ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ՈՒ ԱԼԱՎԵՐԴՈՒ ԴԵՊՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  Ալավերդի քաղաքի ավագանու ՔՊ խմբակցությունը, ՏԻՄ օրենքի համաձայն, գումարել է նիստ՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով՝ իրացնելով իր իրավունքները:

 

«Նիստի օրը՝ առավոտյան ժամը 8-ին, Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք, եւ այդ ժամանակ փորձ է արվել հանրահավաքի մասնակիցներին հրավիրել շենքի ներս, փորձել են մուտքերը փակել: Դրանով խոչընդոտ կստեղծվեր ավագանու անդամների՝ իրենց իրավունքներն իրացնելու հարցում:

Մենք տարածել ենք հայտարարություն, որ հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու նպատակով զանգեր են արվել մանկապարտեզների, մշակույթի տների տնօրեններին, բուժամբուլատորիաների տնօրեններին, վարչական ղեկավարներին, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին եւ հորդորել, կոչ արել ժամը 8-ին լինել համայնքապետարանի մոտ, իբր, ժամը 9-ին բյուջեի քննարկում է տեղի ունենալու: Սա՝ այն դեպքում, որ ժամը 10:00-ին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցն էր քննարկվելու:

Նիստերի դահլիճի դուռը եղել է փակ, իսկ անվստահության հարցի ժամը կարգավորվում է օրենքով, այսինքն՝ եթե ավագանու անդամները ժամը 10:00-ին չկարողանային լինել դահլիճում, հիմա էլ ասելու էին՝ 10:20 է եղել, ապօրինի է:

Քվեատուփ, քվեաթերթիկներ դրված չեն եղել, աշխատակազմից որեւէ անդամ չի եղել՝ ապահովելու նիստի ընթացքը, բոլորը հանրահավաքի են եղել: Սա ժողովրդավարությո՞ւն է, թե՞ ոչ»,-ասաց նա:

Արեն Մկրտչյանը նաեւ հավելեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության անդամները ներխուժել են, շրջել են քվեատուփը քվեարկության ընթացքում, դուրս են թափել քվեաթերթիկները եւ քվեարկած 12 քվեաթերթիկ դարձել է անվավեր: Անձնական վիրավորանքների տեղատարափ տեղաց, եւ հնչեց դրան համարժեք պատասխան, բայց, միեւնույնն է, ես Ալավերդի քաղաքի բնակիչներից առհասարակ կատարվածի համար ներողություն եմ խնդրում»,- ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ ՔՊ-ն նախընտրել է ոչ թե իր համախոհներին կոչ անել գալ համայնքապետարանի մոտ, որը հղի էր բախումների վտանգով, այլ դիմել է իրավապահներին, որպեսզի նրանք ապահովեն ավագանու անխոչընդոտ գործունեության անցկացումը:

«Ժողովուրդ» օրաթերթի այն դիտարկմանը, որ ՔՊ-ն չի հաշտվում, որ պարտվել է, եւ փորձում է խլել իշխանությունը Ալավերդիում, Արեն Մկրտչյանն ասաց. «ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է, իսկ ընդդիմության նպատակն իշխանության գալն է, եւ շատ նորմալ է, որ ընդդիմությունն ուզում է դառնալ իշխանություն իրավական ճանապարհով:

Ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել է 12 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ նույնպես 12 մանդատ. հաղթող չի եղել, եւ «Հայ ազգային կոնգրես»-ը 2 տոկոս՝ 340 ձայն է ստացել»:

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է ԱՄՆ:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի դեկտեմբերի 7-8-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի գլխամասում կայանալիք The Universality of the International Criminal Court: On the importance of ratifying the Rome Statute and the Agreement on the Privileges and Immunities of the ICC խորագրով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԱՌԵՎՏՈՒՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նախորդ շաբաթվանից սկսած՝ մինչ օրս, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ ծառայությունների վարչությունը Երեւանի փողոցներից առգրավել է բացօթյա ապօրինի առեւտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ եւ ձկնկիթ: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հիշեցնեմ, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սեւանա լճում եւ Հայաստանի ողջ տարածքում»,- նշել է Կոստանյանը։

 

 

 

 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա նշել է, թե Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների եւ կոնյակի ներկրումը, սակայն այս արգելքը պետք է նախազգուշացում լինի Փաշինյանի համար, քանի որ Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է։

«Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար՝ հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու, ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազի՛ր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։

Բայց ամենակարեւորը՝ փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ եւ հայոց պետականությունը։

Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։

Խուսափե՛ք դրանից ողջ մնալու համար»,- գրել է Սաակաշվիլին:

 

 

 

ԱԼԻԵՎՆ ՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

«Ես այն ժամանակ ասացի, որ եթե «անջատողական» առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք սրտի, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք ուզում էին գալ այստեղ եւ մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան եւ Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը եւ մեր դատական համակարգի վերջնական վճռին»,- նախագահ Իլհամ Ալիեւն ասել է «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ եւ դժվարություններ» համաժողովին, որը կազմակերպել է ԶՀԳ համալսարանը Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ:

«Մենք հույս ունեինք, որ կկարողանանք կապ հաստատել Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ, բայց, ցավոք, այն մարդիկ, որոնք յուրովի մենաշնորհել էին իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։ Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։ Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին եւ ստորագրմանը, որովհետեւ անցած հոկտեմբերին Հայաստանը եւ նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սրանից եւ նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո  շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի եւ խիստ հակասական գործողություն»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո իրենց դիրքորոշումը հստակ էր. Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, եւ նրանց համար ստեղծված են բոլոր իրավական դաշտերը, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում:

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ալիեւը նշել է. «Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրախորհրդի ղեկավարի բրյուսելյան ձեւաչափով հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքի, դրան պետք է լավ պատրաստվել: Խաղաղության պայմանագիրը փոքր փաստաթուղթ է՝ 6-7 էջի սահմաններում, մոտ 20 կետով», – ասել է նա:

 




Լրահոս