ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նոր շենքում հատկացնել բնակարաններ: 5 բնակարաններն առաջարկվում է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված (կամ քանդման ենթակա) եւ նախկինում բնակարան չստացած ընտանիքներին ու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 եւ Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ: Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր՝ թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք:

 

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, շենքի կառուցումն ավարտված է, շենքը հանձնված է Պետական գույքի կոմիտեի տնօրինությանը: Ըստ նախարարի՝ պետական միջոցները կազմել են շուրջ 682 միլիոն դրամ: Նախկին 2 շենքերը 38 բնակարան ունեին, այս պարագայում բնակարանների թիվը 43 է: Մակերեսային համեմատությամբ նախկին 2 շենքերի ընդհանուր մակերեսը 1800 քմ էր, նորինը՝ 2700, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր սեփականատերերն իրենց նախկին բնակմակերեսից ավելի մեծ բնակմակերեսով բնակարաններ կստանան: «Եթե նախկինում բնակիչը 2 սենյակ ուներ, հիմա եւս երկու սենյակ կունենա, ուղղակի՝ մակերեսները մեծ: Հաշվի են առնվել նաեւ հաշմանդամություն ունեցողների կարիքները: Այս որոշման արդյունքում 43 ընտանիքի 118 անձի բնակարան կնվիրենք»,- ասել է  նախարարը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ  շահագործման կհանձնվի մեկ սենյականոց 16 բնակարան, երկու սենյականոց 14 բնակարան, երեք սենյականոց 12, չորս սենյականոց 1 բնակարան:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  վթարային շենքերը լիկվիդացնելու հետ կապված խնդիրներին.  «Գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են սարքել, եւ ընտանիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան, եւ պրոբլեմը մեզ համար մնացել է նույնը: Եվ մենք ահուդողով սպասում ենք, ասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց եւ այլն: Հիմա երաշխավորե՞լ ենք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին բնակարաններում ոչ մի մարդ չի մնալու: Ընդ որում՝ սա պետք է արագ  կազմակերպել եւ ժամանակացույցով, հստակ վթարային շենքը հողին հավասարեցնել»:

ՏԿԵ նախարարի խոսքով՝ նոր բնակարանի սեփականությունը վթարային շենքի բնակիչները ստանալու են, երբ հրաժարվեն հին բնակարանի սեփականությունից։ Ըստ նախարարի՝ գործընթացն ավարտելուց հետո՝ երկու ամսում, Ապարանում շենքերը կքանդվեն։ Վարչապետը հանձնարարել է տրամադրել կոնկրետ ժամկետներ՝ վթարային երկու շենքերը քանդելու վերաբերյալ:

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՓՈԹԵՔՆԵՐԸ

Կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստում որոշեց 760 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել զինծառայողների հիփոթեքային վարկավորման օժանդակելուն ուղղված ծրագրի ապահովման համար:

Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Այս նախագծով հատկացնում ենք 2.5 մլն դրամ՝ նախկին վարկի 10 տոկոսի փոխարեն, որի միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 238 հազար դրամ, իսկ վարկի տոկոսադրույքը 5 տոկոս՝ նախկին 3 տոկոսի փոխարեն։ Բացի այդ, պետք է նշել, որ 2022-2023 թվականներին հնարավորություն է տրվել հիփոթեքային վարկով բնակարաններ ձեռք բերելու ծրագրից օգտվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, որը գերազանցել է գործող ծրագիրը։

Հիշեցնեմ, որ, կառավարության որոշմամբ, սահմանված է տարեկան 500 զինծառայողի նման հնարավարություն տալ, բայց այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողների այդ հնարավորությունը տվել ենք»։

Նշենք, որ Հիփոթեքային վարկավորման 2023թ. ծրագրին մասնակցած 1111 զինծառայողից նոյեմբերի 9-ի դրությամբ տեղեկանք է հատկացվել 933 զինծառայողի, իսկ տասը ամիսների պետական աջակցությունը կազմել է 1.744.550,0 հազար դրամ, կանխավճար է հատկացվել 389 շահառուի, իսկ 993-ին՝ սուբսիդավորում (3%, 5%): Հիփոթեքային վարկի մայր գումարի չմարված 10-ից 100 տոկոս մարման ենթակա գումար հատկացվել է 59 շահառուի:

2023թ. ընթացքում 500 բնակարանի (բնակելի տան) ձեռք բերման դեպքում անհրաժեշտ բյուջետային միջոցների պահանջարկը (սպասողական ցուցանիշներ) կարող է կազմել 2.216.811,0 հազար դրամ:

Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացնել նախատեսվող ծախսերի ֆինանսավորումը 2023թ. հաստատված նախահաշիվների եւ կնքված պայմանագրերի գների տարբերության հետեւանքով առաջացած ազատ ֆինանսական միջոցների հաշվին:

 

 

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Արթուր Հովհաննիսյանը 2018 թվականի իր հայտարարագրում որպես սեփական տրանսպորտային միջոց հայտարարագրել է Nissan X-Trail մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2008 թվականին։ 2022 թվականի տարեկան հայտարարագրում նա նշել է 2013 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականին։

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հեղափոխությունից հետո մեքենա ձեռք չի բերել, իսկ 2006-2007 թվականներին ձեռք բերված IZH բեռնատարը եւ Mitsubishi  մակնիշի մեքենան չի օտարել։

Պատգամավոր Լենա Նազարյանը մեքենա չունի, սակայն պատգամավոր ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, 2021 թվականին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա, իսկ հեղափոխությունից առաջ նա մեքենա չի ունեցել։

ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարագրել է 2 մեքենա՝ 2017 թվականին ձեռք բերված՝ 2005 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի, մյուսը 2019 թվականին ձեռք բերած՝ 2013 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ

Երեւան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ. վճարները սահմանվել են Երեւանի ավագանու 2022թ. դեկտեմբերի 27-ի թիվ 687-Ն որոշմամբ եւ գործելու են  մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24:00-ն: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից։

«Հետեւաբար 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան 12 000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ավտոկայանատեղիների դրույքաչափերը կսահմանվեն  Երեւանի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երեւան քաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ կարմիր գծերում մեքենա կայանելու գինը կաճի 13 անգամ՝ տարեկան 12,000 դրամի փոխարեն՝ 160,000 դրամ։

 

 

 




Լրահոս