Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դատական համակարգում իրարանցում է:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների մի խմբի տեղեկություններ են հասել, որ իրավապահները որոշ դատավորների մասով օպերատիվ տվյալների են տիրապետում:
Մասնավորապես՝ տվյալներ կան, որ դատավորներից մեկը կաշառք է վերցրել: Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ Սնանկության դատարանի դատավորներից կոնկրետ դատավորի շուրջ օղակը սեղմվում է: Ի դեպ, դատական համակարգում անուններ են տալիս, որոնք պոտենցիալ մեղադրյալներ են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն այս պահին չի հրապարակում անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու համար: Տեսնենք, թե ինչ արդյունք կունենա իրավապահների օպերատիվ տվյալների մշակումը, եւ ինչ է սպասվում Սնանկության դատարանի դատավորներին»:
Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ դատավորը սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլանդյանն է:
Նշենք որ դատավորի կինը Անի Հարությունյան է, որը եւս անցնում է քրեական գործով :
Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Անի Հարությունյաի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:
2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:
2022 թվականի նոյեմբերի 10-ին հսկող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ էլ այս պահին ընթանում է դատական նիստը: Դատավոր Հարությունյանի պաշտպանը նշեց, որ դատական նիստը կարող են լուսաբանել, բայց ոչ տեսանկարահանել կամ լուսանկարահանել, ինչը գործը քննող դատավոր Տիգրան Դավթյանը բավարարեց:
Նշենք, որ Անի Հարությունյանն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը: Ի դեպ նրա ամուսինը Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանն է:
Քնար Մանուկյան