմ կատարել է Եվրահանձնաժողովի կողմից առաջադրված 12 պայմաններից միայն երեքը՝ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։