ԱՄՈՒՍԻՆՆԵՐՆ ՈՒ ԱՌՑԱՆՑ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 264-րդ հոդվածի 1-ին մասով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, 1989թ. ծնված Մ.Ս.-ի եւ 1997թ. ծնված Ա.Հ.-ի նկատմամբ։ Վերջիններս ձերբակալվել են, եւ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Դատարանի կողմից մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

 

Քրեական վարույթի ընթացքում խուզարկություններ են կատարվել մեղադրյալների փաստացի բնակության հասցեում, ինչպես նաեւ նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում։ Արդյունքում առգրավվել է թվով 25 հատ փաթեթներում առանձնացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, կշեռքներ, թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար նախատեսված այլ տարատեսակ առարկաներ, ձեռագիր գրառումներ պարունակող նոթատետրեր, կտրոններ, ինչպես նաեւ 40-ից ավելի տարատեսակ պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ եւ բջջային հեռախոսներ։

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը եւ իրականացրել դրա կառավարումը։ Կառավարումն իրականացրել են ինչպես անձամբ, այնպես էլ որպես ադմինիստրատորներ հանդես եկող տելեգրամյան օգտատերերի միջոցով։ Ընդհուպ հանցավոր գործունեությանն առավել համակարգված բնույթ հաղորդելու նպատակով ընդունվել եւ հաստատվել է էջի գործունեության «կանոնադրություն», իսկ գործունեություն իրականացնող էջերի եւ գնորդների միջեւ առաջացած անհամաձայնությունները լուծելու համար հարթակում ընդգրկվել են «արբիտրի» կարգավիճակ ունեցող անձինք, որոնց տրվել է վեճերն ուսումնասիրելու եւ որոշումներ կայացնելու հնարավորություն։

Հարթակի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու համար ամուսինների կողմից հիմնականում ռուսաստանյան, ամերիկյան, վիետնամական, ինդոնեզական եւ պակիստանյան բջջային օպերատորների կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարների միջոցով «Telegram» հավելվածում ստեղծվել եւ կառավարվել են «Պոլետտայի Սնկեր» անվամբ @polettayisnker_operator հղմամբ, «Weed.am» անվամբ  @Weed_am հղմամբ, «WeedLife» անվամբ «@Weed_life420» հղմամբ, «Կանաչի» անվամբ @KanachiYVN հղմամբ, ինչպես նաեւ շուրջ 59 այլ հղումներով ու անվանումներով խանութ-հարթակները։

Վերոնշյալ բոլոր հարթակների կառավարումն իրականացվել է մեղադրյալներից խուզարկությամբ առգրավված 20-ից ավելի՝ կորպորատիվ ընդհանուր բնորոշիչ՝   պատկերանշան ունեցող պլանշետների միջոցով։

Հավելենք, որ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ վերջիններս թմրամիջոցների վաճառքի արդյունքում գումարները ստացել են իրենց կողմից կառավարվող եւ պարբերաբար փոփոխվող կրիպրոարժութային դրամապանակներին, ապա, դրանք փոխակերպելով ՀՀ դրամի, փոխանցել են ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերում իրենց կամ իրենց փոխկապակցված անձանց անուններով բացված դրամապանակներին։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ոստիկանության աշխատակցի մահվան դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ինքնասպանություն գործած ոստիկանը 25 տարեկան էր, ամուսնացած չէր։ Իրավապահները ստուգել են՝ նա որեւէ գրություն, որեւէ նամակ չի թողել: Վերջինս ապրում էր իր ծնողների հետ: Հայրը տաքսու վարորդ է, եւ ընտանիքը ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում: Կատարվածն առեղծված է մնում նաեւ ընտանիքի անդամների համար, թե ինչու նա պետք է զենքով վերջ տար իր կյանքին:

2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում:

Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն:

Պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում եւ ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանության փորձ է կատարել:

Դեպքի վայրում` քննչական բաժնի՝ ոստիկանին հատկացված պահակակետում կատարված զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի, 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր:

Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Նոր Նորքում երեկ սպանություն է տեղի ունեցել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շոպրոնի փողոցում շուրջ 5 անձ վիճաբանել են, որի ժամանակ կռիվն այն աստիճան Է թեժացել, որ վիճաբանողներից մեկը հանել է դանակը ու վնասել վիճաբանողներից հակառակ կողմի տղաներից մեկին։

Վերջինիս շտապ տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել դանակահարված 26-ամյա տղայի կյանքը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանող տղաները նախ միասին ալկոհոլ են օգտագործել, որից հետո նրանցից մեկը հիշել է, որ մեկը պարտք է եղել մյուսին, ինչից էլ սկսել է կռիվը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է, ՓԱԽԵԼ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9:54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ անհայտ անձինք հարվածներ են հասցրել իրեն եւ հափշտակել Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստացած դեղորայքը:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ 34-ամյա երիտասարդը նշված կենտրոնից ստացել է մեթադոնի իր չափաբաժինը, ինչից հետո Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ երկու տղամարդ հարձակվել են նրա վրա, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել եւ հափշտակելով մեթադոնը՝ դիմել են փախուստի:

ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են 54-ամյա եւ 59-ամյա երկու տղամարդ, երկուսն էլ՝ Երեւանի բնակիչ:

Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տղամարդիկ, 33-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Օպել»-ով հանդերձ, Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ 40 մլ թափանցիկ հեղուկով, «Մեթադոնային լուծույթ 100 դեղաչափ» գրառմամբ: Նա հայտնել է, որ 33-ամյա երիտասարդի «Օպել»-ում կա նույն լուծույթով 5 սրվակ, որոնցից մեկը տվել է երիտասարդին: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդու մոտ եւ մեքենայում հայտնաբերվածը Աճառյան փողոցի 2-րդ փակուղում հափշտակվել էր 34-ամյա երիտասարդի մոտից, որին նաեւ ծեծի էին ենթարկել:

Երեք տղամարդիկ եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

«Օպել»-ը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ», «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի մեքենաներ:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ «Մերսեդես»-ի 31-ամյա վարորդը եւ 46-ամյա ուղեւորը մահացել էին, իսկ «Ֆորդ»-ի վարորդը եւ «Մերսեդես»-ի 36-ամյա ուղեւորը տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես»-ի ուղեւորը՝ 36-ամյա Անատոլիյ Մելնիկովը, մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս