ԽՈՇՈՐՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ «ԱՅՈ» ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ նախագահի մոտեցող ընտրությունները խոստանում են կտրուկ ընթացք ստանալ ու առանձնանալ սենսացիոն բացահայտումներով ու դեպքերի անկանխատեսելի զարգացմամբ: Առաջադրված թեկնածու, գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին առաջադրել է «Անի» ֆուտբոլային ակումբը, որի հիմնադիր Խորեն Հովհաննիսյանը ստիպված է լինում պատասխանել մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում են իր ակումբի կողմից պայմանավորված խաղերի մասին հարցերի, ավելին՝ հայտնի չէ, թե այս ակումբն ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալել 2019թ.-ից, երբ պայմանավորված խաղերի կասկածով փակվեց առաջին լիգան, որտեղ վերջին տեղով ընթանում ու տարօրինակ հաշիվներով պարտվում էր: Ինչեւէ, անցած շաբաթ «Հետք»-ի մեր գործընկերները, ըստ էության, սենսացիոն հոդված հրապարակեցին, որտեղ ներկայացված էին փաստեր բարձրագույն խմբում հանդես եկող «Վեսթ Արմենիա» ՖԱ-ի սեփականատիրոջ եղբորորդու մասին, որը Բելգիայում պայմանավորված խաղերի սինդիկատի դեմքերից է ու կապ ունի նաեւ հայկական թիմի հետ: Դժվար չէ կռահել, որ այս թիմը եւս հայտարարել է Արմեն Մելիքբեկյանին սատարելու մասին, իսկ նման հրապարակումներով դեռեւս չկա քրեական գործ հարուցելու մասին հայտարարություն. թերեւս իշխանությունները չեն ուզում մինչեւ դեկտեմբերի 23-ը նսեմացնել Մելիքբեկյանի «հեղինակությունը»: Սա դեռ հարցի մի կողմն է. պարզվում է՝ ՀՖՖ նախագահի թեկնածությանը դեմ են հայկական երկու առաջատար թիմերի՝ գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու»-ի եւ առաջնության ներկայիս առաջատար ու թերեւս այս պահին ամենաշատ երկրպագուներ ունեցող «Փյունիկ»-ի սեփականատերերը: Առաջինի սեփականատեր Ջեւան Չելոյանցն անցած շաբաթ տված հարցազրույցում խստորեն քննադատել է Մելիքբեկյանին ու մեղադրել վերջինիս բազմաթիվ ֆուտբոլային «մեղքերի համար», իսկ «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաղուց է բացահայտ քննադատում ֆեդերացիայի նախագահին, իսկ վաղը հավիրել է մամուլի ասուլիս, եւ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, սպասվում են բացահայտումներ ոլորտում կատարված չարաշահումների մասին: Ի դեպ, այս երկու ակումբների սեփականատերերը ամենամեծ ներդրումն են արել հայկական ֆուտբոլում եւ դա կատարել են սեփական միջոցներից: Մասնավորապես, «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակադեմիաները ամենաշատ երեխաներն են մարզում, բաց աղբյուրների ուսումնասիրությունները խոսում են համապատասխանաբար 1400 եւ 1700 սաներ ունենալու մասին, ինչը հսկայական սոցիալական ու սպորտային ներդրում է Հայաստանում: Փաստացի նման մարդկանց վստահությունը չվայելող Արմեն Մելիքբեկյանը դառնում է ֆեդերացիայի նախագահ՝ ունենալով ֆուտբոլային  աննշան գործունեություն ծավալող ՀԿ-ների «անվերապահ» աջակցությունը: Իշխանություններն իրենց այս քայլով ցույց են տալիս, որ այդքան էլ չի հուզում ո՛չ հասարակական կարծիքը, ո՛չ ֆուտբոլային ապագան, ո՛չ էլ հռչակված ազատ ընտրություններն են իրական:

 

 

 

 

Երեւանի քաղաքապետարանի աղմկահարույց միջադեպից անցել է 20 օր, սակայն որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ ո՛չ անախորժություն հրահրող, ո՛չ թեժացնող ավագանու անդամները, ո՛չ էլ միջանցքներում ծեծ կազմակերպած թաղապետերը պատասխանատվության չեն կանչվել: Երեւանի ընտրյալները ընդհուպ հայհոյեցին միմյանց ուղիղ եթերում հանրային հարթակում, բայց որեւէ տեղաշարժ չկա այս գործում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Քննչական կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը, որից հետո երկու անգամ հարցաքննության էր հրավիրել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին եւ վերջ: Դատելով իրավիճակից՝ այս միջադեպը կարժանանա Ազգային ժողովում պատգամավորների միջեւ գրանցված ծեծի միջադեպի ճակատագրին, որը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճեց: Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այս շաբաթ կայանալիք քաղաքական ժողովը, ի տարբերություն նախորդի, նեղ կազմով է անցնելու, պատգամավորների մեծ մասը, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ չեն լինի: Կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին ներկա են լինում կուսակցության վարչության անդամները, վարահսկիչ հանձնաժողովների անդամները, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ կառավարության ՔՊ-ական անդամները, ինչպես նաեւ այն համայնքապետերը, որոնք ՔՊ կուսակցության անդամ են հանդիսանում: Բացի մշտական անդամներից, վարչության որոշմամբ, քաղաքական ժողովին մասնակցում են նաեւ հրավիրյալներ: Կուսակցության նախորդ քաղաքական ժողովին, որը տեղի էր ունեցել այս ամռանը՝ հունիսի 17-ին, Դիլիջան քաղաքում, ներկա էին գրեթե բոլոր պատգամավորները, կային նաեւ հրավիրյալներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը որոշել է այս անգամ քաղաքական ժողովը նեղ կազմով անցկացնել. հրավիրյալներ չեն լինի: Թե որն է պատճառը, ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց. «ՔՊ կուսակցության կանոնադրությամբ սահմանված է քաղաքական ժողովի կազմը: Վարչությունը կարող է որոշել՝ լինեն հրավիրյալներ, թե ոչ: Այս անգամ որոշումը եղել է այդպիսին, որ միայն կանոնադրությամբ սահմանված կազմով է քաղաքական ժողովը լինելու, հրավիրյալներ չեն լինելու»:

 

 

 

 

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ հայտարարագրվող տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի» հայտարարագրում չներկայացնելու փաստի առթիվ 2021 թվականի մարտի 1-ին վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է ընդունվել։

Վարույթի համաձայն՝ 2019 թվականին, երբ Հակոբ Սիմիդյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, 2019 թվականի հայտարարագրում չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալներ։

ՀՀ կենտրոնական բանկի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջեւ տեղեկությունների փոխանցման ձեւաչափերի հաստատմանը համապատասխան՝ ստացվել է Հակոբ Սիմիդյանի բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տվյալներ, համաձայն որոնց՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդհանուր 488.806.5 ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 1.054.723.1 ՀՀ դրամ։

Խախտումների վերաբերյալ 2021 թվականի մարտի 1-ին Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Հակոբ Սիմիդյանը փորձել է բացատրել, թե որն է դրամական միջոցները թաքցնելու պատճառը։ Սիմիդյանը նշել է, որ նպատակ չի ունեցել թաքցնել իր դրամական միջոցները, այլ անզգուշության հետեւանքով հայտարարագրում չի նշել իր հաշիվներում կուտակված միջոցների մասին։ Նշել է նաեւ, որ այդ հաշիվներով ստացել է իր աշխատավարձը։

Գործի քննության ընթացքում հանձնաժողովը արձանագրել է, որ Հակոբ Սիմիդյանի կողմից 2019 թվականի տարեկան հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալների ներկայացված լինելու առնչությամբ հաստատված խախտումը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված զանցանք։

Արդյունքում որոշվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի»  հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով։

Հայտարարագրի համապատասխան բաժնում ուղղումներ անելու համար Սիմիդյանին տրամադրվել է 7 օր։

 




Լրահոս