ՔԵՐՈԲՅԱՆԸ՝ ԼԱՐՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրը եղել է ուժեղացված հսկողության արդյունք. այժմ հայկական մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

«Այս պահին մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով: Խնդիրներն առաջացել են ուժեղացված հսկողության արդյունքում Լարսի անցակետում, որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ մի քանի մակարդակներում խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ: Անցյալ շաբաթ օրը մեքենաների թողունակությունը վերականգնվեց»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը վստահեցրեց, որ կառավարության համար շատ կարեւոր է, որ Հայաստանում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ, ոչ միայն որպեսզի հասանելիությունն այդ շուկաներին լինի ավելի մեծ ու ավելի լավ գնով, այլ նաեւ Հայաստանի բնակչության համար: «Այդ առումով մենք վճռական ենք, որ հնարավորինս կարճ ժամանակում Հայաստանում արտադրվող ապրանքները դառնան բարձրակարգ, բարձր ստանդարտների»,-նշեց նա:

Վերջին շրջանում Վերին Լարսի անցակետում գյուղմթերք ու այլ ապրանքներ Ռուսաստան արտահանող հայկական բեռնատարները խնդիրների էին բախվել, օրեր շարունակ հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետի հերթերում էին:

«Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ 2023 ընթացքում Հայաստանից մատակարարված ծաղկի եւ պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերի աճ։

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն էր հրավիրել ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով:

 

 

 

 

 

«ՀԱՅԲՈՒՍԱԿ»-Ն ՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ

Համալսարանների շուրջ առաջացած կրքերը շարունակվում են: Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները մեկը մյուսի հետեւից հայտնվում են սկանդալների կենտրոնում՝ արժանանալով երբեմն հասարակության, երբեմն էլ իրավապահների ուշադրությանը:

 

Այժմ էլ իր վարքով աչքի է  ընկել «Հայբուսակ» համալսարանը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ստանում է բողոքներ քաղաքացիներից, որոնք պատմում են, որ համալսարանը կարծես ցանկանում է կամ արդեն իսկ դուրս է եկել բարոյականության նորմերից:

Քաղաքացիները պատմում են, որ այն ուսանողները, որոնք չեն կարողանում վարձը ժամանակին վճարել, հայտնվում են անհարմար դրության մեջ: «Անհարմար դրությունը» ոչ այլ ինչ է, քան վարձավճարի տոկոսների մարում: Փաստորեն, ստացվում է հետեւյալ պատկերը. ուսանողները չեն կարողանում վճարել ուսման վարձը, փոխարենը նրանց ոչ թե նախազգուշացնում են կամ նկատողություն տալիս, ոչ թե ժամանակ են տալիս վարձը մարելու կամ վատագույն դեպքում հեռացնում համալսարանից, այլ ասում են, որ իրենց վարձավճարը 10 %- ով ավել պետք է վճարեն:

Օրինակ՝ 500.000 դրամ տարեկան սահմանված վարձի դեպքում ուսանողը, ըստ կիսամյակի 250.000 ՀՀ դրամ վճարելու փոխարեն, պարտավորվել է վճարել 25.000 դրամ ավել: Այլ կերպ ասած՝ ուսումնական հաստատությունը վերածվել է բանկի՝ ոչ այնքան շահավետ պայմաններով ու բավականին բարձր տոկոսադրույքով:

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձեց կապ հաստատել «Հայբուսակ» համալսարանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում համալսարանում, սակայն մեր ջանքերը նրանց հետ կապվելու պսակվեցին անհաջողությամբ: Հայբուսակցիները համառորեն նույնիսկ ընդունարանի հեռախոսին չեն պատասխանում:

Այդուհանդերձ, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց համալսարան, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՊԱՐՏՎԵԼԸ՝ ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի  ԺՊ  Արա Խլոյանի՝ 2021թ. հունիսի 25-ի հրամանով՝ Արտակ Հարությունյանն  ազատվել է ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետի պաշտոնից։ Վերջինս դիմել է դատարան։ 2022թ. ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը  վճռել  է հայցը բավարարել, անվավեր ճանաչել Ա. Խլոյանի վերոհիշյալ  հրամանը, Ա. Հարությունյանին վերականգել իր նախկին աշխատանքում, ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել միջին աշխատավարձը՝ հաշվարկը կատարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։ Ա. Հարությունյանը կրկին դատարան է դիմել, այս անգամ՝ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Ռոբերտ Ալիխանյանի 2023թ. մարտի 24-ի թիվ 67-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար  Ա. Հարությունյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողության ձեւով:

Դիմելով դատարան՝ նա  հայտնել է, որ  2023թ. մարտի 23-ին ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ժ. Սահաբալյանի եւ այդ   ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ  Ռ. Ալիխանյանին ներկայացվել են զեկուցագրեր, որով հայտնել են, որ 2023թ. մարտի 19-ին «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղում մասնաճյուղի ղեկավար Ա. Հարությունյանը քաղաքացուն թույլատրել է 7-րդ պահաբաժնում իրականացնել փայտանյութի ինքնապատրաստում, որ Ա. Հարությունյանը խախտել է ազգային պարկի տնօրենի բանավոր ցուցումը՝ առանց ղեկավարությանը տեղեկացնելու հանգստյան օրով ինքնագլուխ գործունեություն է ծավալել: Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2023թ. մարտի 24-ին ստանալով նշված զեկուցագրերը՝ ինքը բացատրություն է ներկայացրել   տնօրենի ժ/Պ Ռ. Ալիխանյանին, որով հայտնել է, որ վերահսկել է փայտանյութի ինքնապատրաստման աշխատանքները, իսկ նշված օրն աշխատելը բխել է բացառապես իր աշխատանքային պարտականություններից:

Հայցադիմումի պատասխանում  ««Դիլիջան» ազգային պարկի»  տնօրենի ԺՊ  Ռ. Ալիխանյանը հայտնել է, որ հայցապահանջն անհիմն է, զուրկ է փաստական եւ իրավական հիմնավորումներից: Հուլիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է  հայցը բավարարել, անվավեր ճանաչել   Ռ. Ալիխանյանի 2023թ. մարտի 23-ի թիվ 67-Ա հրամանը,  ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից  պետական բյուջե բռնագանձել 20.000  դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

Այդ վճռի դեմ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել, այն վարույթ է ընդունվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս