«Քաղաքացիական պայմանագիր»-ը միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը. հայտարարել է կուսակցությունը։
Նման որոշման պատճառը, ըստ «Քաղաքացիական պայմանագրի», այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:
Երկու տարի առաջ կայացած ընտրություններում «Բալասանյան դաշինք»-ն ամենաշատ ձայներն էր ստացել, բայց ոչ այնքան, որ միայնակ իշխանություն ձեւավորեր. այն, ի վերջո, ՔՊ-ի հետ կոալիցա կազմեց։ ՔՊ-ն այժմ պնդում է՝ հուշագիրը մնացել է թղթի վրա, այդ պատճառով էլ իր երկու փոխքաղաքապետերը հրաժարական են տվել։ Ըստ խմբակցության՝ համայնքապետարանում պաշտոններ ստացած իրենց կուսակիցները «Բալասանյան դաշինք»-ի հետ խնդիրներ են ունեցել. փաստաթղթեր չեն տրամադրվել, այդ թվում՝ ֆինանսական։
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
-Պարո՛ն Առուշանյան, այժմ քաղաքական դաշտում ամենաքննարկվող թեմաներից է Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները: Այնտեղ ՔՊ-ն խզեց հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ՝ պարզաբանելով, թե համագործակցային կանոնները չեն պահպանվել, եւ ստվերային կառավարում է իրականացվել: Ի վերջո, ի՞նչ է կատարվել, եւ եթե կան չարաշահումներ, ինչո՞ւ այդ մասով դատախազություն չեք դիմում:
-Մեր մամուլի ասուլիսը տեղի է ունեցել, եւ, բացի դրանից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հայտարարությունը տարածել էր: Մենք ավելացնելու որեւէ բան չունենք, քանի որ ամեն ինչ ասված է եղել մամուլի ասուլիսի ժամանակ եւ նաեւ հաղորդագրության մեջ: Հստակ է ամեն ինչ գրված: Պարզ է, թե ինչու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խզել հուշագիրը: Այստեղ ցանկանում եմ երկու արձանագրում անել՝ առաջինը, որ մենք կառչած չենք մեր աթոռներից ու պաշտոններից: Մեզ համար իշխանությունն ինքնանպատակ չէ: Իշխանություն ունենալը մեզ համար աշխատանքի արդյունավետություն ապահովելն է: Այս պարագայում մենք գյումրեցիներին նախընտրական ծրագիր էինք ներկայացրել, որի համար էլ ստացել էինք նրանց քվեն: Դե յուրե հուշագրով մենք իշխանություն էինք, բայց հնարավորություն չունեինք այնտեղ իրագործել այն նախընտրական ծրագրերն ու խոստումները, որի համար գյումրեցիները մեզ քվե էին տվել: Եվ մենք, մեր ընտրողների հանդեպ արդար լինելով, խզել ենք հուշագիրը, եւ հիմա 11 մանդատով ավագանու անդամները կատարելու են իրենց վերապահված լիազորությունները:
-Շատ է խոսվում այն մասին, որ դուք պատրաստվում եք Ալավերդու սցենարը Գյումրիում կրկնել: Հիմա էլ, փաստորեն, ցանկանում եք հասնել Բալասանյանի հեռացմանը:
-Ալավերդու եւ Գյումրու իրավիճակը իրարից 180 աստիճան տարբեր են: Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եկել է իշխանության, իսկ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր»-ը հրաժարվել է իշխանությունից: Այսինքն՝ 180 աստիճան տարբեր պատկեր ունենք մենք Ալավերդիում: Եվ Ալավերդիում այլ խնդիր էր, մեկ ձայնի խնդիր էր, իսկ Գյումրիում 33 ավագանուց ՔՊ-ն ունի 11 ավագանի: Մեր օրակարգում չկա որեւիցե նման սցենար: Այն, ինչ բարձրացվել է, դա է իրողությունը: 33 ավագանու մեջ 11 ձայնով իմպիչմենտի հասնել հնարավոր չէ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ
Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանն այժմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասով գտնվում է խորը եւ շատ արդյունավետ բանակցությունների մեջ: Հակոբյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ այժմ գտնվում է խորը բանակցային գործընթացի մեջ՝ խաղաղության պայմանագրի մասով: Այսօր մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է եւ դրանից բխող քայլերի հաջողությունը: Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր հարթակները՝ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության, անվտանգության վերջնական հաստատումն անառարկելի իրականություն դարձնելու համար»,-ասաց Հակոբյանը:
Պատգամավորը միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ Հայաստանը չի կարող աչք փակել իր քաղաքացիների նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունների վրա, բոլոր հարթակներում խոսում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած տարբեր խախտումների մասին:
Պատգամավորը համակարծիք է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գնահատականի հետ, որ պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
«Այդ հնարավորությունները երկուստեք պայմանավորվածությունների արդյունքում են արտացոլվում: Ես կարծում եմ, որ այսօր կա փոխըմբռնում երկու երկրների միջեւ, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի: Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ մենք ունեցել ենք վերջին շրջանում: Հայաստանի Հանրապետությունը, արդեն տեւական ժամանակ իր օրակարգում խաղաղությունը որպես առաջնային դարձնելով, գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,- նշեց նա:
ՄՈՍԿՎԱՆ ԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ
Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու՝ Երեւանի եւ Բաքվի փոխադարձ ցանկությունը. այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը ողջունում է նաեւ գերիների փոխանակման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունը: Նրա խոսքով՝ դա հաշտեցման լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին համապատասխան։ «Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին, մենք ի սկզբանե ասել ենք՝ այդ ժամկետը պետք է որոշեն կողմերը։ Մոսկվան էլ իր հերթին պատրաստ է այսուհետ էլ աջակցել գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման գործում: Նման փաստաթուղթը կոչված է հուսալի հիմքեր ձեւավորելու տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության համար»,- ասել է Զախարովան։
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, Երեւանում բնակարանների գներն աճել են 13.7%-ով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։ Նա հավելեց, որ Երեւանում մեկ ամսվա ընթացքում բնակարանների գներն աճել են 2,7%-ով։ «Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գործարքներն աճել են 15 տոկոսով, իսկ 2022 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 18,8 տոկոսով։ Աճում է եւ՛ պահանջարկը, եւ՛ առաջարկը»,- նշեց Ավետիսյանը։