32 ԳԵՐԻ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել։

 

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, եւ, որպես բարի կամքի դրսեւորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, եւ, որպես բարի կամքի դրսեւորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին եւ հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արեւելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արեւելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:

Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, եւ կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջեւ փոխադարձ վստահության կառուցմանը եւ դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»:

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արարատի մարզ, գ. Արեւշատ)։

Մասնավորապես՝

– չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում եւ ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրում, լվացում եւ ախտահանում,

– արտադրական շինության պատերի եւ հատակի մակերեւույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

– չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը եւ մասնիկների թափվելու հնարավորությունն ու խոնավության խտացումը,

– բոլոր գործիքները, պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից եւ չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

– չի ապահովվել կրծողների եւ միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը, չի իրականացվել դրանց ոչնչացման գործընթաց,

– ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, ինչպես նաեւ լվանալու եւ չորացնելու համար նախատեսված միջոցներով,

– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

– սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննությունների,

– սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

 

 

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

2023 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել եւ տեսչական մարմնի կողմից զննվել եւ/կամ փորձաքննության է ենթարկվել սննդամթերքը.

միս-մսամթերք -778865.632 կգ,

կաթ-կաթնամթերք – 542291.022 կգ,

ձուկ-ձկնամթերք -186647.95 կգ,

թռչնամիս – 1013253.288 կգ,

պահածոյացված սննդամթերք – 1668724.46 կգ,

հրուշակեղեն եւ հումք – 1479719.391 կգ,

մանկական սնունդ – 41312.74 կգ,

ալկոհոլային խմիչք – 1758855.026 կգ,

ոչ ալկոհոլային խմիչք – 2453754.267 կգ,

բուսական յուղ եւ բուսական ծագման վերամշակված սննդամթերք – 540117.312 կգ,

բույսեր, տնկանյութ, սերմեր եւ սերմացուներ – 682842.4357 կգ,

թարմ եւ չոր պտուղներ – 11177874.5 կգ,

թարմ եւ չոր բանջարեղեն – 1719234.93 կգ,

ցորեն եւ այլ հացահատիկներ – 25060 կգ,

բրինձ – 567972 կգ,

ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր – 35070 կգ,

սուրճ – 1140691.792 կգ,

թեյ – 12946.812 կգ,

այլ սննդամթերք – 2335593.429 կգ:

 

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՉԿԱ

Նախկինում  Տավուշի մարզպետները ամեն ամիս մարզի Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի տարածաշրջաններում քաղաքացիների ընդունելություն  էին  կատարում, լսում նրանց  խնդիրները, ըստ հնարավորի՝ լուծում տալիս դրանց։  2021թ. ապրիլի 8-ից որպես  Տավուշի մարզպետ պաշտոնավարող Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ նրանց հարցնելով՝  որպես Տավուշի մարզպետ՝  Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում ինչ ժամանակացույցով է քաղաքացիների ընդունելություն կատարում, վերջին անգամ այդ համայնքերում երբ է քաղաքացիների ընդունելություն  կատարել։ Տավուշի մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Կապված ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կանոնադրության փոփոխության հետ՝ փոփոխություններ են կատարվում նաեւ ներքին կանոնակարգերում, այդ թվում՝ նաեւ քաղաքացիների ընդունելության կանոնակարգն է թարմացվում, եւ այս պահին դեռեւս ֆիսքված ժամանակացույց չկա։ Սակայն քաղաքացիներին բոլոր բնակավայրերից, ըստ անհրաժեշտության, մարզպետի աշխատակազմում, համայնքապետարանների աշխատակազմում հերթագրում են, եւ ՀՀ Տավուշի մարզպետը նրանց ընդունում է կա՛մ մարզպետարանում, կա՛մ բնակավայրերում, որոնցում հաճախակի է լինում աշխատանքային այցերով»։

 

 

 

ԴԻԼԻՋԱՆԻ ՀՈՂԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ

Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ հայտնել են, որ  իրենք համայնքապետարան են դիմել տնամերձ կամ այլ հողամաս ստանալու խնդրանքով, համայնքապետարանում ասել են, որ քաղաքում ազատ հողամասեր չկան։  Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է Դիլիջան քաղաքի հողերն օտարել Երեւանի բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջան  համայնքի ղեկավար Դ. Սարգսյանի՝  2023թ. նոյեմբերի 1-ի թիվ 978-Ա որոշմամբ՝ 2023թ. դեկտեմբերի 4-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1942 քառակուսի մետր մակերեսով  հողամաս (Լոտ-71 (ՔՀ-23)) Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 14/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով 13594000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 14273700 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի Մուշ թաղամասի  թիվ 57/1 տան բնակիչ Ռոման Ուզունյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 11 արձանագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս