ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ըստ Համաշխարհային բանկի հայտարարության՝ Հայաստանն ընտրվել է «Պետության եւ խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200 -ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների եւ դեռահասների հոգեկան առողջությանը եւ հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։ Դրամաշնորհով ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագիրը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։

 

2.9 միլիոն դոլար դրամաշնորհային գումարը կուղղվի Հայաստանի դպրոցներում տեղահանված երեխաների եւ դեռահասների սոցիալական ինտեգրմանը եւ դպրոցների անձնակազմի կարողությունների զարգացմանը եւ մենթորինգին՝ տեղահանված երեխաներին եւ դեռահասներին, նրանց ընտանիքներին եւ ընդունող (հյուրընկալող) համայնքների աշակերտներին հոգեկան առողջության եւ հոգեբանասոցիալական համապատասխանեցված աջակցության տրամադրման համար։

Դրամաշնորհային ծրագիրը կօժանդակի նաեւ նոր ուսումնական ծրագրում հոգեկան առողջության եւ հոգեբանասոցիալական աջակցության տրամադրման ինտեգրմանը։

«Պետության եւ խաղաղության կառուցման հովանոցային հինադրամը» (State and Peacebuilding Umbrella Trust Fund) Համաշխարհային բանկի կողմից կառավարվող բազմադոնորային գլոբալ հիմնադրամ է, որը գործընկերների հետ աշխատում է փխրունության, հակամարտության եւ բռնության դրդապատճառներին եւ ազդեցություններին անդրադառնալու եւ երկրների եւ ազդակիր բնակչությունների, համայնքների եւ կառույցների դիմակայնությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հիմնադրամին աջակցում են Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան։

Հավելենք, որ Համաշխարհային բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 500 միլիոն ընդհանուր արժեքով 10 ծրագիր։ Հայաստանում 1992թ.-ին՝ իր գործունեության սկզբից ի վեր, Համաշխարհային բանկը շուրջ 2.7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր Հայաստանը դարձավ 2023 թ.-ին, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) եւ հավատարմագրային հիմնադրամներից։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանի զարգացման ուղուն՝ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը եւ խթանելու ընդհանուր բարգավաճումը ապրելու մոլորակի վրա:

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳԵՐԻՆԵՐԸ

Երեկ կառավարությունից հայտնեցին, որ, Փաշինյանի եւ Ալիեւի պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ո՛չ ներկա եւ ո՛չ նախկին պաշտոնյաներից ոչ մեկ չկա:

 

Ավելի ուշ հրապարակվեց նաեւ Հայաստան վերադարձվող գերիների անունները։

«Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Գեւորգ Ռուբենի Սուջյանն ու ընկերը՝ Դավիթ Տիգրանի Դավթյանը, հրադադարից հետո գերեվարվել էին ադրբեջանցիների կողմից։ Նրանց մեղադրել էին լրտեսության մեջ, իբրեւ, համագործակցում էին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հետ: Բաքվի ծանր դատարանում էլ հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 279-րդ (զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում), 276-րդ (լրտեսություն) հոդվածներով եւ դատապարտել էին 15 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ Այդ օրը Սուջյանն ընկերոջ՝ Դավիթի հետ ցանկանում էր մեկնել Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մի քանի օր նրանցից տեղեկություն չունենալով՝ Սուջյանի մտերիմները ու ընկերները սոցիալական ցանցերում անընդհատ ահազանգում էին նրանցից լուր չունենալու մասին: Միայն երկու օր անց՝ նոյեմբերի 13-ին, ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութից ընկերները ճանաչել են Սուջյանին ու Դավիթին: Նրանց գերեվարել էին 2020թ. նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհին:

Տարածված անվանացանկի համաձայն՝ Հայաստան է վերադարձվում նաեւ Սերոբ Սուրենի Ավագյանը:

Սերոբ Ավագյանի դատավարությունը կատարվել է Բաքվի ծանր դատարանում՝ դատավոր Էլդար Իսմայիլովի կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով, եւ նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Նրան առաջադրվել էր մեղադրանք «ահաբեկչության եւ դիվերսիայի համար»: Ըստ ադրբեջանական կողմի` հրադադարից հետո՝  նոյեմբերի 26-27-ը, հատել են «Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արեւմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետեւ՝ մինչ դոկտեմբերի 13-ը, զինված հարձակումներ իրագործել»:

Նշենք, որ Սերոբ Ավագյանը գերեվարվել էր 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում:

Հավելենք, սակայն, որ հրապարակված ցուցակները ճշգրտված չեն, հայկական կողմից դեռ հաստատումներ չկան այն անունների, որոնք հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

 

 

ՏՈՒՐՔԵՐ՝ ՏԱՔՍԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2024 թվականի սեպտեմբերից Հայաստանում կսահմանվեն տուրքեր առցանց տաքսիների համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, իսկ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ` դեկտեմբերի 8-ին, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նրա խոսքով` էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրումների կազմակերպման ոլորտը ներկայումս շատ լայն տարածում ունի, սակայն դա ոչ մի կերպ չի կարգավորվում կամ վերահսկվում։ «Նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կկարգավորվի էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսիների պատվերներ ընդունող կամ վերաբաշխող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը։ Այն կնշանակվի որպես ծանուցում պահանջող գործունեություն: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել տարեկան 1 մլն դրամ պետական տուրք»,- ասաց Սիմոնյանը։ Բացի սրանից, առցանց պատվիրված յուրաքանչյուր տաքսի-փոխադրման համար առաջարկվում է գանձել վճար՝ անկանխիկ վճարման համար՝ 1,5% (2025 թվականից՝ 2,5%, 2026 թվականից՝ 4%)։ Կանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տուրքը կկազմի 2%, 2025 թվականից՝ 3,5%, իսկ 2026 թվականից՝ 5%։ Պահանջ կլինի նաեւ տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ եւ էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Եթե վերը նշված պահանջները չկատարվեն, կկիրառվեն վարչական տույժեր։

 

 

 

ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ՝ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Հայաստանում նախատեսվում է ինքնակամ շինություններ կառուցելու համար նախատեսված տուգանքի չափերը բարձրացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց  Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

«Առաջարկվում է ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափը բարձրացնել 750-1500-ապատիկի: Նույն արարքը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելու համար սահմանված տուգանքը բարձրացնել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի 2000-2500-ապատիկը: Եվ նշված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար տուգանքը բարձրացնել մինչեւ 2500-3000-ապատիկը»,-ներկայացրեց փոխնախարարը: 2020-2023թթ ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նշված հոդվածներով կայացվել է 4673 որոշում, որից 3427-ը՝ Երեւանում, 1246-ը՝ մարզերում:

 

 




Լրահոս