ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել այն միտումը, որ Սյունիքի մարզը երբեմն առանձնացվում է՝ որպես անվտանգության առումով Հայաստանի ամենախոցելի տարածք։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին, իրականացնելով բազմամիլիարդանոց ծրագրեր, ամենամեծ ներդրումները կատարել է հենց Սյունիքի մարզում։

Նրա խոսքով՝ կառավարության ուղիղ ծրագրերով վերջին հինգ տարում ամենատարբեր հոդվածներով ավելի քան 100 միլիարդ դրամի ներդրումներ են կատարվել Սյունիքի մարզում։

«Վերակառուցվում է Հայաստան-Իրան սահմանին գտնվող մաքսակետը։ Եվրամիության աջակցությամբ ժամանակակից մաքսակետ կստեղծվի, ինչը  աշխատատեղերի ստեղծման շատ լուրջ խթան է լինելու։ Շուտով սկսվելու է Հյուսիս- հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը։ Եվրամիությունը ներդրումների եւ տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավականին խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, Կապանում արդեն իսկ գործարկվել է օդանավակայանը։ Մեղրիում բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։ Այս պահին Սյունիքի մարզում 60 կրթահամալիրի  կառուցման ծրագիր է իրականացվում»,- թվարկել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս ամենը հստակ քաղաքական ուղերձ են, որ Սյունիքում կառավարության բոլոր ծրագրերը ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության հետ են կապված։

Նա ընդգծել է, որ Սյունիքի մարզի զարգացումը, բարեկեցությունը եւ անվտանգությունն ամենօրյա աշխատանքի մեջ է։

«Այն անվտանգային խնդիրները, որ ունենք, կան եւ՛ Տավուշում, եւ՛ Գեղարքունիքում, ինչպես նաեւ Արարատի, Վայոց ձորի մարզերում։ Դրանք կան եւ ակնհայտ են, բայց դրանք պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել։

Այդ անվտանգության խնդիրների լուծման համար է, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել եւ նաեւ միջազգային շատ ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության եւ ժողովրդավարության պաշտպանության շուրջ»,-շեշտել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ ներկայում բացարձակ անվտանգություն երկրագնդի վրա գոյություն չունի,  ՀՀ-ն  պետք է  ստեղծված նոր միջավայրում անվտանգային հուսալի մեխանիզմներ ձեւավորի։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ 100-տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն տեւական, դե յուրե արձանագրված խաղաղությունը։

 

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ԱԺ-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին պարգեւատրելու մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

  1. Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-նշված է կարգադրության մեջ։

 

 

 

 

ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։

«Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր ու կարեւոր օրակարգով։ Սկսելու ենք Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ՝ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ եւ մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաեւ այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,- հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը։

 

 

 

ԲՈՐԵԼԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Բրյուսելում այսօր տեղի է ունենում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այն նախագահում է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նիստի մեկնարկից առաջ Բորելն ասել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Տարածաշրջանում շատ բաներ են կատարվում: Կարեւոր է շարունակել ուշադրություն դարձնել նրանց եւ հատկապես Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է»,- ասել է Բորելը:

 

 

 

ՁԱԽՈՂԱԾ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ

ՀՀ առողջապահության նախարարությունում շատ են սրտնեղում, երբ ամեն անգամ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրում է, որ Անահիտ Ավանեսյանը ձախողել է։

Արի ու տես, որ փաստերը խոսում են այս ոլորտում լուրջ ձախողումների մասին, ինչը մասնագիտությամբ իրավաբան նախարարի դեպքում արդեն սովորական է դարձել։

Օրինակ՝ հաջորդ տարվա կեսից նախատեսված է արդեն գործնականում ներդնել առողջապահական համապարփակ ապահովագրության ծրագիրը, որ հաջորդ երկու տարում փուլային կերպով պարտադիր պետք է դառնա բոլոր քաղաքացիների համար։

Չնայած սրան՝ համապարփակ առողջապահական ապահովագրությանն առնչվող օրենսդրական փաթեթեները ոչ միայն ԱԺ չեն ներկայացվել, այլեւ անգամ կառավարության հաստատմանը չեն դրվել։ 2023թ. արդեն ավարտվում է, եւ պետք է որ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունն ու, ընդհանարպես, կառավարությունը քիչ-քիչ արդեն նախաձեռնողականություն ցուցաբերեին, նույնիսկ արդեն ընդունած լինեին օրենքները, որպեսզի համակարգն էլ հասցներ «պատրաստվել» այս ամենին։

Օրենսդրական փաթեթը, սակայն, ոչ միայն չի ընդունվել, այլեւ դժվար թե այս տարվա ընթացքում անգամ արտահերթ նիստերով անցկացվի։ Լավագույն դեպքում սա կյանքի կկոչվի գարնանը։ Լուրջ կասկածներ կան, որ համակարգը կհասցնի նախանշված ժամկետում պատրաստվել ու այս գործընթացը սահուն անել, քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերել։

Հայ-ֆրանսիական բարեկամությունը

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ֆրանսիացի հյուրը վերահաստատել է՝ Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը եւ այս դժվարին պահին Հայաստանի կողքին է:

 




Լրահոս