ՔՊ-ականները՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով. գլխավոր հավաքը՝ այսօր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո ամբողջությամբ կերպարանափոխվել եւ առավել վատ դրսեւորումներով նմանվել է իր կողմից ժամանակին սուր քննադատությունների ենթարկվող նախկին իշխանություններին:
Ինչպես կոռուպցիայի, ԽԾԲ-ի եւ այլ արատավոր երեւույթների դեպքում, այնպես էլ պետության կողմից պաշտոնյաներին տրամադրվող ծառայողական միջոցներն անհարկի վատնելու հարցում Նիկոլ Փաշինյանը հակառակվում է ինքն իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել էր Գյումրիում՝ քաղաքական ժողովի:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ վերնախավը, որոնց մեծ մասը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, Գյումրի են գնացել ծառայողական ավտոմեքենաներով:

Այսինքն՝ «պադավատապետության» դեմ խիստ պայքար մղող Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները հիմա մեծ հաճույքով օգտվում են դրա բարիքներից եւ իրենց կուսակցական հարցերը քննարկելու համար Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով՝պետության հաշվին տրված դիզվառելիքով:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար փորձեց դիմել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց այդպես էլ: Մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակենք: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցաշինությունը կառուցում է պետբյուջեի հաշվին: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գիշերել են Գյումրու կենտրոնում գտնվող «Վիկտորիա» հյուրանոցում, քեֆ արել «Կում Կում» ռեստորանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ երեկվանից Գյումրու փողոցներում ոստիկանությունը խիստ հսկողություն է իրականացնում, մի շարք փողոցներ էլ փակ են եղել Նիկոլ Փաշինյանի ժամանման առիթով:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, երեկ ՔՊ-ականները նախ տարբեր հանդիպումներ են ունեցել, իսկ արդեն երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ժամանելուց հետո, խնջույք են արել Գյումրիում:


Կուսակցության քաղաքական ժողովը տեղի կունենա այսօր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս