Ռոմանը 5 տարեկան էր, երբ ընտանիքը Լենինգրադից վերադարձավ հայրենի Առաջաձոր գյուղ: Այստեղ նա դպրոց գնաց ու ուսում ստացավ: «Գյուղին շուտ հարմարվեց ու շատ սիրեց: Շատ էր կապված գյուղի հետ. երբ մի տեղ էր գնում, փորձում էր ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ: Մտադիր էր հետագայում էլ ապրել Առաջաձորում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2022թ.-ին, անցավ պարտադիր ժամկետային ծառայության»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է քույրը՝ Անին։
Ռոման Թելյանը ընդամենը 19 տարեկան էր, բայց իր սպորտային կազմվածքով, պատրաստվածությամբ ու խելացիությամբ մշտապես հրամանատարության ուշադրության կենտրոնում էր գտնվում: Քույրն ասում է՝ կարծես պատրաստի զինվորական լիներ:
«Ռոմանը հետախույզ էր: Հրամանատարական կազմը նրան առաջին իսկ օրվանից նկատեց եւ ընտրեց այդ խմբում: Երբ արդեն իմացանք պատերազմի մասին, փորձեցինք զանգել, կապ հաստատել նրա հետ, սակայն անարդյունք էր: Սկզբից մտածեցինք՝ նա է անջատել, որովհետեւ, երբ դիրքերում լարվում էր իրավիճակը, անջատում էր, որպեսզի չզանգենք, սակայն հետո պարզվեց, որ ողջ Արցախում է բացակայում հեռախոսակապը: Միայն սեպտեմբերի 24-ին գնացել է Առաջաձոր՝ իրենց տուն, բայց ընտանիքի անդամներին չի գտել: Գյուղն արդեն ամբողջությամբ տարհանել էին»,- պատմում է քույրը:
Անին պատմում է, որ միայն հաջորդ օրը երեկոյան Ռոմանին հաջողվեց կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Շատերի պես նրանց ընտանիքը եւս ուներ վառելիքի խնդիր: Ռոմանը սեպտեմբերի 25-ին նույնպես գնաց «Հայկազով» զորամասի պահեստ՝ վառելիք ստանալու, որտեղ էլ եւ պայթյունի ժամանակ ստացավ տարբեր կարգի այրվածքներ: Ռոմանի մարմնի 70 տոկոսն այրված էր, իսկ վիճակը գնահատվում էր ծանր: Նրան հնարավորինս շուտ տեղափոխել են Երեւանի այրվածքաբանական կենտրոն, սակայն ուղիղ 9 օր հիվանդանոցում պայքարելուց հետո մահացավ եւ Ռոմանը:
«Հիմա, որ այսպես նայում ենք ու տեսնում, որ մարդիկ, այս ամեն ինչից բացի, նաեւ իրենց որդիների, ամուսինների ու եղբայրների գերեզմաններն են կորցրել, մխիթարվում ենք, որ մենք գոնե կարող ենք գերեզմանին այցելել»,- ասում է Անին:
ՀԱՍՏԱՏԵՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթին, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
Ինստագրամյան պաշտոնական էջում մրցույթի կազմակերպիչները հայտնում են. «37 երկրների հանրային հեռարձակողներ կմասնակցեն կենդանի երաժշտության ամենամեծ իրադարձությանը՝ «Եվրատեսիլ»-ին, որը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին Շվեդիայի Մալմյո քաղաքում»:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ մասնակից հեռարձակող երկրներն են Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելգիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոլդովան, Հոլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Միացյալ Թագավորությունը:
Հավելենք, որ «Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալվելու է Շվեդիայում՝ «Եվրատեսիլ 2023»-ում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինի հաղթանակի շնորհիվ: Երգչուհին մրցույթում հաղթել էր նաեւ 2012 թվականին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Բրյունետը «Future Lover» երգով եւ զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ԿՎԱՃԱՌՎԻ
Սաուդյան Արաբիան ցանկանում է գնել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան. հաղորդում է Saxo Bank-ի կայքը։
«Սաուդյան Արաբիայի տնտեսության կառուցվածքային վերափոխումը ուղղված է նավթի եկամուտներից կախվածության նվազեցմանը, երկիրը տուրիզմի, հանգստի եւ զվարճանքների կենտրոն դարձնելուն։
Սպասվում է, որ առաջիկայում նավթի գինը կհասնի 150 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Եթե նավթի բարձր գնի ֆոնին կանաչ վերափոխումը դանդաղի, Սաուդյան Արաբիան տեսնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան գնելու հնարավորություն»,- նշվում է Saxo Bank-ի զեկույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան փորձում է սաուդյան առաջատար ակումբների համար Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք ստանալ։ Հիշեցնենք, որ 2034թ. աշխարհի առաջնությունն անցկացվելու է Սաուդյան Արաբիայում։
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստի արդյունքում հստակեցվեց, որ հերթական՝ 24-րդ ժողովը կանցկացվի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:
ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ ժողովն ընտրական է լինելու. պետք է ընտրվի ՀՖՖ նոր նախագահ: Մինչ այս պահը որպես նախագահի թեկնածուներ հաստատվել են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որն իր կարիերան ավարտել է այս ամիս, եւ արդեն նաեւ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Միշտ ասել եմ, որ կարիերայի ավարտին հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարեւոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Օզբիլիսը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուի՝ ներկայիս նախագահ եւ նախկին մարզական լրագրող Արմեն Մելիքբեկյանի անվան շուրջ տարակարծություններն ամենաշատն էին, եւ իշխանական վերնախավը կարծում էր, որ պետք չէ նրան որպես թեկնածու առաջադրել, քանի որ մրցակցություն, որպես այդպիսին, չի լինի այդ դեպքում: Կարծես թե, քաղաքական էլիտան մնացել էր առանց թեկնածուի: Ավելի ուշ Մելիքբեկյանը հաստատեց իր թեկնածությունը՝ այսպիսով արձանագրելով մեկ բան. իշխանությունից թույլտվություն ունի, կամ, այլ կերպ ասած, նրան համաձայնություն են տվել, քանի որ նա իշխող քաղաքական ուժի սիրելիներից է, չնայած որ հենց նրա պաշտոնավարման տարիներին է, որ հայկական ֆուտբոլը անդունդ է գլորվում:
Մ. ՂԱԶԱՐՅԱՆ
ԿԱՐԱԳԵՐԸ՝ ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻՆ
Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային հեռուստամեկնաբան Ջեյմի Կարագերը պատասխանել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզչին, որը Կարագերին խորհուրդ էր տվել իրեն քննադատելուց առաջ հիշել, որ կարիերայի ընթացքում ոչ մի անգամ չի նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը։
«Հավանաբար, ես էլ կնվաճեի տիտղոս, եթե «Լիվերպուլը» պատկաներ մի ամբողջ պետության եւ այդքան չանտեսեր կանոնները, որպեսզի Պրեմիեր լիգան մեզ մեղադրեր 115 անգամ։
Բայց իրականում «Տոտենհեմի» դեմ խաղից (3:3) հետո ես գովել էի Պեպի թիմին»,- սոցիալական ցանցերում գրել է Կարագերը։ Այս տարվա փետրվարին Անգլիայի Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել էր ֆինանսական կանոնների 115 խախտման համար։ Մանչեսթերյան ակումբի սեփականատերն է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ շեյխ Մանսուրը։