«ԳՅՈՒՄՐՈՒ ԴԱՐԲՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրու դարբնության ավանդույթը» հայտը։

 

Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը պահպանող եւ սերնդեսերունդ փոխանցող արհեստավոր ընտանիքներին, անհատ դարբիններին, դարբնությունը որպես կիրառական արվեստ-արհեստի ճյուղ դասավանդող մասնագիտական կրթական հաստատություններին, գեղարվեստական դարբնության նմուշները որպես քաղաքային մշակույթի յուրահատուկ տարր պահպանող ու ցուցադրող թանգարաններին, Գյումրի քաղաքի արհեստագործական ավանդույթների պահպանմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին եւ լայն առումով Գյումրի քաղաքի բնակիչներին, որոնք մինչ օրս պահպանում են դարբնոցում վարպետների պատրաստած իրեր պատվիրելու եւ գործածելու ավանդույթը։

Հատկապես կարելի է առանձնացնել Պապոյանների, Մարտիրոսյանների, Մնոյանների ընտանիքները, որոնք արդեն 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը ընտանիքում՝ պապից՝ հորը, եւ հորից՝ որդուն։

«Գյումրու դարբնության ավանդույթը» հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի խորհրդատվական աջակցությամբ: Հայտի պատրաստմանը մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետարանը եւ քաղաքապետարանը, դարբիններ Գարիկ Պապոյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Հովհաննես Մնոյանը, «Եռանկյունի» դարբնոցը, «Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան» եւ «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները, «Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան» ՀՈԱԿ-ը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, «Սրբազան հող» եւ «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունները:

«Գյումրու դարբնության ավանդույթը» հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարեւոր իրադարձություն է Գյումրի քաղաքի մշակույթի արժեւորման ուղղությամբ, մասնավորապես՝ արհեստագործության այնպիսի ճյուղի, ինչպիսին դարբնությունն է։

Տարրի գրանցումը ցանկում մեկ անգամ եւս արժեւորում է Գյումրի համայնքը, տոհմիկ դարբինների վարպետությունն ու գիտելիքը: Այն կնպաստի դրանց զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը:

 

 

 

ՍՈՒԱՐԵՍՆ ՈՒ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ»

Ուրուգվայցի Լուիս Սուարեսն արժանացել է Բրազիլիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին. հաղորդում է «Գրեմիոյի» մամուլի ծառայությունը։

36-ամյա ֆուտբոլիստն առաջնության 33 խաղում դարձել է 17 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ։ «Գրեմիոն» դարձել է երկրի փոխչեմպիոն։

Այս տարվա հունվարին «Գրեմիոյին» միացած Լուիս Սուարեսը չի երկարաձգել պայմանագիրը եւ այս ամիս կհեռանա ակումբից։

Սպասվում է, որ հունվարին Լուիս Սուարեսը կմիանա ամերիկյան «Ինտեր Մայամիին»։

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

Բրիտանական Daily Mail-ը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Անգլիայի Պրեմիեր լիգայում դարաշրջանում։

Առաջին տեղում է Ռայան Գիգզը, երկրորդ տեղում՝ Փոլ Սքոուլզը, երրորդ տեղում՝ Ուեյն Ռունին։

Տասնյակում են նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոյ Քինը, Էրիկ Կանտոնան, Պետեր Շմեյխելը, Ռիո Ֆերդինանդը, Դեւիդ Բեքհեմը եւ Էնդի Քոուլը։

 

 

 

 

ՌՈՒՆԻՆ՝  ԲԵԼԻՆԳԵՄԻ ՄԱՍԻՆ

Անգլիայի հավաքականի, «Էվերտոնի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Բիրմինգեմ Սիթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին հիացմունքով է խոսել Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին։

«Հրաշալի է տեսնել, թե անգլիացի ֆուտբոլիստն ինչքան լավ է խաղում այլ երկրում։ Բելինգեմը համարձակ գործեց՝ իրեն հրաշալի դրսեւորելով Գերմանիայում, հիմա էլ խաղում է աշխարհի խոշորագույն ակումբներից մեկում։ Ջուդը շատ վառ է փայլում։ Ես ուրախ եմ նրա համար։ Հույս ունեմ, որ Բելինգեմը կպահպանի այս ռիթմը մինչեւ «Եվրո-2024»-ը եւ կօգնի հավաքականին հասնել հաջողության։

Եթե նա շարունակի այսպես հանդես գալ, կարող է հավակնել նաեւ «Ոսկե գնդակի»։ Մենք անցանք Մեսիի եւ Ռոնալդուի շրջափուլը։ Նրանք գերիշխում էին անհատական մրցանակների տեսանկյունից։ Հիմա Բելինգեմի հետ կարող է պայքարել 5-6 խաղացող։ Նա կլինի առաջատար դիրքում, եթե շարունակի այսպես»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Բելինգեմն արժանացել է այս տարվա Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողի Golden Boy մրցանակին

