«Դիրքերում էր, երբ պատերազմը սկսվեց։ Այդ օրն առավոտյան զանգեց, սովորականից շատ հարցեր տվեց՝ որտե՞ղ ես, հետո ու՞ր ես գնալու, դրանից հետո ի՞նչ պլաններ ունես։ Քանի որ սիրում էր անակնկալներ անել, մտածեցի` երեւի գալիս է։ Պատերազմը սկսելուց հետո է՛լ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Սեպտեմբերի 20-ի երեկոյան ասացին կատարվածի մասին, չէի հավատում։ Ամսի 24-ին Գոռիս մատանին տվեցին ինձ, խավարեց շուրջս։ Հաջորդ օրը դուրս եկանք Ստեփանակերտից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Արցախից բռնի տեղահանված Անի Ղուկասյանը։
Անին ու Գոռը սովորում էին զուգահեռ դասարաններում։ Դեռեւս շատ փոքր էին, երբ սկսեցին հանդիպել, սակայն հասցրել էին տեսնել շատ փորձություններ:
«Այնքան համեստ էր, որ մինչեւ 9-րդ դասարանը չէի ճանաչում նրան։ 9-րդ դասարանցիներին տարան հրաձգության, այնտեղ էլ ծանոթացանք: 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր: Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ պատերազմի ավարտից 2 ամիս հետո արձակուրդ եկավ. չէր ասել, որ գալու է, դուռը բացեցի, տեսա` իմ զինվորն է՝ լայն ժպիտով, կոկիկ հագնված, ծաղկեփունջը ձեռքին»,- արտասուքն աչքերին վերհիշում է Անին եւ ասում՝ հիմա ես եմ նրան ծաղիկներ տանում:
Գոռ Ղուկասյանն աշխատում էր Արցախի ազգային անվտանգության ծառայությունում։ Մեր զրուցակցի խոսքով՝ Գոռը միշտ լավ ցուցանիշներ էր ցուցաբերում հրաձգության ժամանակ եւ հպարտորեն էր խոսում դրա մասին։ Գոռն ու Անին Արցախի այն զույգերից էին, որ անտեսեցին մի շարք խնդիրներ եւ ամուսնացան շրջափակման օրերին: Անին ասում է, որ միասին շատ նպատակներ ունեին, որոնք փորձում էին քայլ առ քայլ իրագործել:
«Ուզում էինք շրջագայել ողջ աշխարհով եւ լինել մեզ համար հետաքրքիր վայրերում: Քանի որ երկուսս էլ շատ էինք սիրում սպորտով զբաղվել, մտածում էինք նաեւ մեր սեփական մարզասրահն ունենալ: Հիմա ո՛չ Գոռս կա, ո՛չ մեր նպատակները,-ասում է մեր զրուցակցը եւ հավելում:- Արցախից ինձ հետ բերել եմ Գոռիս շորերը, մեր նկարներն ու հոգումս ամբարած՝ մեր կիսատ մնացած սիրո պատմությունը…Երեւի Աստծո կամքն էր… Երեւի մեր սերը շատ մաքուր էր այս աշխարհի համար: Զգացածս չափման միավոր չունի։ Օրերս անցնում եւ մթնում են Եռաբլուրի ճանապարհին, շնչում եմ մեր ամենաերջանիկ օրերի հիշողություններով ու հույսով, որ մի օր նորից հանդիպելու ենք»: Հիմա Անին ապրում է 11 հոգու հետ, այդ թվում՝ Գոռի ծնողների:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՕԶԲԻԼԻՍՆ ՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է թափանցիկ գործունեություն:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օզբիլիզը ներկայացրեց ֆուտբոլի զարգացման իր տեսլականը` ընդգծելով գործունեության հիմնական ուղղությունները, որոնք են մասսայական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզչական կրթությունը, ենթակառուցվածքների համար ներդրումային ծրագրերի ներգրավումը, ֆուտբոլի ազգային մոդելի ներդրումը, պրոֆեսիոնալ ֆուտբոլը, ազգային հավաքականները եւ կանանց ֆուտբոլը: Օզբիլիզը գործարկել է Arasozbiliz.am կայքը, որտեղ ներկայացված է իր ամբողջական ծրագիրը:
«Ֆուտբոլը պետք է հասանելի լինի բոլորի համար: Մեզ հարգանք է պետք ոչ միայն դաշտում, այլ նաեւ դաշտից դուրս: Պետք է ֆուտբոլային մշակույթ ձեւավորենք, որը բացակայում է մեզ մոտ»,-ասաց նա:
Օզբիլիզի խոսքով` ՀՖՖ նախագահի ընտրություններում հեշտ պայքար չի լինելու, սակայն իր հաղթանակի շանսերը բարձր է գնահատում, քանի որ ֆուտբոլային աշխարհից մեծ աջակցություն է ստանում:
«Ասել եմ, էլի եմ ասում` ամեն ինչ կանեմ իմ ուժերի սահմաններում, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստները մինչեւ կարիերայի ավարտը խաղան հավաքականում, բայց եթե ինձ ընտրելու եք Մխիթարյանին հետ բերելու համար, ապա մի՛ ընտրեք: Մեր նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլի զարգացումը»,-առանձնացրեց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպանը շեշտում է՝ երբ ինքն էր հավաքականում, թիմը մի մեծ ընտանիքի նման էր, ինչը, կարծես, հիմա պակասում է թիմում: Իսկ ինչ վերաբերում է ՀՖՖ գործկոմին, ապա կառույցը պետք է լինի անկախ եւ կազմված լինի չեզոք մասնագետներից:
«Հայկական ֆուտբոլի սիրտը պիտի հանենք ու նորը դնենք, հեղափոխություն պետք է անենք: Նրանք, ովքեր տեսնում են, որ հայկական ֆուտբոլը վատ վիճակում է, եւ չեն խոսում այդ մասին, նրանք եւս մեղավոր են»,-ասաց նա: Օզբիլիզը ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում առաջին հերթին աուդիտ կանցկացնի ֆեդերացիայում:
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:
ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 7-ՐԴՆ Է
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան պրիում:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հաջորդաբար պոկեց 165 եւ 170 կգ, սակայն գլխավերեւում չպահեց 175 կգ-ն: «Հրում» վարժությունում Կարապետյանը երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրանցնելով 190, 200 կգ-ն: Երկամարտի 370 կգ արդյունքով նա միայն 7-րդն է:
Այս քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ բուլղար Կարլոս Նասարն, որը երկամարտում գրանցեց 393 կգ արդյունք: Նասարը ռեկորդ գրանցեց «Հրում» վարժությունում` գլխավերեւում պահելով 223 կգ-ն:
ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դեկտեմբերի 10-15-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետեւյալ ֆուտզալիստներին.
Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով – «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան – «Երեւան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Գարեգին Մաշումյան – «Լեոսթանդքոյին»
Ժուլիո Սեզար Բրուլլո Զանոտտո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նեւեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Ռուսաստան)
Գեւորգ Մնացականյան – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Երեւան ՖԱ»
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Ֆելիպե Պարադինսկի – «Ուխտա» (Ռուսաստան)
Միհրան Դերմենջյան – «Երեւան ՖԱ»
Արթուր Պատատյան – «Երեւան ՖԱ»
ՖԻՖԱ Ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման էլիտռաունդի Հայաստան-Վրաստան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: