Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով:
Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, իսկ հրշեջները, դիմելով ռիսկի, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի դեմ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից:
Ժամանել է նաև Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների օպերատիվ խումբը, որոնք 1 հոգու, որը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող է, բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց:
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության խումբը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: