Դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ, հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու ազգային թիմի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը, ում թեկնածությունն առաջարկել է գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն: ՀՖՖ մեր աղբյուրները փոխանցում են, որ ֆեդերացիայում մտավախություն ունեն, որ ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են հայտարարություն տարածել, որով կաջակցեն Արազին ու կոչ կանեն ՀՖՖ նախագահ ընտրել ֆուտբոլից իսկապես հասկացող, իշխանությունների հետ չսերտաճած Օզբիլիսին: Մեր աղբյուրները պնդում են, որ տեքստն արդեն քննարկվում է, ու, որոշ բացառություններով (կան տղաներ, որոնք չեն ուզում հրապարակային հայտարարել՝ պատճառաբանելով, որ դեռ ուզում են խաղալ ու խնդիրներ չունենալ գործողների հետ), միացողները շատ են: Հետաքրքրական է, որ դեկտեմբերի 13-ին ասուլիս է հրավիրել նաեւ ՀՖՖ անդամ, առաջնության լիդեր «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ու, ըստ չճշտված տեղեկությունների, կարող է սենսացիոն բացահայտումներ անել: Սրան զուգահեռ ֆեդերացիայի աշխատակիցներն են խնդրում, որ որոշ ակումբներ Մելիքբեկյանին աջակցող հայտարարություն տարածեն, ինչը դեռեւս ամբողջությամբ չի ստացվում: Ակնհայտ է, որ իշխանությունների «դաբրո»-ն հերթական անգամ ստացած Մելիքբեկյանը ֆեդերացիայի նախագահ կընտրվի, մեղմ ասած, կասկածելի վարկանիշային վիճակում: Մեզ փոխանցում են, որ ՀՖՖ նախագահ են ընտրում այնպիսի ՀԿ-ներ, որոնց գործունեությունը, մեղմ ասած, ակտիվ ֆուտբոլային չէ, ու շատերի մասին չգիտեն նույնիսկ ֆուտբոլասերները, իսկ, ահա, հայտնիները կա՛մ դեմ են, կա՛մ իրենց թեկնածությունն ունեն, կա՛մ դեռ բանակցում են՝ խոստանալով, օրինակ, խաղադաշտ կառուցել կամ այլ կերպ վարձահատույց լինել քվեի դիմաց: Մեզ զանգահարած ֆուտբոլասերները պնդում են՝ քանի դեռ այս մարդիկ են իշխանությունների ընտրյալը, ֆուտբոլը հետընթաց է ապրելու, ու խայտառակ պարտություններ ենք կրելու: Անհասկանալի է, թե Մելիքբեկյանն ինչ ձեռքբերումներ է իբրեւ աշխատանքի արդյունք ներկայացնելու իր ընտրության օրը. թերեւս աշխատակիցների՝ ունեցվածք ձեռք բերելը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին, Գյումրիում տեղի է ունենալու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ-ականներն այդ երկու օրը անցկացնելու են Գյումրու շքեղ GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում: Ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն արդեն երկու օրով տեղեր ամրագրել են հյուրանոցում: Կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին գրել էր՝ Գյումրու մեր աղբյուրները հայտնել են, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, որը փոխքաղաքապետ կարգվեց: Հիմա, ըստ տեղեկությունների, նպատակ ունեն քաղաքապետի պաշտոնում նշանակել:
«Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է եւ կարեւոր: Դրա վկայությունն է այն, որ երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ». իշխանության գալուց հետո ահա այսպիսի շեշտադրմամբ ու հռետորաբանությամբ էր ուղերձներ հղում Նիկոլ Փաշինյանը՝ պատկերավոր եւ գեղեցիկ բառերով փաթեթավորված ներկայացնելով իր իշխանության օրոք կանանց դերի բարձրացումը քաղաքական դաշտում: Իշխող մեծամասնությունը դրոշակ էր սարքել այն, որ իրենց իշխանության օրոք պետական ապարատում կին պաշտոնյաները շատ են՝ գլխավոր դատախազ, առողջապահության նախարար եւ այսպես շարունակ: Իսկ ինչպիսի՞ պատկեր է իրականում. կին պաշտոնյաների նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքի մասին լավագույնս կարող ենք պատկերացում կազմել՝ ընդամենը հետեւելով նախորդող երկու օրերին ԱԺ-ում տիրող իրադարձություններին: Խորհրդարանը շուրջ երկու օր քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներն էլ կին էին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Թե ինչպիսի արհամարհական, վիրավորական եւ հարձակողական վերաբերմունք էին ՔՊ-ականները ցուցաբերում կին թեկնածուների նկատմամբ, բոլորի աչքի առաջ էր: Իշխանականները, օգտվելով իրենց՝ մեծամասնություն լինելու առավելությունից, «հարձակվել էին» կին թեկնածուների վրա ու ակնհայտորեն փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել, նսեմացնել նրանց: Վերջում էլ, խիստ նվաստացուցիչ վերաբերմունք ցույց տալով, հրաժարվեցին անգամ նրանց քվեարկությանը մասնակցել: ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ նիստերից դուրս էլ ՔՊ-ն արհամարհական վերաբերմունք է ցույց տվել կին թեկնածուների նկատմամբ ու անգամ նրանց սպասելու տեղ չի հատկացրել ԱԺ սենյակներում, ինչի պատճառով նրանք ստիպված են եղել ԱԺ միջանցքներում սպասել: Ահա, միայն այս ամենը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն վերամբարձ ու ականջահաճո հայտարարություններ է սիրում անել, իսկ իրականում կանանց թիրախավորում են հենց ՔՊ-ականները:
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։ Այդ փոփոխությունների նախագիծը ներկայացված է Ազգային ժողով, եւ առաջարկվում է փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերում։ Նշվում է, որ այդ համակարգի ներդրումը նպատակ ունի թեթեւացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների եւ դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով պատշաճ կերպով եւ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողություն ունենա նույն դատավարական հետեւանքները, որը կունենար ավանդական եղանակով կատարված համանման գործողությունը: