ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարության դեկտեմբերի 7-ի հերթական նիստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, ներկայացնելով «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը եւ ռազմավարական գործողությունների պլանը հաստատելու մասին» նախագիծը, նշեց, որ այս տարի Հայաստանի մարզիկներն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 տոկոսով գերազանցում  է նախորդ տարվա ցուցանիշը։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկները 307 մեդալ էին նվաճել, ինչն այդ ժամանակ ռեկորդային ցուցանիշ էր։

 

Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը եւ հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարեւոր առաջնահերթություններից է, եւ  մարզիկների  նվաճումներն այդ շարունակական քաղաքականության արդյունք են։

Ըստ նախարարի՝ ոլորտում առանձին խնդիր է հաշվետվողականությունը։

«Այդ թվում օրենսդրական փոփոխությունների միջոցով վերանայվելու եւ հստակեցվելու են լիազոր մարմնի, ֆեդերացիաների, Օլիմպիական կոմիտեի եւ մարզական կազմակերպությունների հարաբերությունները։ Ներդրվելու է տեղեկատվական կառավարման համակարգ, աշխատանք է տարվելու մասնավոր ոլորտի ներգրավվածության մեծացման մասով, այդ թվում՝ կառավարման գործընթացները պատվիրակելու միջոցով։ Կմշակվեն առանձին մարզաձեւերի զարգացման ծրագրեր, ինչպես ֆուտբոլը, շախմատը, բասկետբոլը, ձմեռային մարզաձեւերը»,-հավելել է Անդրեասյանը՝ նշելով, որ ռազմավարության կարեւոր ուղղություններից է ոլորտում կարողությունների զարգացումը մարզիչների եւ մրցավարների որակավորման աստիճանական ստանդարտների ներդրման, արդի պահանջներին համապատասխան վերապատրաստումների համակարգի ներդրման եւ այլ ուղղություններով։

«Շարունակելու են գործել նվաճումներ ունեցող մարզիկների եւ նրանց մարզիչների խրախուսման գործիքները, որը թե՛ միանվագ, թե՛ ամսական իմաստով շոշափելի դրամական աջակցություն է։ Կան ամսական նույնիսկ մեկ միլիոն դրամից ավելի դրամական խրախուսում ստացող մարզիկներ»,-ընդգծել է գերատեսչության ղեկավարը՝ կարեւորելով մարզիչների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը կամավոր ատեստավորման ներդրման միջոցով։

«Այս տարի իրականացվել է 4 մարզաձեւի համար, սակայն եկող տարի կընդլայնվի՝ ընդգրկելով մեծ թվով մարզաձեւեր»,-հայտնել է նախարարը։

 

 

 

 

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ԲԱՆԱՁԵՎԸ

«Արցախիս հանդեպ անսահման կարոտը՝ իմ սրտում, ուզում եմ Արցախի պատառիկները դարձնել հավերժ ներկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Լիլիթ Հայրապետյանը:

 

Լիլիթը մասնագիտությամբ բանասեր է: Սովորել է Արցախի պետական համալսարանում: Ինչպես Լիլիթն է ասում, նրան միշտ ավելի հոգեհարազատ է եղել դերասանի մասնագիտությունը: Փոքր տարիքից քրոջ՝ Վարդինեի հետ ներկայանում էր բեմերում տարբեր կերպարներով: 2020 թվականից հետո արդեն աշխատում էր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես սկսնակ դերասանուհի, եւ հենց այդ ժամանակ էլ նկարահանվեց մեր քաջորդիների սխրագործությունները պատկերող «Արցախի լուսաբացը» կինոներկայացմանը:

Հիմա Լիլիթը ապրում է Երեւանում, բայց բեմ բարձրանալու ցանկություն չունի: Որոշել է Արցախը ներկայացնել էկոպայուսակների տեսքով:

