ՈՍԿԱՆՅԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Բաքվում հրապարակվել է ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավճիռը։

 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե, իբր, դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երեւում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ապօրինի սահմանահատումից մինչեւ ահաբեկչություն։

Ավելի վաղ նման ճակատագրի արժանացավ նաեւ Արցախի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը: Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնեցին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առեւանգեցին հուլիսի 29-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանը, իբր, հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։

Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որեւէ հանցագործություն չի կատարել։

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել էր Վագիֆ Խաչատրյանի դեպքին:

«Լաչինի շրջանում ադրբեջանական զորքերի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, առանց միջազգային իրավական չափանիշների եւ մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման»,- X-ի իր միիկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԱՆԻ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց՝

1) «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,

2) ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը,

3) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Արարատ Գրիգորյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը։

Որոշումներն ընդունվել են ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 6-ի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։

«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը եւ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`

Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ հրապարակումից հետո անհապաղ սույն որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Նանե Ասատրյանին»,- ասվում է որոշման մեջ:

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է համապատասխան կարգադրություն։

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել 2024 թվականի փետրվարի 7-ին ԱՀ նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտահերթ, ինչպես նաեւ վեհաժողովի լիագումար նիստին։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Սիմոնյանն ընդգծել է, որ այդ նիստերին մասնակցելու իմաստ չի տեսնում։

«Կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն  Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ եթե մենք նայենք, օրինակ, 2020 թվականին նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը՝ որպես Ռուսաստանի դաշնակից,  բազմաթիվ անգամներ շատ-շատ վատ է դրսեւորել իրեն՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց, վերջացրած պայմանավորվածությունները խախտելուց: Այսինքն՝ Ադրբեջանն ինչ ուզել, մեր տարածաշրջանում արել է, եւ Ռուսաստանը կա՛մ չի արձագանքել, կա՛մ չի կարողացել դա անել»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց՝ ռուսական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել Ուկրաինա, այնինչ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բազմիցս Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին:

«Բայց Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն մենք չլսեցինք: Խախտվել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, խախտվել են ներքին պայմանավորվածությունները, գերիների վերադարձի պայմանավորվածությունը եւ այլն, բայց Ռուսաստանը, ցավոք սրտի, Հայաստանի պարագայում շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում, իմ կարծիքով, կա՛մ չի կարողանում, կա՛մ ձեւ է անում, որ չի նկատել, որպեսզի դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը:  Ալեն Սիմոնյանն այդ մասին նամակով տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։




Լրահոս