Ամանորին հաշված օրեր են մնացել, դրսում արդեն իսկ տոնական եռուզեռ է. մարդիկ պատրաստվում են դիմավորել 2024 թվականը: Դիմավորելու ձեւերը տարբեր են. ոմանք նախընտրում են տանը ընտանիքի անդամների հետ նշել, ոմանք՝ հյուրանոցներում, ռեստորաններում, դե իսկ մի մասն էլ պարզապես նախընտրում է Նոր տարին երկրից դուրս անցկացնել՝ կտրվելով առօրյա հոգսերից:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է տուրիստական ընկերություններ՝ պարզելու, թե որքան գումար է անհրաժեշտ Ամանորը Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում անցկացնելու համար: Եվ այսպես, հայտնի տուրիստական ընկերություններից մեկը՝ Vardan travel-ը, Շարմ էլ Շեյխի հարմարավետ, ժամանցի կենտրոններին մոտ հյուրանոցում դեկտեմբերի 27-28-ից մինչեւ հունվարի 3-ը ներառյալ անցկացնելու համար մեկ անձին առաջարկում է 1200 դոլլարանոց փաթեթ: Փաթեթի մեջ ավիատոմսերն են, դիմավորում/ճանապարհումը, հյուրանոցում տոնական գալա համերգը: Ընկերությունից մեզ նաեւ փոխանցեցին, որ, կախված հյուրանոցից, կախված մնացած պայմաններից, արժեքը փոփոխական կարող է լինել, այսինքն՝ կան նաեւ ավելի մատչելի ու թանկ տարբերակներ:
Akhtamar tour տուրիստական ընկերության կայքում դեկտեմբերի 7-ի դրությամբ Շարմ Էլ Շեյխ մեկնելու համար միայն դեկտեմբերի 23-ն է առաջարկվում, վերադարձի համար ամենավաղը հունվարի 3-ն է: 3-5 աստղ գնահատվող հյուրանոցների ցանկում տուրիստական ընկերությունը առաջարկում է 4 տարբերակ՝ CATARACT LAYALINA հյուրանոցում ստանդարտ սենյակներ՝ մի դեպքում՝ 1468 դոլարով, մյուս դեպքում՝ 1503, իսկ եթե ցանկանում ենք, որ պատուհանից ծովը երեւա, մի փոքր ավելի պետք է վճարեք: Այլ կերպ ասած՝ բարձրակարգ սենյակը՝ ծովի տեսարանով, մի դեպքում արժե 1578 դոլար, մյուս դեպքում՝ 1617: Այս արժեքները եւս փոփոխական են՝ կախված հավելյալ տրամադրվող ծառայություններից:
OneWay տուրը Ամանորը Շարմ Էլ Շեյխում նշելու համար դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ի համար առաջարկում է 406.000 դրամանոց փաթեթ՝ 1 անձի համար, որը ներառում է 4 աստղ գնահատվող հյուրանոց՝ All inclusive սննդակարգով, ամանորյա ընթրիքով, դիմավորում/ճանապարհումով: Թե ինչ առաջարկներ են գործում այլ երկրների ու քաղաքների դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի հաջորդիվ:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ԳՈՄԱՂԲԸ՝ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիտում սահմանեց ՀՀ-ում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը եւ վարակազերծմանը ներկայացվող պահանջները:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս բնապահպանական ամենահրատապ խնդիրներից մեկը գոմաղբի, թռչնաղբի պահեստավորումը, տեղափոխումը, վերամշակումը եւ վարակազերծումն է։ Հաճախ գոմաղբը, թռչնաղբը չի տեղափոխվում հատուկ վայրեր, այլ հեռացվում է գյուղացիական տնտեսությունների անմիջական հարեւանությամբ: Աստիճանաբար գոմաղբի հեռացման վայրերում հողը սկսում է օքսիդանալ եւ դառնում ոչ պիտանի գյուղատնտեսության մեջ երկարաժամկետ օգտագործման համար։ Ժամանակի ընթացքում ստորերկրյա ջրերը եւ մթնոլորտը ենթարկվում են աղտոտման, որի մեջ արտանետվում են ջերմոցային գազերի՝ մեթանի արտանետումները: Յուրաքանչյուր օր ցանկացած անասնապահական ֆերմայում կուտակվում է մեծ քանակությամբ կենդանական արտաթորանք՝ գոմաղբ, թռչնաղբ, որը հիանալի պարարտանյութ է մշակաբույսերի համար, բայց առանց պահեստավորման եւ վերամշակման այն վնասակար է մի շարք պատճառներով. դրանք պարունակում են վնասակար բակտերիաներ, ճիճուների ձվեր (հելմինտներ), միջատների թրթուրներ եւ տարբեր մոլախոտերի սերմեր:
Գոմաղբի, թռչնաղբի քայքայման ժամանակ առաջացած գազերը վնասում են բույսերի արմատներին: Դրանցում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները եւ ավելորդ ջերմության առաջացումը նույնպես անբարենպաստ է, որն էլ հղի է բույսերի հիվանդություններով, բերքատվության նվազմամբ եւ նույնիսկ ամբողջ բերքի ոչնչացմամբ: Գոմաղբի, թռչնաղբի ոչ պատշաճ պահպանումը, վերամշակումը կարող են հանգեցնել աղետալի հետեւանքների, ինչի արդյունքում հողերը, ստորերկրյա ջրերը, օդը եւ մոտակա ջրային մարմինները աղտոտվում եւ թունավորվում են նիտրատներով եւ մանրէներով։ Միաժամանակ գոմաղբի պահպանման պայմանների խախտումները կարող են նպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը։
Գոմաղբը, թռչնաղբը միլիոնավոր տոննա ջերմոցային գազերի արտանետման աղբյուր է, այն աղտոտում է ջրային մարմինները, ստորերկրյա ջրերը եւ հողը, իսկ դրա պաթոգեն միկրոֆլորան վտանգավոր հիվանդությունների պատճառ է հանդիսանում: Այս նախագծով առաջարկվում է սահմանել գոմաղբի պահպանման, տեղափոխման, վերամշակման եւ վարակազերծման պահանջները, ինչը ուղղված է մարդու կյանքի եւ առողջությանը, կենդանիների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Հավելենք, որ միաժամանակ նախագծի ընդունմամբ խոշոր տնտեսվարողներին, մասնավորապես՝ թռչնաֆաբրիկաներին հնարավորություն կընձեռնվի թռչնաղբից ստանալ օրգանական պարարտանյութ:
60 ՏՈՒՆ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
Իջեւան համայնքի Լուսաձոր գյուղից հայտնեցին, որ այդտեղ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների համար 60 տուն կկառուցվի։ Այդ փոքր գյուղը կառուցվելու է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթը Լուսաձորից տեղեկացավ, որ մեկնարկել են այդ 60 տների համար հողատարածքի հատկացման, շինարարության համար նախագիծ-նախահաշիվ կազմելու աշխատանքները:
ՀԵՏՔԵՐԸ ԹԱՔՑՆՈ՞ՒՄ ԵՆ
««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։ Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 3-ին։ Դիլիջան համայնքի բնակիչները հայտնում են, որ նույնիսկ ամռանը, երբ Դիլիջան քաղաքի եւ քաղաքին հարակից գյուղերի բնակիչներն անտառ են գնում սունկ եւ ուտելի խոտաբույսեր հավաքելու համար, նրանք անզգուշությամբ կարող են հրդեհ առաջացնել, այդքան մեծ չափերի հրդեհ չի լինում, իսկ հիմա՝ ձմռան սկզբին, երբ անտառ գնացողներ չեն լինում, անտառը խոնավ է, նման մեծ չափերի հրդեհը պատահական չի կարող լինել: Դիլիջանցիները կարծում են, որ հրդեհը սարքել են, որ ազգային պարկի տարածքում կատարած մեծ հատումների հետքերը ծածկեն, ամեն ինչ վերագրեն կրակին: Հրդեհաշիջման աշխատանքների մասնակիցներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ ինքն ապշած է հրդեհի գոտում տեսածից, թե այնտեղ ինչքան հատումներ են կատարվել։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանամերձ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում աշխատում է ընդհանուր թվով 1830 ուսուցիչ եւ ուսուցչի օգնական։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ նրանցից 1722-ն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, 173-ը՝ բարձրագույն ոչ մանկավարժական կրթություն, 113-ը՝ միջին մասնագիտական կրթություն։ Մարզի հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցչի թափուր 27 հաստիք՝ տարբեր առարկաների գծով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ նրան հարցնելով, թե միջին մասնագիտական կրթություն ունեցող քանի ուսուցիչ է ազատվել աշխատանքից։ Մարզպետը պատասխանել է. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից բարձրագույն կրթություն չունեցող 4 ուսուցիչ է ազատվել աշխատանքից»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