«Ես Լիլիթ Հայրապետյանն եմ՝ արցախցի երիտասարդներից մեկը, որը փորձում է իր ունեցած տաղանդով, հնարավորություններով աշխարհին ներկայացնել ու հասանելի դարձնել Արցախն ու նրա մշակութային արժեքները: Բեմ բարձրանալու դեռ պատրաստ չեմ: Ընկճված եմ, բայց ոչ թեւաթափ: Որոշել եմ Արցախս ներկայացնել աշխարհին ազգային այլ արժեքների տեսքով։ Այսուհետ իմ հնարավորությունները կիրառելու եմ էկոպայուսակների արտադրության մեջ»,- ասում է մեր զրուցակիցը։

Լիլիթի խոսքով՝ շրջափակումը չընկճեց արցախցուն, ավելին` յուրաքանչյուրն ունեցավ պայքարի իր բանաձեւն ու ամուր էր կանգնած հայրենի հողի վրա` գիտակցելով, թե ինչպես եւ երբ է հողը դառնում հայրենիք։

«Իմ բանաձեւը ես ձեւակերպել էի հետեւալ կերպ` սիրելիիս հետ հաղթահարել բլոկադայի հետեւանքով ստեղծված սոցիալ-հոգեբանական գործոնները, ամուսնանալ ու շարունակել Արցախցու հզոր տեսակը… Ամուսնացա հուլիսի 23-ին, իսկ հետո… հետո եղավ այն, ինչ բոլորս գիտենք»,- հուզմունքով ասում է Լիլիթը:

 

 

 

«ԲԱՎԱՐԻԱ»-Ի ԱՌԱՋԱՐԿԸ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Մադրիդի «Ռեալին» առաջարկել է ֆուտբոլիստների փոխանակություն. հաղորդում է Defensa Central-ը։ Արքայական ակումբը ցանկանում է հաջորդ ամռանը ձեռք բերել մյունխենյան թիմի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսին։ «Բավարիան» առաջարկել է նրան փոխանակել «Ռեալի» բրազիլացի հարձակողական կիսապաշտպան Ռոդրիգոյի հետ։ Մյուս տարբերակը Դեւիսի փոխանակությունն է «Ռեալի» հեռանկարային կիսապաշտպան, 19-ամյա արգենտինացի Նիկո Պասի հետ, սակայն այս դեպքում մադրիդյան ակումբը պետք է նաեւ լրացուցիչ գումար վճարի։ 22-ամյա Ռոդրիգոն «Ռեալի» խաղացող է 2019 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո, Ալֆոնսո Դեւիսինը՝ 70 միլիոն եվրո, Նիկո Պասինը՝ 5 միլիոն եվրո։

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԵՐԿԱՐԱՁԳԵԼ

Նիդերլանդների հավաքականի եւ իտալական «Ինտերի» 27-ամյա պաշտպան Դենզել Դյումֆրիսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ. հաղորդում է իտալական La Gazetta dello Sport-ը։ «Ինտերը» ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ։ Դյումֆրիսի ներկայացուցիչները պահանջել են առնվազն 5 միլիոն եվրո։ Եթե կողմերը չհասնեն համաձայնության, «Ինտերը» հաջորդ ամռանը կվաճառի Դյումֆրիսի տրանսֆերը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ Դյումֆրիսն «Ինտերում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Դյումֆրիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

 

 

 

ԴՈՆԱՐՈՒՄԱՆ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է

Փարիզի ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության երկու խաղով. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում «Հավրի» դեմ հանդիպման 10-րդ րոպեին Դոնարուման հեռացվել էր վերջին հույսի խախտման համար, որի ժամանակ ոտքով հարվածել էր մրցակցի կրծքավանդակին։ ՊՍԺ-ն հաղթել էր 2:0 հաշվով։ 24-ամյա դարպասապահը չի օգնի իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին «Նանտի»  (դեկտեմբերի 9) եւ «Լիլի» (դեկտեմբերի 17) դեմ հանդիպումներում։ Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, բաց է թողել 18 գոլ։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։

Transfermarkt-ը Դոնարումայի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

 

 




Լրահոս