Ինչպես են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հատկացվում մայրության, ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց մայրության նպաստի, ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի հետ կապված մանրամասներ:

Մասնավորապես՝ նշվել է, որ մայրության նպաստ նշանակվում և վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ովքեր ԼՂ-ից տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, այսինքն՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս և նպաստի մյուս տեսակները կարող են նշանակվել և վճարվել միայն այն դեպքում, եթե շահառուն և երեխան ունեն ՀՀ բնակության հասցեով հաշվառում:

Դավիթ Խաչատրյանը նաև պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք ԼՂ-ում գործող սոցիալական երաշխիքների չափերը նույնական են ՀՀ-ում իրենց համար նախատեսված սոցիալական երաշխիքների չափերին և տեղեկացրել, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սոցիալական երաշխիքներ նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծել է, որ այս դեպքում նույնպես նպաստը տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով: Ըստ այդմ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 000 000 մլն դրամ միանվագ նպաստ, 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 500 000 դրամ միանվագ նպաստ:

Ինչ վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք որ դեպքում կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 000 դրամ աջակցությունից:

Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, այդ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի:

Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ, դա նպաստի տեսակ չէ, այլ ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիր, որով աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 2022 թվականից հետո ծնված երրորդ և հաջորդող երեխաներ:




Լրահոս