ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԵՏՈ ԴՐԵԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ դեկտեմբերի 6-ի հերթական նիստին ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը հարց ուղղեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկուհի Հարությունյանին. «Տիկի՛ն Հարությունյան, արդյոք Դուք երբեւէ միջազգային որեւէ կազմակերպությանը ասե՞լ եք, որ այդ կազմակերպության կամ նրա առանձին ծրագրի հետ չեք համագործակցի, եթե այդ կազմակերպությունը շարունակի աշխատել հայաստանյան փորձագետի հետ: Եթե այո, ապա արդյոք դա տեղի է ունեցել միայն մե՞կ փորձագետի առնչությամբ, թե՞ մեկից ավելի դեպքերում»:

 

Հարցին ի պատասխան՝ Հարությունյանը շեշտեց, որ եթե հարցը հնչեցվում է հանրային հարթակից, եւ միջազգային կազմակերպությունները իրենց վերագրելիության խնդիր չբարձրացնեն, պետք է խնդրի հստակ նշել, թե որ կազմակերպության մասին է խոսքը: Կարապետյանը, իր վրա պատասխանատվություն վերցնելով, նշեց, որ դա USAD կազմակերպությունից հիմնական ֆինանսավորումից ճյուղավորվող մեկ այլ կազմակերպության ֆինանսավորման մասին է: Փաստացի, Կարապետյանի խոսքով, ստացվում է, որ Հարությունյանը շփվել է օտարերկրացիների հետ եւ նրանց ասել է, որ եթե ինչ-որ իքս փորձագետը աշխատի իրենց մոտ, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կդադարեցնի համագործակցությունը կա՛մ այդ կազմակերպության հետ, կա՛մ դրա առանձին նախագծի:

«Շնորհակալություն ճշգրտման համար, ես նախորդիվ էլ եմ ասել, այժմ էլ կասեմ՝ ՀՀ կառավարության եւ Միացյալ Նահանգների զարգացման ծրագրի միջեւ առկա համագործակցության շնորհիվ՝ հանձնաժողովը սկսել է իրականացնել «Բարեվարքության խթանում» ծրագիրը, որը իրականացման տեսանյունից վերապահվել է ամերիկյան «Դելքսոլայն» կազմակերպությանը, որը հետագայում դարձել է «Դեքսիս» կազմակերպություն»: Ապա նշեց, որ փորձագետների հետ եթե եղել են խնդիրներ, ապա դրանք լուծվել են միմիայն քննարկման եղանակով՝ ֆինանսավորող կազմակերպության մասնակցությամբ: Խոսակցությանը միջամտելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստը վարողի իրավունքով որոշեց ավելի «տնավարի» հարց ուղղել Հայկուհի Հարությունյանին: «Ուզում եմ ավելի ժողովրդական եւ ավելի պարզ լեզվով կրկնել տիկին Կարապետյանի հարցը. եղե՞լ է դեպք, երբ Դուք զանգահարել եք կամ ինչ-որ ձեւով խոսելով, հաղորդակցվելով՝ ասել եք, որ եթե այս մարդն այստեղ աշխատի, ապա մենք Ձեզ հենց չենք աշխատի: Կարճ, կոնկրետ՝ այո կամ ոչ»: Հնչեց պատասխան. «Խմբակցության հանդիպման ժամանակ էլ եմ ասել՝ ո՛չ զանգ եւ ո՛չ նման ձեւակերպում իմ կողմից չի եղել»: Սիմոնյանի բազմաթիվ հարցուփորձերին, խճճող ու ճնշող հարցերին ի պատասխան՝ Հարությունյանը կրկնում էր մի բան՝ նման ձեւակերպում չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել, թե ով է եղել այդ փորձագետը, որի իրավունքները ՔՊ-ականները հրապարակավ պաշտպանում էին՝ ճնշելով ԿԿ հանձնաժողովի նախկին նախագահին: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցեցին, որ հայաստանյան այդ փորձագետը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանն է: Իրենց նախկին գործընկերոջ իրավունքներն էին հնարավոր ու անհնարին բոլոր ձեւերով փորձում պաշտպանել ԱԺ նախագահն ու Մարիա Կարապետյանը: ArmLur.am-ը կապ հաստատեց Համազասպ Դանիելյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչու է Հայկուհի Հարությունյանը վետո դրել իր գործունեությանը, եւ արդյոք Համազասպ Դանիելյանը՝ որպես անկախ փարձագետ, հանդես չի եկել, այլ փորձել է բարեվարքության գործընթացի մեջ քաղաքական գիծ տանել կամ քաղաքական թելադրանքներով բարեվարքության պրոցեսի մասնակցել եւ որոշ պաշտոնյաների կամ թեկնածուների մասով բարեվարքության գնահատականներ տալ քաղաքական թելադրանքով: Դանիելյանը, լսելով մեր հարցի բովանդակության նախնական տեքստը, շնորհակալություն հայտնեց զանգի համար, նշեց, որ զբաղված է, եւ անջատեց հեռախոսը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՄԵԿՆԵՆ ՄՈՍԿՎԱ

