«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից մանկապարտեզների սնունդի շուրջ բացահայտված ապօրինություններից հետո տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն, ինչն էլ տնօրեններն արել են: Ավելին՝ գրել էինք, որ Երեւան քաղաքի մանկապարտեզների տնօրենների են տարել ԱԱԾ՝ հարցաքննության, եւ քննությունը ցույց կտա՝ կկալանավորեն նրանց, թե ոչ։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին պաշտոնյաների կանայք, որոնցից մեկը Երեւանի թիվ 43 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հովակիմյանն է, որը «Խոսրով»-ի արգելոցի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանի կինն է։ Վերջինիս եւս ասել են՝ դիմում գրի, ինքնակամ ազատվի։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարինե Հովակիմյանը նշեց, որ ինքն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Ի դեպ, նկատենք, որ ԱԱԾ-ի այս բացահայտումից հետո 11 մանկապարտեզի ազատված տնօրենների զգալի մասը երկար տարիներ աշխատել են նախկին իշխանությունների օրոք, ու նրանց ազատվելու գործընթացն իրականացվեց այս բացահայտումից հետո։ Նշենք, որ ԱԱԾ-ն օրերս հայտնեց՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված եւ սննդի մատակարարմամբ զբաղվող «Հայկազունք» եւ «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության եւ առեւտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող եւ հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի եւ մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներ են ներկայացրել։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել եւ խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված առանձնապես խոշոր չափերով գումարները:
Դեկտեմբերի 6-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին: ՔՊ-ն պարզաբանել է, թե խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինք»-ը ստվերային կառավարում է իրականացնում Գյումրիում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի «ապահարզանի» գործընթացից: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մտադրված է հնարավորինս շուտ ազատվել բոլոր այն համայնքապետերից, որոնք ՔՊ-ական չեն, հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից կամ չեզոք են պահում իրենց: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ժամանակին ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի միջեւ համագործակցության հուշագիր կնքելու եւ համատեղ իշխանություն ձեւավորելու գործընթացի «կնքահայրը» եղել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը. նա է բանակցությունները վարել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ դաշինքը կայանա: Հիմա Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե վերջինս ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, ում ինչ է խոստացել, ինքը քաղաքական որոշում ունի, որ տեղական ինքնակառավարման մարմիններում չպետք է լինի մարդ, որը ՔՊ անդամ չէ, այսպես ասած՝ իրենց մարդը չէ. եթե կուսակցության տեսակետը չի կիսում, ապա պետք է շուտ ազատվել նրանից: Այսպիսով, ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից. Կապան, Գորիս եւ մյուս համայնքներում պետք է ՔՊ-ի «սրտի ղեկավարներ» նշանակվեն: Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի անդամ ավագանիների վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի ավագանիները գնան եւ ընտրեն այն թեկնածուին, ում ՔՊ-ն կասի: Փաշինյանը նպատակ ունի իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին դարձնել Գյումրու համայնքապետ: Իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Ռոմանոս Պետրոսյանից, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը՝ Նաիրա Հակոբյանին, պետք է հարցաքննել։ Դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ նա հարցաքննվել է, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին՝ այս պահին դեռ չի հարցաքննվել։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Իրավապահները ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։ Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետեւանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին Գլխավոր դատախազությունից։ Ըստ դատախազության՝ 2023 թ.-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետեւանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշենք՝ ըստ «Հետք»-ի՝ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ Պարզվել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։
ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները. ստորեւ ներկայացնում ենք բնակչության բնական շարժի տվյալները: Հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում մահացածների ընդհանուր թվաքանակը կազմել է 20 հազար 152 մարդ։ 2022 թվականի համեմատ՝ այս ցուցանիշը նվազ է 316-ով։ Ցուցանիշում մահվան հիմնական պատճառները եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները եւ այլ հիվանդություններ։ ՀՀ բնակչության ծնվածների քանակը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 30 հազար 186 մարդ։ Այս տվյալը ներառում է նաեւ մեռելածինների ցուցանիշները։ Նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշը աճել է 258-ով, եւ 2021 թվականի համեմատ՝ նվազել 134-ով։ ՀՀ պետական սահմանի եւ՛ օդային, եւ՛ ցամաքային անցման կետերով 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախնական տվյալների համաձայն, Հայաստան է եկել 4 մլն 70 հազար 389 մարդ, որից 1 մլն 646 հազար 333-ը ՀՀ փաստաթղթերով են հատել սահմանը։ Շարունակությունը՝ ArmLur.am կայքում: