ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար Հայաստանում բյուջեի նախագծով նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, ընդ որում՝ սա ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկմանը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ Ազգային ժողով ներկայացնելուց հետո 2024թ. պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում եւ դեֆիցիտում առաջացել է փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

«Դա հիմնականում պայմանավորված է ԱԺ-ում քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկները բյուջեում արտացոլելու անհրաժեշտությամբ ու նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ: 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1.2 մլրդ դրամի չափով, այդ թվում՝ 900 մլն դրամը Հայաստանում կրթություն ստացող 4360 ուսանողների ուսման վարձի նպատակով, 300 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով: Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսվել է 46.1 մլրդ դրամ, որից կենսաթոշակների գծով՝ 22.5 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավում ծրագրի գծով՝ 2.6 մլրդ դրամ, սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում ծրագրի գծով՝ 1.6 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցություն ծրագրի գծով՝ 1.5 մլրդ դրամ, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառման գծով՝ 15 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Ընդ որում՝ ըստ նախարարի՝ սա ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Ներկայումս քննարկումներ են գնում բնակարանային ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման եւ բնականոն կյանքին վերադառնալու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, որոնց հաստատման ժամանակ կապահովվեն ֆինանսական անհրաժեշտ միջոցներ:

Հավելենք, որ պահուստային ֆոնդը 2024թ. նախատեսվել է աննախադեպ 156 մլրդ դրամ մակարդակում: Կառավարությունը վստահ է, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովագրելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:

 

 

 

220 ՀԱՅՏ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

Հանրապետությունում 2022 թվականից իրականացվող սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 220 հայտ։

 

Նրանց թվում կան մարդիկ, որոնք պետական աջակցությամբ տրամադրվող ֆինանսական միջոցների առաջին, երկրորդ մասերը ստացել են, եւ տուն կառուցելու գործընթացն ակտիվ փուլում է։ Ըստ ծրագրի՝ պետությունը բանկերի, ֆինանսական կառույցների միջոցով տրամադրում է մինչեւ 16 մլն դրամի վարկ տուն կառուցելու համար։ Ամբողջ գումարը սուբսիդավորում է պետությունը, այսինքն՝ քաղաքացու վրա ոչ մի ֆինանսական բեռ չի դրվում։  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դիմելիության առումով առավել ակտիվ է Տավուշի մարզը, որին հաջորդում է Սյունիքը։

«Այս ընթացքում ծրագրում կատարվել են որոշակի լավարկումներ, եւ դրանց արդյունքում հիմա քաղաքացիների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի սահմանամերձ գյուղական բնակավայրերի զարգացումը, ժողովրդագրական, ցածր երկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը, գյուղական բնակավայրերի բնակֆոնդի թարմացումը»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Այս պահին դեռ չկան ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից հայտեր, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում դիմելիություն կլինի նաեւ իրենց շրջանում։ Ծրագրի պայմանների համաձայն՝ շահառու դառնալու համար ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Քանի որ հիմա շատ արցախցիներ այդ գործընթացի մեջ են, սպասվում է, որ քաղաքացիություն ստանալուց հետո իրենք նույնպես կհետաքրքրվեն այս ծրագրով։ Ծրագրից կարող են օգտվել գրանցված ամուսնություն ունեցող անձինք, տարիքային սահմանափակում չկա, երեխաներ ունենալու կամ չունենալու հանգամանքը եւս հաշվի չի առնվում։ Նրանք պետք է ունենան հողատարածք սահմանամերձ բնակավայրերից մեկում, ունենան նախագիծ, շինթույլտվություն։ Այդ փաստաթղթերով պետք է մոտենան բանկ ու կատարեն սովորական վարկային գործարք։ Մինչեւ 16 մլն-ի դեպքում քաղաքացու վարկունակությունը չի գնահատվում, քանի որ ամբողջ գումարը պետությունն է ապահովում։ Պետությունը կարող է առաջարկել նաեւ տան տիպային նախագծերի ցանկ, որից կարող է քաղաքացին օգտվել։

Գործընկեր բանկերի ու ֆինանսական կառույցների թիվը ներկայում 5-ն է, որոնց ցանկն ընդլայնելու միտում կա։ 2024 թվականի համար այս ծրագրով պետությունը նախատեսում է հատկացնել 1,2 մլրդ դրամ։

 

 

 

ԿԵՆՏՐՈՆԻ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի որոշման համաձայն՝ նոյեմբերի 13-ից 2,5 տոննա եւ ավելի քաշ ունեցող բեռնատարները Երեւանի փոքր կենտրոն պետք է մտնեին երեկոյան 21։00-ից մինչեւ առավոտյան 07։00-ը։

«Երթեւեկությունը կարգելվի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչեւ Սարյան եւ Գրիգոր Լուսավորչից մինչեւ Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց։ «Ֆորդ տրանզիտ» կամ «Գազել» եւ նմանատիպ մակնիշի մեքենաներն ընկնում են այդ սահմանափակումների տակ»,- ասված էր որոշման մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ այս օրերին՝ վերը նշված ժամերին, այդ փողոցներում կարող ենք հանդիպել բեռնատարների: Երեւանի կենտրոնում ողջ օրվա ընթացքում բեռնատարներն անարգել երթեւեկում են: Ստացվում է՝ որոշումը կայացվել է, ու ինչպես միշտ, չկա որեւէ վերահսկող մարմին, որը կհետեւի որոշման իրագործմանը, ինչի պատճառով էլ Երեւանի երթեւեկությունը ողջ օրվա ընթացքում խաթարված է, խցանումներն արդեն դարձել են ամենժամյա, ու այդ հարցը դարձել է մերօրյա ամենաանլուծելի խնդիրը:

 

 

 

 

ԴԵՐԵՐԸ ԿՀՍՏԱԿԵՑՎԵՆ

Կառավարությունը հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ փաթեթով առաջարկվում է սահմանել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները:

Առաջին խմբին վերապահվող լիազորությունները հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների վարմանը, խորհրդատվական նյութերի մշակմանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի մշտադիտարկմանը:

Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար սահմանում են պարտականություններ, որոնք վերաբերում են շենքի կառուցումից հետո՝ մինչեւ սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, սեփականատերերի անունից կառավարման մարմին ձեւավորելուն եւ շենքի կառուցման մեկնարկից մինչեւ կառավարման մարմնի ձեւավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի օտարման առանձնահատկություններին: Կառուցապատողը կունենա նաեւ բազմաբնակարան շենքի կառուցումից հետո շենքի փաստաթղթերը կառավարման մարմնին փոխանցելու պարտավորություն:

Օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում փաստաթղթերը չփոխանցելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն:

 




Լրահոս