«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից. այն կքննարկվի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հարգելի՛ պատգամավորներ, ուզում եմ տեղեկացնել, որ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հեղինակի առաջարկով հանվել է նիստերի օրակարգից։ Այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստում»,- ասաց Սիմոնյանը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով որեւէ պետության զինված ուժերի կազմում զինվորական ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք կարող են, 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն, ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Համաձայն գործող օրենսդրության` 18-27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ` ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում, եւ իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ: Եթե մինչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է:
Նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ, առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարել համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից:
Նախագծով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, երկրորդ` զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ, երրորդ` զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ, չորրորդ կետով` զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ, իսկ հինգերորդ կետով առաջարկվում է զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ:
ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԳԵՐԻՆԵՐ
Ադրբեջանը հրապարակել է այն հայ գերիների անունները, որոնց պատրաստվում է ազատ արձակել։ Ըստ այդ հրապարակումների՝ նրանց թվում է նաեւ Գեղամ Սամվելի Սերոբյանը:
Գեղամ Սերոբյանին գերեվարել էին 2020թ. դեկտեմբերի 13-14-ը ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանում: Նրան առաջադրվել էր մեղադրանք՝ Ադրբեջանի սահմանը հատելու, ահաբեկչության եւ ապօրինի զենքի կրման համար: Բաքվի ծանր դատարանում կայացված դատի ժամանակ նրան առաջադրված վերջին 2 մեղադրանքը չի հաստատվել, եւ միայն «Ադրբեջանի սահմանը հատելու համար» դատապարտել էր 4 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, նրանց թվում՝ 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ, ադրբեջանական կողմը գերեվարել է առնվազն 80 անձի (ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք)։
Դեկտեմբերի 7-ին կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի եւ Ալիեւի պայմանավորվածության համաձայն` Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ո՛չ ներկա եւ ո՛չ նախկին պաշտոնյաներից ոչ մեկ չկա:
Ավելի ուշ հրապարակվեց նաեւ Հայաստան վերադարձվող գերիների անունները: Նրանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։
Հայաստան վերադարձվող գերիների թվում է նաեւ Հադրութի շրջանում գերեվարված Հրաչ Արզումանի Ավագյանը:
Նրան առաջադրվել էր մեղադրանք Ադրբեջանի սահմանը հատելու, ահաբեկչության եւ ապօրինի զենքի կրման համար: Բաքվի ծանր դատարանում կայացված դատի ժամանակ նրան առաջադրված վերջին 2 մեղադրանքը չի հաստատվել, եւ միայն «Ադրբեջանի սահմանը հատելու համար» դատապարտել էր 4 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Հայաստանի կողմից գերիների անունների պաշտոնական հաստատում չի եղել:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԹԱԼԱՆՎՈՂԸ ԴԱՏՎՈՒՄ Է
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Իջեւանի բաժին է ահազանգել Աչաջուր գյուղի բնակիչ, 42-ամյա Հրանտ Ղալթախչյանը եւ հայտնել, որ նոյեմբերի 27-ի ժամը 23:30-ից մինչեւ նոյեմբերի 28-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում Աչաջուր գյուղում, օգտվելով իրեն պատկանող Audi A4 մակնիշի ավտոմեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք հափշտակել են ավտոմեքենայում եղած գումարը՝ 1 միլիոն 320 հազար ՀՀ դրամ, 2450 ԱՄՆ դոլար եւ 120 հազար ՌԴ ռուբլի: Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հ. Ղալթախչյանը երկար տարիներ աշխատել է որպես «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Իջեւանի մասնաճյուղի կառավարիչ: Իջեւանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Աչաջրում գողության դեպքից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 25-ին, Իջեւան քաղաքի «Քարվանսարա» ռեստորանում կայացել է Հրանտ Ղալթախչյանի աղջկա հարսանիքը, Ղալթախչյանի ավտմեքենայից գողացված փողերը աղջկա հարսանիքին նվեր տրված գումարներ էին, որով պետք է վճարեր հարսանիքի ռեստորանի, հարսանեկան այլ ծախսերի գումարները։
Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ղալթախչյանի եւ մյուսների դատարավարությունը։ Հ. Ղալչախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Իջեւանի մասնաճյուղի կառավարիչ, համաձայնության գալով նույն բանկի ոսկերիչ Գարիկ Մալաքյանի հետ, 2020թ. օգոստոսից մինչեւ 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի եւ Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով, 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն, գրավադրել են ընդհանուր 691.6 գրամ, որից 222.1 գրամը՝ 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը՝ այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց քանակի եւ տեսակի վերաբերյալ Գարիկ Մալաքյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով՝ ստացել են ընդհանուր 51.063.000 ՀՀ դրամ, ինչի հետեւանքով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Հ. Ղալթախչյանին եւ Գ. Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 457 հոդվածի 2-րդ մասով, բանկի նույն մասնաճյուղի գանձապահ Ալլա Բեկնազարյանին՝ 46-277 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Սույն դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է դեկտեմբերի 18-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