ՄԱՐԳԱՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ, որը ներկայացրել է հայ-ռուսական հարաբերությունների փուլային փոփոխության, վեկտորների շեղման, նաեւ Մարգարայի անցակետի բացման եւ նպատակների մասին։

 

-Ներկայիս իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները կարծես ուզում են վերացնել վերջնականապես: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարելի է սպասել այս ամենից, ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ: 

-Շատ ռիսկային քաղաքականություն են վարում այսօրվա իշխանությունները: Նման խառը ժամանակներում, երբ տիտաններն են կռվում, ճիշտ կլիներ փորձել Հայաստանի Հանրապետությունը անվտանգ պահել համաշխարհային բախումներից: Բայց այս իշխանությունները համաշխարհային բախումը՝ հավաքական Արեւմուտք եւ Ռուսաստան, բերեցին Հայաստան: Նրանք ռիսկային քաղաքականություն են վարում, չեն ներկայացնում, թե ինչ այլընտրանքներ ունեն: Ես այս իշխանություններին լսելիս հիշում եմ Փանջունու «Կորչի ծապլվարը, կեցցե գաղափարը» հայտնի խոսքը: Այսինքն՝ ունեն գաղափար, եւ հեչ կարեւոր չէ, որ Հայաստանը ինչ ռիսկերի, ինչ վտանգների առաջ կկանգնի, միայն թե կարողանան իրենց գաղափարն առաջ տանել:

-Ինչպե՞ս կբնութագրեք այս հարաբերությունների վատացման ֆոնին Մարգարայի անցակետի բացումը, երբ մենք ոչ ուղիղ ասում ենք, որ հարաբերությունների լավացում չենք ուզում Ռուսաստանի հետ եւ Արեւելք ու Արեւմուտք ենք խառնում իրար: Ինչո՞ւ բացեցինք անցակետն այն պարագայում, երբ մենք ո՛չ Ադրբեջանի եւ ո՛չ էլ Թուրքիայի հետ չենք բանակցել: Ի՞նչ նպատակի այն պետք է ծառայի:

-Հայաստանը երբեք անցակետ չի փակել: Այն փակել է  Թուրքիան քաղաքական նպատակներով եւ սկսել հանդես գալ ճանապարհը բացելու նախադրյալներով: Առաջինը Արցախից հրաժարումն է, որն այս իշխանությունները կատարեցին: Ցեղասպանությունից հրաժարում, ազգային սիմվոլիկայից հրաժարում: Սա թուրքական նախապայմաններ են, որոնց դիմաց միգուցե Թուրքիան ճանապարհ կբացի, որովհետեւ վերջին տարիների փորձը ցուց է տալիս, որ ինչքան հլու-հնազանդ կատարում ես պահանջները, այդքան նոր պահանջներ են ծնվում: Դա՝ մեկ, եւ երկրորդը՝ Մարգարայի ճանապարհը ասֆալտապատելը դեռ չի նշանակում, որ ճանապարհը բացել են:

-Անցակետն են վերանորոգել:

-Անցակետը  վերանորոգել են, հետո ի՞նչ: Թուքրիան ի՞նչ պահանջներ է դնելու ճանապարհը բացելու դեպքում: Բաց ճանապարհը եւ ճանապարհից օգտվելը տարբեր բաներ են: Հայաստանն առաջարկում է, որ 47 կիլոմետր կարող եք իմ ճանապարհով անցնել, 400 կիլոմետրն անցնելու է թուրքական  ճանապարհով:

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) 14-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» անվանակարգում պատվոգրի:

 

«Շնորհակալ եմ այս գնահատականի համար: Հայրենիքին ծառայելը, կարծում եմ, յուրաքանչյուր ծնված հայի առաքելությունն է: Դա չվերջացող գործընթաց է, չավարտվող աշխատանք, ու ես պատվով եմ կատարում իմ աշխատանքը, ես սիրում եմ իմ աշխատանքը:

Իհարկե, լինում են դեպքեր, իրավիճակներ, երբ խորը հիասթափությունն ուղղակի չի թողնում, որ դու շարունակես նայել ապագային, բայց մենք պարտվել ենք պատերազմի դաշտում. պարտությունը չպիտի լինի մեր հոգիներում, պարտությունը չպիտի ուղեկից լինի մեզ:

Մենք պիտի ապրենք ապագա հաղթանակների հույսով եւ ապագա հաղթանակների նպատակադրմամբ: Ես միայն այս մաղթանքն եմ ուզում այսօր հնչեցնել եւ բոլորիդ ցանկանալ ապագա հաղթանակներ, որպեսզի կարողանանք այն, ինչ կորցրել ենք, կամաց-կամաց, բլուր-բլուր հետ բերել, որովհետեւ երբեք որեւէ մեկը մեզ չի արգելում ունենալ հայրենիք:

Այս ժամանակավոր անարդարությունը, կարծում եմ, մենք կկարողանանք ազգովի հաղթահարել, եթե բոլորս լինենք միասնական, յուրաքանչյուրս կատարենք աշխատանքն այնպիսի սիրով, այնպիսի պատասխանատվությամբ եւ իսկապես այնպիսի հայրենասիրությամբ, որ անկեղծորեն հավատանք մեր աշխատանքի արդյունավետությանը:

Շնորհակալ եմ նաեւ Ձեզ, Մամիկո՛ն ջան, այս երեկոն կազմակերպելու համար: Ուզում եմ, որ յուրաքանչյուր ստացած գնահատական լինի մոտիվացնող: Խոնարհումս եմ հայտնում զոհված զինծառայողների ծնողներին, ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եւ կյանքի շարունակականությունն ապահովելու հույսի արթնացում այն բոլոր զինվորներին, որոնք իրենց կեսը թողել են պատերազմի դաշտում:

Մենք չենք պարտվել ամբողջությամբ եւ վերջնականապես. սա ժամանակավոր է, մենք պիտի նայենք առաջ, եւ ապագա սերունդները պետք է մեզ համար ավելի նոր ու հզոր հայրենիք կերտեն: Ես հավատում եմ այդ ապագային: Շնորհակալ եմ…»»։

 

 

 

 

32 ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել: Այն ներկայացնում ենք ստորեւ. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով եւ, որպես բարի կամքի դրսեւորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով եւ, որպես բարի կամքի դրսեւորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին եւ հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արեւելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արեւելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը: Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, եւ կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջեւ փոխադարձ վստահության կառուցմանը եւ դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»»:

 

 




Լրահոս