ՖՈՏՈ. Ոչ մի լուր չունեինք, փնտրում էինք հիվանդանոցներում. Հայաստանին վերադարձված գերիներից մեկը գերեվարվել էր 2023 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանն Հայաստանին վերադարձրեց 32 գերիների, որոնցից 26-ը Շիրակի մարզից, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին՝ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ-Մեծ Թաղեր գյուղերում, 5-ը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից առևանգվածներն են, իսկ 1-ը՝ 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ գերեվարված Արեն Արայի Իսանյանն է:

«Անկեղծությամբ կասեմ, որ Արենը համեստության տիպար է: Շատ ծանրակշիռ, հանգիստ, հավասարակշռված բնավորություն ունի: Ծառայում էր Մարտակերտում, 6 ամիս հետո շատերի պես նա նույնպես ժամկետայինից տեղափոխվեց պայմանագրային ծառայության: 2023 թվականի սեպտեմբեի 19-ին պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորվում է ընկերներից մեկը: Ընկերոջը մենակ չթողնելու համար, փորձում է առաջին օգնություն ցուցաբերել և մնալ ընկերոջ հետ մինչև մյուս 4 ընկերները կկարողանային օգնություն կանչել կամ գտնել»,- Armlur.am-ի հետ զրույցում պատմել է Արենի մորեղբոր աղջիկը՝ Կարինե Հայրապետյանը:
Քրոջ խոսքով՝ ընկերները պատմել են, որ րոպեներ տևեց, երբ վերադարձան Արենի ու ընկերոջ մոտ, սակայն վերջիններիս չգտան:

«Ընկերնեը, երբ վերադարձան արդեն չկային, ասում են տարածքում նույնպես փնտրել են, սակայն ապարդյուն: Ոչ մի լուր չունեինք: Փնտրում էինք հիվանդանոցներում՝ մտածելով, որ ելք է գտել և ընկերոջը հիվանդանոց է հասցրել, սակայն հիվանդանոցներում էլ չգտանք»,- ասում է քույրը:

Արենը ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում, իսկ 44-օրյա պատերազմից հետո ապրում էր քաղաք Ստեփանակերտում: Արենը բազմազավակ ընտանիքի 4-րդ երեխան է. չորս եղբայր ու մեկ քույր ունի: Քույրը՝ Կարինեն ասում է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ է լրացել Արենի 20-ամյակը:

Կարինեն պատմում է, որ միայն օրեր անցան ադրբեջանական տելեգրամյան ալիքներից տեղեկացան, որ Արենին գերի են վերցրել: Ասում է տեսանյութն էլ օգնեց, որ դիմեն Կարմիր Խաչի օգնությանը՝ ճշտելու լուրի հավաստի լինելը:
«Տեսանյութում երևում է, որ Արենը ձեռքից վիրավորում է ստացել և իբր ադրբեջանցի զինվորները նրա ձեռքը վիրակապում են: Այս տեսանյութից էլ հասկացանք, որ Արենին գերի են վերցրել»,- ասում է մեր զրուցակիցը:

«Պատահական տեսանք, որ գերիներն արդեն վերադարձրել են, հույս չկար, որ եղբայրս կլիներ այդ ցանկում։ Նույնիսկ չգիտեմ, այդքան ուժ կունենայինք սպասել այդքան տարիներ, ինչպես սպասել են մյուս գերեվարվածների հարազատները»,- ասում է մեր զրուցակիցը՝ ուժ ու տոկունություն մաղթելով մյուս գերեվարվածներին ու նրանց ծնողներին։

Կարինեն պատմում է, որ, երբ հրապարակեցին Հայաստան վերադարձող գերիների ցանկը, բոլոր հրապարակումների անվանացանկը հատ առ հատ ընթերցել է, սակայն եղբոր անունը չի գտել: Ասում է բոլորը մի մարդու պես մինչև վերջին րոպեն հույսով սպասել են հրաշքի: «Հրաշքը կատարվեց և մեր հրաշքին մեզ վերադարձրեց»,- ուրախությամբ ասում է Կարինեն:

Նանիկ Աղասյան




Լրահոս