Դեկտեմբերի 11-13-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատգամավորները Մոսկվայում մասնակցելու են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի կողմից կազմակերպված «Քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերն ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» խորագրով 4-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում կլինեն ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորները:

ՌԴ կմեկնեն ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Տարոն Մարգարյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը:

 

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Չնայած մամուլում տարածվող լուրերին, թե Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Միսակ Բալասանյանին հետ են կանչել, դեկտեմբերի 7-ին Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդիիի Բաղդադի իր նստավայրում ընդունել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Միսակ Բալասանյանին:

Իրաքի Հանրապետության նախագահը ընդգծել է Իրաքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը հատկապես տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական, կրթական եւ զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաեւ ենթակառուցվածքների եւ ծառայությունների զարգացման առումով երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների ընդհանուր շահերը: Հանդիպման ընթացքում նախագահը դեսպանի հետ խոսել է Հայաստան կատարած այցի, ստացած տպավորությունների եւ դրա արդյունքների մասին:

Դեսպանն իր հերթին ընդծգել է Իրաքի հետ հատուկ հարաբերություններ կառուցելու եւ զարգացնելու կարեւորությունը՝ հասնելու երկու բարեկամ երկրների ընդհանուր շահերին: Դեսպանն իր խոսքում նաեւ ընդգծել է, որ Իրաքի Հանրապետության նախագահի այցը Հայաստան տեղի ձեռներեցների համար խթան կհանդիսանա ներգրավվելու ու տարբեր ոլորտներում աշխատելու իրաքյան կողմի հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը։

 

 

 

ԱՎՍՏՐԻԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Ավստրիան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին արված համատեղ հայտարարությունը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայի արտգործնախարարությունը, որում նաեւ ասված է. «Այս քայլը խթան կլինի ողջ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ բարգավաճման համար: Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ աջակցել այդ ջանքերին»:

Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։

 

 

 

ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երեկ ՔՊ խմբակցությունն առանձին հանդիպում է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընդդիմության թեկնածու Մանվել Բադալյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել փակ քննարկումից. նախ տեղեկացանք, որ նիստը հանդարտ մթնոլորտում է անցել, ՔՊ-ականներն ագրեսիվ տրամադրված չեն եղել ու հոգեբանական ճնշում չեն գործադրել, ինչպես ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ էր եղել:

Մեր տեղեկություններով՝ Մանվել Բադալյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «բարքեր են փոխվել», ինչը իշխանականների սրտով է եղել, Մանվել Բադալյանին էլ հաջողվել է ՔՊ-ականների «սիրտը շահել»:

Նկատելի էր նաեւ, որ ԱԺ-ում էլ նրա թեկնածության հարցի քննարկումը հանգիստ մթնոլորտում անցավ:

 

 

 

ԷՐԴՈՂԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տողատակում սպառնալիք հնչեցնելով, հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները, դասեր քաղելով վերջին իրադարձություններից, չպետք է սադրանքների դիմեն։

Այս մասին նա ասել է Հունաստանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

Էրդողանի խոսքով՝ Հայաստանի շահերից է բխում օգտագործել խաղաղության հնարավորությունը եւ չընկնել «ապակողմնորոշող երկրների թակարդը»:

«Բաց մի՛ թողեք հնարավորությունը, Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, ովքեր զինում են նրան, ամենակարճ ժամանակում Հայաստանը կթողնեն»,- ասել է Էրդողանը՝ ակնարկելով Ֆրանսիային:

 




Լրահոս