ԿԿՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդող երկու օրերին խորհրդարանը քննարկում էր ԿԿՀ անդամների ընտրության հարցը:

 

Իշխող մեծամասնությունն ակնհայտորեն փորձում էր ճնշում գործադրել թեկնածուների, մասնավորապես՝ Հայկուհի Հարությունյանի վրա:

Վերջում էլ որոշեցին չմասնակցել քվերակությանը, ինչի հետեւանքով խորհրդարանը երեկ այդպես էլ ԿԿՀ անդամի թեկնածուներ չընտրեց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանի հետ:

-Պարո՛ն Իոաննիսյան, նախորդող երկու օրերին խորհրդարանում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների հարցը: Երկու կին անդամներ էին առաջադրված, եւ տեսանք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, օգտվելով այն հանգամանքից, որ իրենք մեծամասնություն են կազմում Ազգային ժողովում, իրենց հարցերով, հայտարարություններով ակնհայտորեն փորձում էին ճնշում գործադրել թեկնածուների վրա, մասնավորապես՝ Հայկուհի Հարությունյանի: Վերջում էլ, արհամարհական վերաբերմունք ցույց տալով, անգամ չեկան եւ քվեարկությանը չմասնակցեցին: Ի՞նչ գնահատական կտաք կատարվածին: 

-Տեսե՛ք, ըստ էության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի շարք բացթողումներ ունի, եւ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները  մատնացույց էին անում այդ բացթողումները: Նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահն ունի որոշակի բացթողումներ՝ կապված իր ընտանիքի անդամների հայտարարագրերի հետ: Խնդիրներ կան իհարկե, բայց, մյուս կողմից, ես չեմ կարող չգնահատել այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը կարողացել է դիմադրել այն գայթակղությանը, որին որ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը չի դիմանում: Այ մեկը մեր ընկերն է, մյուսը՝ եղբայրը. հարաբերությունների մեջ մտնելու մասին է խոսքը: ԱԱԾ պետի տեղակալը իրեն զանգել եւ բան է խնդրել. դա, ըստ էության, ենթադրում էր, որ հետագայում ինքն էլ կարող էր ԱԱԾ-ից որեւէ բան խնդրել: Այս երկրում շատ պաշտոնյաներ կուզենային, որ իրենց ԱԱԾ-ից ինչ-որ բան խնդրեն, որ հետո իրենք էլ կարողանային ԱԱԾ-ին ինչ-որ բան խնդրել: Կոնկրետ այս պարագայում Հայկուհի Հարությունյանը այդ ամենը մերժել է:

Ինքը չի մտել խնամի-ծանոթ-բարեկամ ձեռք բերելու տրամաբանության մեջ, ինչը, ինչ խոսք, գնահատելի է, եւ այս առումով պետք է տեսնել, թե խորհրդարանը ում կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնին:

Եվ ո՞վ կդառնա ԿԿՀ նախագահ. որովհետեւ ես, հաշվի առնելով նախկինում եղած փորձը, վստահություն չունեմ, որ դա կլինի իրականում նորմալ, անաչառ մարդ, որն իրապես գիտակցում է այդ մարմնի անկախության կարեւորությունը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու եւ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ պայմանավորվածությունը հայ եւ ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետեւողականորեն առաջ էր մղում պահվող անձանց փոխանակելու գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը եւ նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։ Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման եւ քաղաքացիական հասարակության գծով շփումների հարցում», – գրված է հայտարարությունում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Մոսկվան նաեւ ողջունում է Երեւանի որոշումը՝ որպես բարի կամքի ժեստ հօգուտ Ադրբեջանի հրաժարվելու իր երկրի թեկնածությունից՝ 2024 թվականի նոյեմբերին ընդունելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ Բաքվի կողմից ՄԱԿ-ի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար Հայաստանի թեկնածությանն աջակցությունը։

«Ռուսական կողմը (ՌԴ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռ.Ս.-Խ. Էդելգերիեւը) շփումներ է ունեցել Բաքվի եւ Երեւանի հետ՝ նպատակ ունենալով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շուրջ ընդհանուր համաձայնության», – նշված է հայտարարությունում։

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

 

 

 

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վաշինգտոնը ողջունում է Երեւանի եւ Բաքվի համատեղ հայտարարությունը, որը վստահության կառուցման կարեւոր քայլ է։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունը՝ 2 ադրբեջանցի եւ 32 հայ պահվող անձանց ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարեւոր քայլ է, մինչ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու եւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ եւ բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», – նշված է հայտարարությունում։ Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մեծապես աջակցել տեւական եւ արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։ Ինչպես հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին. այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգային հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵՄ դեսպանն ամփոփել են վերջին շրջանում Երեւան եւ Բրյուսել փոխայցելությունների, տարբեր ձեւաչափերով կայացած քննարկումների արդյունքները՝ գոհունակություն հայտնելով քաղաքական ու անվտանգային, ինչպես նաեւ ոլորտային ուղղություններով ակտիվ երկխոսության կապակցությամբ եւ նախանշելով գործընկերության խորացմանն ուղղված հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել առաջիկայում ծրագրվող միջոցառումներին: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացի եւ դրանց ԵՄ շարունակական աջակցության, ինչպես նաեւ մարդկանց միջեւ շփումների համատեքստում ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը եւ Վասիլիս Մարագոսն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ նախօրեին ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը, վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:

 

 




Լրահոս