 

 

 

 

ԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ակումբային բաժնետոմսերի 12,5 տոկոսը վաճառել է ամերիկյան Arctos Partners ընկերությանը. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ ft.com-ի տվյալներով` գործարքի գումարը հաշվարկելիս ակումբի 100 տոկոս բաժնետոմսերի ընդհանուր արժեքը գնահատվել 4,25 միլիարդ եվրո։

Arctos Partners-ն ազդեցություն չի ունենա ակումբի զարգացման ռազմավարության վրա։ Այն կկենտրոնանա կանանց թիմի եւ ակումբի ենթակառուցվածքային վերակառուցման վրա։

Arctos Partners-ը ներդրումներ ունի նաեւ «Լիվերպուլում», «Ատալանտայում», «Պորտլենդում», «Ռեալ Սոլթ Լեյքում», «Յուտայում», հոկեյի «Տամպա Բեյ», «Մինեսոտա», «Նյու Ջերսի», «Պիտսբուրգ», բասկետբոլի «Գոլդեն Սթեյթ», «Սակրամենտո», «Յուտա», «Ֆիլադելֆիա» ակումբներում։

 

 

 

ՍԵԼԵՆԱ ԳՈՄԵՍԻ ՍԻՐԵԼԻՆ

Սելենա Գոմեսը սիրավեպ է սկսել պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ 31-ամյա երգչուհին Instagram-ի էջի Stories բաժնում հաստատել է, որ հանդիպում է Բլանկոյի հետ։

Երբ Instagram-ի @popfactions էջը տեղեկացրեց, որ Գոմեսը «ըստ երեւույթին» հաստատել է, որ հարաբերությունների մեջ է Բլանկոյի հետ: Երգչուհին մեկնաբանություններում գրել է՝ «Փաստեր»: Մեկնաբանությունից մի քանի ժամ անց Գոմեսը կիսվել է մի տղամարդու հետ լուսանկարով, որը նման է Բլանկոյին։

Բայց պատմությունն այսքանով չի ավարտվում. Գոմեսը նաեւ արձագանքել է իր երկրպագուների մեկնաբանություններին՝ պաշտպանելու Բլանկոյի հետ իր հարաբերությունները, որոնք, ըստ նրա, շարունակվում են արդեն վեց ամիս: Իսկ երբ որոշ հետեւորդներ նրան «արժանի» չեն համարել երգչուհուն, Գոմեսը նշել է, որ Բլանկոյի հետ սիրավեպը «լավագույն բանն է, որ երբեւէ պատահել է իր հետ»:

Խոսակցություններն այն մասին, որ Սելենա Գոմեսը եւ Բենի Բլանկոն հանդիպում են, սկսվել են մի քանի շաբաթ առաջ, երբ երկրպագուները նկատել են, որ նրանք հաճախ են շփվում միմյանց հետ սոցիալական ցանցերում:

Իսկ Գոմեսի մայրը՝ Մենդի Թիֆին, վերջերս նրան սկսել է հետեւել Instagram-ում։

 

 

ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ

Ֆրանսիական Marie Claire ամսագիրը հայ կանանց մասին նյութ է հրապարակել։ Շուրջ վեց էջ նվիրված է Հայաստանի համար դժվարին ժամանակներում դիմադրություն ցուցաբերող մեր հայրենակիցներին։

Լրագրություն, իրավունք, մշակույթ, բիզնես, խոհարարություն, ինչպես նաեւ գոյատեւելու արվեստ. այս բոլոր ոլորտներն ակտիվորեն զարգացնում են վեց հայ կանայք։ Նրանց ծրագրերը, ինչպես նաեւ գործունեությունը ուղղակիորեն ազդում են արցախցի իրենց հայրենակիցների կյանքի վրա։

Հունվարի թողարկման հերոսուհիներն են արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը, ում՝ ադրբեջանական «հակաահաբեկչական գործողության» մասին տեսանյութը առաջին օրերին տարածվեց սոցցանցերում, Շուշան Քեշիշյանը, որը HubArtsakh-ի ղեկավարն է, լիբանանահայ խոհարար Ալին Քամաքյանը, որը Բեյրութում «Մայրիգ» ռեստորանի հիմնադիրն է, Անուշ Բաղդասարյանը, որը rerooted նախագծի հիմնադիրն է, Նաիրի Խաչատուրյանը՝ արվեստի համադրող եւ AHA Collective-ի հիմնադիր, ինչպես նաեւ Աշխեն Վարդանյանը, որը հաճախում է ՈՄԱ կենտրոն, որտեղ սովորեցնում են գոյատեւման արվեստը:

Տեքստը պատրաստել է Քարտին Դյուրանդը։ Լուսանկարներն արվել են Ռեբեկա Թոփաքյանի կողմից:

Համարը կարելի է ձեռք բերել ինչպես առցանց, այնպես էլ տպագիր տարբերակով։

 

 




Լրահոս