ԱՄԱՆՈՐԻ ԳՆԵՐԸ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Ամանոր է։ Ամանորյա եռուզեռը տարբեր մարդկանց մոտ արտահայտվում է տարբեր կերպ՝ ոմանք տանը՝ ընտանիքով, ոմանք՝ ընկերների հետ, ոմանք էլ, առօրյայից կտրվելով, տարբեր հյուրանոցներում են տեղավորվում Նոր տարին յուրօրինակ նշելու համար։

 

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ծաղկաձոր քաղաքի տարբեր հյուրանոցներ դեկտեմբերի 31-ը իրենց մոտ անցկացնելու պատրվակով՝ հասկանալու համար, թե ինչ արժեքներ են առկա։ Արդյունքում պարզ է դառնում հետեւյալը.

Ararat Resort-ից տեղեկացրին, որ ազատ տեղեր այս պահին ունեն, սակայն քանի որ պահանջարկը մեծ է, հնարավոր է՝ շատ արագ սպառվի։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը 2 անձի համար նախատեսված կլասիկ համարն առաջարկում են 850.000 դրամով՝ ներառյալ 2 գալա ընթրիք՝ դեկտեմբերի 31-ի գիշերը եւ հունվարի 5-ին, երեքանգամյա սնունդ բոլոր օրերին, հավելյալ հյուրանոցային ծառայություններ՝ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, տեղափոխում ճոպանուղի եւ վերադարձ։ Արժեքը ֆիքսված է։

Kecharis Hotel and Spa-ից մեզ հայտնեցին, որ ազատ տեղեր չունեն, եւ քանի որ չունեին, արժեքներ եւս չհայտնեցին։

Alva Hotel and Spa-ից մեզ փոխանցեցին, որ այս պահին դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը մինչեւ 8 անձի համար նախատեսված քոթեջ ունեն, որն արժի 700.000 դրամ:

Kareno հյուրատնից մեզ հայտնեցին, որ 2 անձի համար 30000-դրամանոց սենյակներ են առաջարկում, որը ոչինչ չի ներառում արժեքի մեջ։

Woodland cottages-ից մեզ ասեցին, որ այս պահին ազատ քոթեջներ չունեն. ազատ է միայն հունվարի 3-ից հետո։

Մի շարք այլ հյուրանոցներ, կոնտակտային տվյալներ վերցնելով, խոստացան կապ հաստատել, սակայն այդպես էլ մնացինք անպատասխան։

Թե ինչ առաջարկներ են գործում այլ քաղաքների հյուրանոցների դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի հաջորդիվ:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՏՈՆԱՎԱՃԱՌ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 10-ին Երեւանի Holiday in Erevan հյուրանոցում տեղի է ունեցել  Artsakh career expo-ն՝ աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար։ Ծրագիրը բարեգործական է եւ 2-րդ անգամ է կազմակերպվում։ Նպատակը բռնի տեղահանված արցախցիներին աջակցելն է՝ զբաղվածության, սոցիալական, կրթական եւ աշխատանքային կյանքին ինտեգրելու համար։

«Առաջին տոնավաճառի արդյունքներն ամփոփել ենք նոյեմբերի 20-ին, եւ այն գոհացուցիչ է եղել։ Առաջին տոնավաճառի ժամանակ ունեցել ենք մոտ 5160 այցելու։ Մեր գործընկեր ընկերությունները կներկայացնեն իրենց թափուր հաստիքները ՀՀ մասնավոր եւ պետական սեկտորի այն գործատուներին, որոնք ունեն նվազագույնը 20 ազատ հաստիք։ Այս անգամ մեզ հետ համագործակցում են 26 ընկերություններ»,- նշեց տոնավաճառի պատասխանատու Մանե Բաղրամյանը:

Միջոցառմանը ներկա էին տասնյակ արցախցիներ՝ շինարարից մինչեւ վաստակավոր գործիչներ։

«Երկար տարիներ աշխատել եմ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում՝ որպես փողային եւ հարվածային գործիքների բաժնի դասատու, ապա նաեւ՝ բաժնի վարիչ։ Աշակերտներս ունեցել են մեծ նվաճումներ։ Շատերն իրենց ուսումն են շարունակել Երեւանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում եւ այժմ իրենց ուրույն տեղն ունեն երաժշտական ասպարեզում։ Ողջունելի եմ համարում այս ծրագիրը։ Հուսով եմ՝ ես նույնպես կկարողանամ ինձ հարմար մի աշխատանք գտնել»,- ասաց Արցախի Հանրապետության վաստակավոր գործիչ Գարի Բալայանը։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սկսնակ դերասանուհի Վարդինե Հայրապետյանն ասում է. «Կարեւոր եմ համարում այս պահին աշխատանք գտնելը, որովհետեւ միայն այդպես կկարողանանք կտրվել իրականությունից ու առաջ շարժվել»։ Վարդինեն մասնագիտությամբ թարգմանիչ է, ավարտել է Արցախի պետական համալսարանը, միաժամանակ երկար ժամանակ աշխատել է թատրոնում, խաղացել տարբեր բեմակատարումներ։

Մեր այն հարցին, թե արդյոք չի ցանկանում նորից բեմ բարձրանալ, Վարդինեն պատասխանում է շատ կարճ ու հակիրճ. «Ցավոտ հարց է»։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս